ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻ ՄԷՋ ԸՆԹԱՑՔ ԱՌԱՒ ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՔԱՌՕՐԵԱՅ ԺՈՂՈՎԸ

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, կիրակի, 1 Յուլիս 2018-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութեան քառօրեայ ժողովի բացումը։

Վեհափառ Հայրապետը բացման նիստին դասախօսեց միջ-եկեղեցական շարժումի մէջ իր ունեցած փորձառութիւններից եւ ներկայիս նրա դիմագրաւած մարտահրաւէրների մասին։ Նորին Սրբութիւնը ընդգծեց, որ միջ-եկեղեցական շարժումը թէ՛ տեղական եւ թէ համաշխարհային մակարդակի վրայ գործունէութիւն ունեցող իրողութիւն է, որ սոսկ ժողովների ու ակադեմական ոլորտին չի պատկանի, այլ նաեւ կարեւոր դերակատարութիւն ունի ժողովուրդի կեանքի մէջ։ Հայրապետը ապա չորս կէտերի մէջ ամփոփեց միջ-եկեղեցական շարժումի յատկանշական երեսները, որոնք Աւետարանական արժէքները կը փորձեն կենսագործել տարբեր միջոցներով։ Նա յայտնեց, որ միջ-եկեղեցական շարժումը կը յիշեցնէ, որ բոլորս էլ կը պատկանենք մէկ Աստուծու եւ թէ բոլոր տարբերութիւնները կը վերանան Քրիստոսի հովանու ներքոյ։

Ապա, Նորին Սրբութիւնը մանրամասն անդրադարձաւ միջ-եկեղեցական աշխարհի մարտահրաւէրներին, որոնք յառաջ կը գան ընկերային, մշակութային ու քաղաքական վիճակներից, եւ եզրափակեց իր խօսքը՝ նշելով, որ միջ-եկեղեցական շարժումը չի կարող գոյատեւել առանց տեսլականի, որ կը կայանայ եկեղեցիների միասնութեան մէջ։

Դասախօսութեան աւարտին տեղի ունեցաւ քննարկում, որի ընթացքին ժողովականները առիթ ունեցան իրենց հարցումները ուղղելու Վեհափառ Հայրապետին։

Նշենք, որ Իրանի հայոց եկեղեցին անդամ է Ասիայի Եկեղեցիների Խորհուրդին, որի կենտրոնատեղին կը գտնւի Ջհանկ Մայի - Թայլանտ և յիշեալ խորհրդի անդամ է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք Սարգսեանը, ներկայացնելով միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը։

Յայտնենք նաեւ, որ ժողովի բացման նիստին իրենց բարի գալուստի խօսքերը արտասանեցին Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի ատենապետ՝ Տիանա Թանան, Խորհուրդի ընդահանուր քարտուղար՝ Դոկտ. Մաթիու Ճորճ Չունագարան, իսկ ժողովին ներկայ էին Խորհրդի Գործադիր Վարչութեան աւելի քան 20 անդամները, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդի ընդհանուր քարտուղար՝ Դոկտ. Սուրայյա Պաշաալանին եւ Իրանից Մշակոյթի ու Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ դոկտ. Մոհամմէդ Մահդի Թասխիրին և նոյն հաստատութեան փորձագէտ քարտուղար՝ տկն. Զահրա Ռաշիդբէյգին: