Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արաքի Ս. Մեսրոպ Եկեղեցու Անւանակոչութեան Տօնի Առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք

Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու օրացոյցին, թւականիս յունիսի 21-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Սահակայ եւ Մեսրոպայ։ Առ այդ, նախորդ տարիների նման, այս տարի եւս ըստ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդի կարգաւորումին, ուխտագնացութիւն եւ հովւական այցելութիւն տեղի ունեցաւ դէպի Արաք եւ Արաքի համայնքի սիրելի զաւակներին։

Թւականիս Ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

Սրբազան Հօրը ընկերակցում էին տեղւոյն քաղաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ տիրամայր՝ Սօնա Աշգարեանը։ Առաւօտեան ժամը 9։00-ին Սրբազան Հայրը ժամանեց Արաք, որտեղ քաղաքի հրապարակում դիմաւորւեց եկեղեցու եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների կողմից եւ ապա առաջնորդւեց եկեղեցի, որտեղ բակում կատարեց աղուհացի օրհնութիւն, եւ ողջունելուց յետոյ այնտեղ գտնւող հաւատացեալներին եւ մի քիչ զրուցելուց յետոյ՝ մուտք գործեց եկեղեցի կատարելու համար օրւայ ժամերգութիւնն ու ապա՝ հանդիսաւոր Սուրբ Պատարագը։

Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութիւնների յատուկ երգեցիկ խումբը ղեկավարութեամբ Տիկ. ՕՖիկ Մելիքեանի։ Ներկայ էին նաեւ Թեհրանից ու Հայաստանից ժամանած որոշ ուխտաւորներ, ինչպէս նաեւ Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական Խորհրդից ներկայացուցիչներ։

Սրբազան Հայրն օրւայ Աւետարանական Հատւածի Մատթէոսի 13-րդ գլխում «Սերմնացանի» առակի միջոցով վեր բերեց ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալի պատկերը, ով անհրաժեշտօրէն հարկ է, որ պարարտ հող լինի, որպէսզի ընդունելով իր մէջ սերմանւած Աստծու Խօսքը ըստ արժանւոյն արդիւնաբեր ու պտղաբեր դառնայ, ինչպէս առակում Քրիստոս է ասում մէկի փոխարէն 30, 60 եւ 100 արդիւնք տայ։ Նա խօսքն ուղղելով ներկաներին հրաւիրեց բոլորին, որ անկեղծութեամբ եւ հոգու պարտաւորութեամբ իւրաքանչիւր անձ ինքն իրեն քննի Աւետարանական ճշմարտութեան հայելու դիմաց եւ փորձի բացայայտել, թէ այնտեղ ներկայացւած չորս հողատարածքներից ո՞ր մէկին է պատկանում եւ ըստ այդմ ինքն իրեն սրբագրելով՝ շարունակի։ Նա գեղեցկօրէն օրւայ Աւետարանական հատւածի մէջ յիշւած արդիւնաբեր հողի օրինակին զուգորդելով, վեր բերեց Ս. Մեսրոպ Մաշտոց մեծ վարդապետի տիպարը, կեանքը եւ գործունէութիւնը, եւ յիշեցրեց, թէ ինչպէս նա ողջ Հայ ազգի համար եղաւ այն պարարտ հողը, ով արժանաւորապէս իր մէջ ընդունելով աստւածային խօսքի սերմը եւ ընդհանրական շահը գերադասելով իր անձնականից, անձնազոհ ու ինքնուրած կեաքնով Հայ ժողովրդի համար մէկի փոխարէն երեսուն, վաթսուն եւ հարիւր պտղաբերելով՝ կենսազարդեց Հայաստան աշխարհն ու Հայոց պատմութիւնը եւ անարգել ապահովագրեց հայու գոյերթը ընդդէմ գալիք հազարամեակների ձուլող ու ոչնչացնող հսկայ ու կործանարար ալիքների ու հոսանքների։

Նա մաղթեց եւ աղօթեց, որ իւրաքանչիւրը քաջ գիտակցելով իր կոչումին ու առաքելութեան, յաջողի իր մէջ սերմանւած Աստծու խօսքի սերմի առողջ ընկալումով, որպէս ատակ անօթ օգտագործւի եւ օրհնութիւն ու բարիք դառնայ թէ՛ իր ընտանիքին, թէ՛ իր եկեղեցուն, թէ՛ իր ընկերութեան եւ թէ՛ իր ազգին ու հայրենիքին։

Յաւարտ Ս. և անմահ պատարագին, տեղի ունեցաւ նաեւ հոոգեհանգստեան արարողութիւն, Արաքի համայնքի հին թէ նոր ննջեցեալների հոգիների հանգստի համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ բակում պտղասեղանի շուրջ համայնքի զաւակները, ներկաներն եւ ուխտաւորները բաւական երկար ու մտերմիկ զրոյց ունեցան, որից յետոյ եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնն ու տեղւոյն տիկնանց յանձնախումբը ճաշով հիւրասիրեց թէ Սրբազան Հօրը եւ թէ իրեն ընկերակցողներին, ուխտաւորներին ու երգեցիկ խմբի անդամներին։ Ընթացքին տեղի ունեցան սրտբաց խօսակցութիւն, մաղթանքներ ու կենաց բաժակաճառութիւն։ Այդ առիթով որպէս բաց բեմ շատ հաճելի մթնոլորտի մէջ կատարւեցին մեներգներ, խմբերգներ ու ասմունքներ, թէ՛ երգեցիկ խմբի անդամների կողմից եւ թէ Արաքի համայնքի զակաւների կողմից։

Երեկոյեան շուրջ ժամը 5։00-ին Սրբազան Հայրը կրկին անգամ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի շնորհաւորանքը, բարեմաղթութիւններն ու օրհնութիւնները փոխանցելուց եւ իր կարգին բարձր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնելուց յետոյ համայնքի պատասխանատուներին, իրենց յոյժ կարեւոր եւ ազգանւէր ծառայութեան ու պարտականութեան համար, հրաժեշտ տալով ներկաներին՝ վերադարձաւ Թեհրան։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ