Հայրապետական Մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի Ընտրութեան և Օծման առիթով

Կիրակի 1 Յուլիս 2018-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառի կաթողիկոսական ընտրութեան և օծման քսաներեքերորդ տարեդարձի և քահանայական ձեռնադրութեան ու օծման 50-ամեակի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց և այս առիթով իր պատգամը տւեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց օրւայ Աւետարանական հատւածից`«Հինգ հացի ու երկու ձկան բազմացում»-ի բացատրութեամբ, որի միջից դուրս բերեց Յիսուս Քրիստոսի անձի կարևորագոյն յատկանիշները, որոնք են՝ մարդասիրութիւնը, գթառատութիւնը և ինքնազոհ ու անշահախնդիր ծառայութիւնը ի խնդիր մարդու վերականգման, մխիթարութեան լուսաւորման, բժշկութեան և փրկութեան: Նա յիշեցրեց, թէ ինչպէս Քրիստոսը, բառի բուն իմաստով, իր կեանքն արժևորեց այն ծառայեցնելով ուրիշին, այլ խօսքով՝ ճշմարիտ ծառայութեան:

Նա խօսելով Արամ Ա. Վեհափառի մասին, առանձնացրեց նրա մէջ մեծ մարդու, արթուն հովւի, քաջ առաջնորդի, անվախ կաթողիկոսի, հզօր վաչագէտի, դիւանագէտի, քաղաքագէտի հաւատարիմ եկեղեցականի, անխարդախ հայրենասէրի, ճշմարտութիւն յստակովի, արդար դատի և իրաւունքի անխոնջ պաշտպանի, մեծ Աստւածաբանի և մեծ ծառայողի ու ծառայութեամբ իր կեանքն արժևորողի յատկանիշները, որոնցով մասնաւորւում է նա և որ միայն հպարտութեամբ և ուրախութեամբ է լցնում իւրաքանչիւր հայի սիրտն ու հոգին:

Ապա Սրբազան Հայրը ժողովրդին հրաւիրեց, որ սրտանց աղօթեն մեր զոյգ հայրապետների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառների համար, որպէսզի շարունակ աստւածային շնորքով, իմաստութեամբ, յոյսով և զօրութեամբ աշխատեն և Ս. Հոգով առաջնորդւեն ու իրենց կեանքն ի ծառայութիւն մատուցեն իրենց ժողովրդի, եկեղեցու և հայրենիքի համար:

Մեր հայ ժողովրդի զաւակները, որոնք ներկայ էին եկեղեցիներում կատարւող Ս. պատարագին և հայրապետական մաղթանքին, աղօթեցին մեր սիրեցեալ և քաջակորով հայրապետի կեանքի արևշատութեան, առողջութեան համար, որպէսզի մեր կաթողիկոսութիւնն իբրև Աստծոյ և մեր ժողովրդի սպասաւոր կարողանայ իր նւիրական առաքելութիւնը շարունակի այս աշխարհում: