ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ճրագալոյցի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տօնակատարութիւնները Թեհրանուն

Ամանորի առիթով ուրախ եւ նորայոյս բարեմաղթութիւնների փոխանակումները տակաւին չաւարտած, ահա մեր ժողովրդի զաւակները կրկին անգամ ցնծութեամբ եւ ուրախութեամբ պատրաստւում էին աւելի մեծ եւ սքանչելի մի Խորհուրդի յիշատակումը տօնախմբելու:

Դա այնպիսի մի Խորհուրդ է, որը թէեւ վեր էր մնում մարդկային մտքի ամէն հասողութիւնից եւ անթափանցելի ու անհասանելի էր մնում իր էութեամբ, սակայն աստւածային սիրոյ որպէս գերագոյն արտայայտութիւն, նա մեզ համար շօշափելի ու մատչելի դարձաւ իր պարզագոյն եւ ամենախոցելի իսկ վիճակում:

Դա, Անմերձենալի լոյսի մէջ բնակւողին եւ լոյսի, կեանքի ու տիեզերքի Արարչին՝ նախայաւիտեան Աստւածորդու Յիսուս Քրիստոսի ծննդեան եւ աստւածայայտնութեան տօնն է, որի աւետումը խոնարհ հովիւներին յայտնւում էր երկնառաք հրեշտակի կողմից, եւ որ մեր շարականագիր սուրբ Հայրերը շարականի ոգով ներկայացնելով՝ երգում էին, ասելով. «Խորհուրդ Մեծ եւ սքանչելի, որ յայսմ  աւուր յայտնեցաւ. հովիւքն երգեն ընդ հրեշտակս, տան աւետիս աշխարհի»:

Այո՛, Տիեզերաստեղծ Աստւածորդին այդ օր, որպէս Մարդու Որդի էր ծնւում. թագաւորների Թագաւորը իր Քերովբէական գահից խոնարհած, որպէս ծառայ խանձարուրով փաթաթւած՝ անբան անասունների մսուրում էր դրւում, Բէթլեհէմի քարայրում: Հարուստը աղքատանում էր, Անմարմինը մարմին էր զգենում, Անմահ էութիւնը մահկանացու բնութիւնն էր հագնում, բոլորի Հայթայթողը, ի՛նք կարիքաւոր էր դառնում, ամէնքի Սնուցանողը, ի՛նք կուսական կաթով էր սնւում եւ Անպարագրելին՝ մահկանացու գրկում էր սեղմւում եւ անժամանակն ու անհպելին ժամանակի մէջ էր մտնում ու բնութեան օրէնքին էր ենթարկւում՝ որպէսզի քեզ եւ ինձ եւ մեզ բոլորս իր մարդեղութեամբն ու աստւածային փրկագործական ծրագրի կատարումովը, որը յարմար ժամանակին խաչի վրայ իր կենդանի զոհագործումովն էր իրականացնելու, մեզ վերականգնի, վերանորոգի, բարձրացնի, իմացապէս եւ հոգեպէս լուսաւորի, մեղքի ու մահւան ստրկութիւնից ու դատապարտութիւնից ազատագրի ու փրկի եւ որդեգրութեան շնորհքին արժանացնելով՝ մեզ երկնաւոր Հօր գրկում հանգչեցնի: Սա էր այն խորհուրդը, որ մեծ եւ սքանչելի է կոչւում:

Թւականիս երեքշաբթի 5 յունւար երեկոյեան եւ չորեքշաբթի 6 յունւար առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ եւ մատուցւեցին սուրբ եւ անմահ պատարագներ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի եւ Աստւածայայտնութեան տօների առիթով: 

Երեքշաբթի 5 յունւար երեկոյեան ժամը 4:00-ին տեղի ունեցաւ Ճրագալոյցի յատուկ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մեր եկեղեցու ամենագեղեցիկ ծիսական աւանդութիւններից մին՝ ընթերցւածների մատուցումը, ինչը Հին Կտակարանեան զանազան մարգարէութիւններից քաղւած եղանակաւոր կամ թիւ ընթերցումներ են, որոնք կանխագուշակումներն են դարեր առաջ Աստծու խոստումներին, որոնք վերաբերում են խոստացեալ ազատարար Մեսիային, Յիսուս Քրիստոսի ծննդեան եւ մարդեղութեան: Ժամերգութեան աւարտին սարկաւագի «Օրհնե՜ա Տէ՜ր» երգակցութեամբ բացւեց խորանի փակ վարագոյրը եւ անմիջապէս սկսւեց Ճրագալոյցի Ս. Ծննդեան պատարագը:

Այս ուրախ առիթով Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Իսկ Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ օրւայ առիթով քարոզեց, տօնական այս ուրախ օրերին մեզ հետ լինելու եւ արարողութիւններին մասնակցելու հիւրաբար հրաւիրւած Լիբանանի նախկին Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գեղամ Ս. Արք. Խաչերեանը:

Սրբոց Վարդանանց եկեղեցում արարողութեան մասնակցեց, պատարագեց եւ քարոզեց Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար. Ս. եպս. Աշգարեանը:

Ճրագալոյցի պատարագի աւարտին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան նախատօնակի աւանդական ընթրիքը կազմակերպութեամբ տեղւոյն եկեղեցու եկեղեցական խորհրդին: Ընթրիքի պահը շատ մտերմիկ ու ընտանեկան մթնոլորտում ընթացաւ, ուր Սրբազան հայրերի հետ միասին համախմբւել էին համանուն եկեղեցու քահանայ հայրերը, սարկաւագներն ու դպիրները, եկեղեցական խորհրդի, երգեցիկ խմբի եւ եկեղեցու շրջափակում գործող բոլոր միաւորների անդամները: Խորհրդի ատենապետուհի՝ տիկ. Սեդա Խաչատրեանի կողմից արտասանւեց բարի գալստեան խօսք, տեղի ունեցան ասմունքներ ու երգեր ե՛ւ խմբային ե՛ւ միայնակ, կատարւեց բաժակաճառութիւն, փոխանակւեցին բարեմաղթութիւններ եւ խօսքեր եւ աւարտին էլ Առաջնորդ Սրբազան Հայրը հրաւիրւեց, որպէսզի իր հայրական խօսքը փոխանցի այդ ուրախ առիթով:   

Չորեքշաբթի 6 յունւար առաւօտեան բոլոր եկեղեցիներուն տեղի ունեցաւ Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան պատարագը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց, քարոզեց եւ ջրօրհնէքի արարողութիւնը կատարեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը՝

 Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ Գերշ. Տ. Գեղամ Ս. Արք. Խաչերեանը 

իսկ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը: 

Քարոզի եւ հաղորդութեան բաշխումից յետոյ, ս. բեմի վրայ կատարւեց Քրիստոսի Ս. Մկրտութիւնը խորհրդանշող աւանդական ջրօրհնէքը, որը կոչւում է նաեւ աստւածայայտնութիւն, որովհետեւ Յիսուսի Յորդանան գետում մկրտութեան պահին էր, որ առաջին անգամ յստակօրէն յայտնւեց Աստւած իր Ս. Երրորդութեամբ (Հայրը երկինքէն վկայելով Որդու մասին, Որդին մարդեղացեալ յորդանան գետին մէջ իսկ Ս. Հոգին էլ՝ աղաւնակերպ յայտնւելով ու հանգչելով Յիսուսի ուսերի վրայ) որտեղ դրւել էր ջրի կաթսան: 

Եկեղեցու աջակողմեան բաժնից թափօրով Միւռոնաթափ աղաւնին բերւեց դէպի խորան եւ տրւեց Պատարագիչ Սրբազան Հօրը. ընթացքին կատարւեցին օրւայ խորհրդին առնչւած Աստւածաշնչական ընթերցումները, երգւեցին հոգեթով ու իմաստալից շարականներն ու երգերը, ինչպէս՝ «Լոյս ի լուսոյ», «Ո՜վ զարմանալի», «Այսօր ձայնն Հայրական», «Ամէն Ալէլուիա» եւ «Առաքելոյ Աղաւնոյ»: Սրբազան Հայրը այդ առիթով ընթերցեց Մեծն Ս. Բարսեղ Հայրապետի ջրի օրհնութեան աղօթքը եւ ապա «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ միւռոնաթափ Աղաւնու միջոցով երեք հանգրւաններով սրբալոյս միւռոնը հոսեցրեց ջրի կաթսայի մէջ եւ Ս. Հոգու ներգործութեամբ օրհնեց եւ նւիրագործեց ջուրը, որի աւարտին մեր ժողովրդի բազմահազար հաւատացեալ զաւակները, որոնք իրենց հաւատքի ու սիրոյ մղումով եկած՝ լցրեր էին մեր եկեղեցիներն ու բակերը, երկիւղով եւ մեծ յոյսով մօտենալով՝ իրենց հետ տարան օրհնւած ջուրը, որպէսզի Ս. Հաղորդութեան կողքին նաեւ դրանով օրհնւեն, պաշտպանւեն, բժշկւեն, հոգեկան խաղաղութիւն գտնեն, սրբւեն ու մաքրւեն թէ՛ իրենք, թէ՛ իրենց պարագաները եւ թէ իրենց բնակարանները: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագին ներկայ էր նաեւ Ռուսիոյ Դաշնութեամ դեսպան՝ Պրն. Լեւոն Ճաղալեանը:

Պատարագից անմիջապէս յետոյ առաջնորդարանի դահլիճում Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց Ծննդեան շնորհաւորանքները: Պատասխանատու անձանց եւ շնորհաւորողների ցանկում ներկայ էին Հայաստանի դեսպանատան անձնակազմն ու Թեհրանի 6րդ շրջանի փոխ քաղաքապետն ու իր գործընկերները: Իսկ երեկոյեան շնորհաւորողներից էր նաեւ լիբանանի Դեսպանը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com