Ղողանջեց Սասուն մանկապարտէզի 35 ամեակի զանգը

Երկուշաբթի սեպտեմբերի 24-ին, ղողանջեց Սասուն ազգային մանկապարտէզի հիմնադրման 35 ամեակի «Առաջին զանգ»-ը Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ:

Այս տարի լրանում է մանկապարտէզի հիմնադրման 35 ամեակը և որպէս սկիզբ «Առաջին զանգ»-ը հնչեցւեց Սրբազան հօր միջոցով:

Բակում աշակերտներն իրենց ծնողների հետ միասին, ողջունեցին Սրբազան հօրը, արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանին, Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեան և Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալ և պրն. Սաքօ Ազիզեանին:

Տէրունական աղօթքից յետոյ , բոլորը տեղափոխւեցին սրահ, ուր սկսւեց բեմային ծրագիրը:

Նախ մանկապարտէզի Տնօրէն՝ տկն.Մադլէն Քեշիշեանն իր ողջոյնի և բարի գալստեան խօսքը ուղղեց ներկաներին նշելով՝ «Այսօր հնչեց առաջին զանգը, որը սրանից 35 տարիներ առաջ հնչել էր ու իր գիրկն էր առել Սասուն քաղաքամասի բալիկներին, վստահ ենք այս զանգի ղողանջը դեռ երկար տարիներ պէտք է մանկապարտէզ կանչի սաներին, դաստիարակելու հայ քրիստոնեայ զաւակներ»:

Աշակերտական խօսքը արտասանեց նախակրթարանի սան՝ Ալւինա Միրզախանեանը:
«Նոր է եկել մանկապարտէզ» պիէսը բեմադրւեց մի շարք ծնողների և բալիկների միջոցով, տկն. Վիոլետ Այւազեանի մասնակցութեամբ:

Մոնթէ Յարութիւնեանն արտասանեց «Հայաստան» բանաստեղծութիւնը:

Վերջում Գերշ. Սրբազան հայրը իր ողջոյնի և բարի գալստեան խօսքը ուղղեց ներկաներին, նշելով՝ «Մանկապատէզը Ս. Մեսրոպ Մաշտոցի տունն է, որ բալիկները սովորում են հայոց տառերը, նաև Յիսուս Քրիստոսի տունը, որը հաւատք և սէր է սովորեցնում Սասունի բալիկները պէտք է լինեն Սասունցիների պէս, քաջ ու պահանջկոտ»:

Այսպիսով բացւած համարւեց մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակը և ուսումնական նոր տարեշրջանը:

«Սասուն մանկապարտէզի մեծ ընտանիք, շնորհաւոր 35-ամեակդ»

Սասուն ազգ. մանկապարտէզ