Հանդիպում Իրանահայ 30% վիրաւոր և ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ

Երկուշաբթի Մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային և Թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին Իրանահայ, 30% վիրաւոր և ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ:

Նրանց ուղեկցում էին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամներից՝ Արտուշ Իսկանդարեանը և Գուրգէն Քարամեանը:

Դպրոցի մուտքի մօտ, նրանց դիմաւորեցին Նայիրի դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին և փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանը:

Դպրոցի դասարաններից մէկը հատկացրել էին Սեմիկ Վարդանեանին, որտեղ նա զբաղւում էր գեղանկարչութեամբ ու ձեռքի աշխատանքներով: Այնտեղ աչքի էր ընկնում երկու մեծ գեղանկարչութիւններ (3×1.5 մետր չափերով), որոնցից մէկում նա նկարել էր գերութեան իսկ միւսում ազատութեան ժամանակաշրջանը: Այս երկու գեղանկարչութիւնները ներկաների բարձր հետաքրքրութեան և գնահատանքի պատճառ դարձան:

Ներկաների հարցերին պրն. Վարդանեանի տւած բացատրութիւններն աւելի շատ հետաքրքրութիւն առաջացրեց, այնպէս որ, Իրանի Իսլամական թանգարանի պատասխանատուները խոստացան ամէն ինչ անել, որպէսզի յեղափոխութեան թանգարանի սրահներից մէկում տեղ հատկացւի Սեմիկ Վարդանեանին, իր ստեղծած գեղանկարչութիւնների ցուցահանդէսը կազմակերպելու և ցուցդրելու և որպէս հայ ազատորդի ու պատերազմի վիրաւոր արւեստագէտ ներկայացւի հասարակութեան, որը անչափ ոգևորեց ու քաջալերեց պրն. Վարդանեանին:

Հարցին կը հետևի Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբը:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ