Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ ազատորդիներին մեծարելու նպատակով օգոստոսի 14-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանում «Շաֆաղ» մշակութային կենտրոնում:
Միջոցառումը նախաձեռնել էր Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանը, համագործակցութեամբ Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած 8-ամեայ պարտադրեալ պատերազմի արժէքները պահպանող յանձնախմբի: Իրանի պետական հիմնով մեկնարկեց միջոցառումը, որը կատարեց բանակի նւագախումը, ապա Տէրունական աղօթքը հնչեցրին Օֆիկ Մելիքեանը եւ Զօրիկ Ֆարհադեանը: Ընթացքում եղան արտայայտութիւններ, մեծարանք եւ գրքի շնորհանդէս:
Իրանահայ համայնքի անվերապահ ներդրումների եւ հայ նահատակների, զինւորների եւ ազատորդիների սխրագործութիւնների մասին արտայայտւեց Թեհրանի ուրբաթօրեայ աղօթքի քարոզների ժամանակաւոր պետ՝ հոջ. Սէյէդ Մոհամմադ Հասան Աբութորաբիֆարդը: Նա գնահատանքով արտայայտւեց պատերազմի տարիներին 30 հայ ազատորդիների անձնուրացութեան մասին եւ կարեւորեց պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի համայն ժողովրդի միասնականութիւնը: Միջոցառմանը Իրանի բանակի համադրութիւնների հարցով տեղակալ եւ շտաբի պետ՝ ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին գնահատելով իրանահայութեան կատարած ներդրումները, ընդգծեց, որ պատերազմի տարիներին իրանահայութիւնը առանց տատանւելու եւ խիզախաբար ասպարէզ իջնելով չխնայեց ոչինչ:
Ընթացքում Թ. Հ. թեմի անունից արտայայտւեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, ընդգծելով, որ իրանահայութիւնը, միշտ իր կարելին է իրականացրել Իրանի վերելքի ճամբին եւ հողային ամբողջականութիւնը պահպանելու նպատակով:
Օրւայ առիթով ներկաներին ողջոյնի խօսք ասաց 6-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Դեհդարիփուրը: Ապա մեծարւեցին 15 հայ ազատորդիներ: Ընթացքում ցուցադրւեց հայ ազատորդիների Իրան վերադառնալու մասին տեսաֆիլմ, որը պատրաստւել է Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ:
Ընթացքում հայ ազատորդիներից Բագրատ Քեշիշ Աբնուսին, նաեւ իրանցի մէկ այլ ազատորդի ներկայացրին իրենց գերութեան տարիներից յուշեր: Մեծարանքի երեկոն զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով:
Լուրը՝ «Ալիք»-ից