Թէյասեղան «Հայ Գրքի» 16-րդ Ցուցահանդէսի Կապակցութեամբ

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ և Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, երեքշաբթի նոյեմբերի 13-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլեան» սրահում, «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսի կապակցութեամբ տեղի ունեցաւ թէյասեղան:

Թէյասեղանին ներկայ էին Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և առաջնորդի Օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Արժ. Տ. Գրիգորիս Քհն. Ներսեսեանն ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անդամները և ցուցահանդէսի բացման գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցող խմբեր, անհատներ և 10 օրւայ ընթացքում ներկայ եղող հրատարակչութիւնների պատասխանատուներբ ու օժանդակող մարմինը ։

Ծրագրի սկզբում բարեգալստի խօսքով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ օր՝. Անի Մանուկեանը և իր շնորհակալական խօսքը ուղղեց ներկաներին։

Համեստ ընդունելութեան ընթացքին և մտերմիկ մթնոլորտում եղաւ առաջարկներ և մտքերի փոխանակում ։

Գեղեցիկ երգերով հանդէս եկաւ դպրաց դասը, որոնցից էին «Եկեղեցին հայկական», «Կիլիկիա» և «Նոր ծաղիկ» երգերը, եղան ասմունքողներ ինչպէս Տկն. Արփի Ալլավերդեանը՝ «Հաշւէհարդար» և Թենի Աղաբաբաեանը՝ «Անի» ասմունքներով, իսկ զուգերգով հանդէս եկան Էլենի Առաքելեանն ու Վարանդ Զոհրաբեանը՝ «Մարտում» երգով և «Իմ փոքրիկ Հայաստան»-ը մեներգեց Էլենի Առաքելեանը։

Սկզբում Մեղրիկ Սրբազան հայրն իր խօսքերով կարևորեց քրիստոնէական դաստիարակութեան աշխատանքներում գոհունակութեան զգացումը և ընթերցանութեան ու մտքի զարգացման կապը, ապա Առաջնորդ Սրբազան հայրը բացատրեց մատաղ սերնդի և պատանիների համար հայ գրքի կարևորութիւնը հոգևոր սնունդ ստանալու համար, որով արժէքաւորեց հայ գիրքը։

Ծրագրի աւարտին հիւրերը նւէր ստացան «Յովհաննէս առաքեալի երեք ընդհանրական նամակներ» գիրքը, իսկ սաները՝ «Պատանիների Աստւածաշունչ» գիրքը։

Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբ