Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը

Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ, Առաջին Հանրապերութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախագահ՝ Ռոբերտ Բեգլարեանը, որպէս օրւայ բանախօս ելոյթ ունենալով, կարեւորեց նման հատորների հրատարակումը Հայաստանի Ա Հանրապետութեան հարիւրամեակին, որով հնարաւոր է ժողովրդի սեփականութիւնը համարւող պատմութիւնից նորովի դասեր քաղել: Նա բովանդակութեան մասին նշումներ կատարելով անդրադարձաւ հայ ժողովրդի պատմութեան, ի մասնաւորի միջնադարեան, համառօտ հանրագիտարանի դերում երեւացող հատորներին:

Սրբազան Հայրն իր օրհնանքի խօսքն ուղղելով ներկաներին, կարեւորեց «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի հրատարակման փաստը, միաժամանակ այն մեկնաբանելով որպէս հայ ժողովրդի պատմութեան ամփոփ պատկերը: «Սա մեր ժողովրդի ամփոփ պատմութիւնն է, բայց արժէքը նրա մէջ է, որ այդ պատմութիւնը տւեալ ժողովրդի կենսագրութիւնն է հանդիսանում. ի վերջոյ պատմութիւնն ինչ է, եթէ ոչ ժողովրդի ինքնակենսագրութիւնը»,- յաւելեց Սրբազան Հայրը:

Օրւայ հանդիսավար՝ Արտոյտ Զոհրաբեանը ներկայացնելով գրքի մասին կազմւած մի գրախօսական, անդրադարձաւ նաեւ հատորների մեկենասներին: Նա յաւելելով, որ հատորները լոյս են տեսել Հայաստանի Ա Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան հաստատման հարիւրամեակի առիթով նշեց, որ հատորներից մէկը հրատարակւել է Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մեկենասութեամբ՝ Լիսբոնի տղաների յիշատակին, իսկ միւսը Հարմիկ Մահմուդեանի տրամադրած միջոցներով՝ իր վաղամեռիկ կնոջ՝ Ռիտա Իսաղուլեանի եւ իր ծնողների յիշատակին:

Ծրագրի գեղարւեստական բաժինը վստահւած էր Թենի եւ Թեմա Յակոբեաններին, որոնց կատարմամբ հնչեց «Երեւան դարձած» եւ «Հայաստան» համարները:

Յիշեցնենք, որ հասարակայնութեան հետ ձեռնարկին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ՊԺ-ի ներկայացուցիչները, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը՝ դեսպանութեան անձնակազմի ընկերակցութեամբ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդը, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդը, Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից