ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Հինգշաբթի 13 դեկտեմբեր 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանցի մի խումբ քրիստոնեայ իսլամ մտաւորականներ դոկտ. Իմատ Ռըզըք՝ տնօրէն ուսումնասիրութիւնների խորհրդատւական կենտրոնի, Ֆատի Բուտիէ գլխաւոր խմբագիր Մըրայա պարբերաթերթի, Էլիաս մըրր փոխ նախագահ Արեւելքցի-Էլ Մաշրէք կուսակցութեան եւ երկրաչափ Ամմար Ապու Լապատէ, որոնք պատկան մարմինների համագործակցութեամբ գտնւում են Թեհրան եւ որոնց հիմնական նպատակը ճիշտ կերպով ներկայացնելն է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներն ու վերաբերմունքը այն հարցերի նկատմամբ, որոնք կապւած են տարածաշրջանի երկրների, ժողովուրդների եւ իսլամ-քրիստոնեայ համայնքների համատեղ գոյակցութեան։

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց իրենց մտադրութիւնը եւ յաջողութիւն մաղթեց նրանց իրենց առաքելութեան մէջ։

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու նաեւ հայութեան եւ յատկապէս Իրանում, Սիրիայում եւ Լիբանանում ապրող հայ համայնքի եւ նրա դրական դերակատարութեան մասին իրենց բնակւած երկրներում։