Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Ս. ԾՆՈՒՆԴԸ ՅՈՒՆՒԱՐ 6-ԻՆ, ԹԷ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ 25-ԻՆ

Թէ Ինչո՞ւ Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը Յունւար 6-ին է տօնում. մինչդեռ մնացեալ Քրիստոնէական բոլոր Եկեղեցիները, լինեն արեւելքում կամ՝ արեւմուտքում, Սուրբ Ծնունդը տօնում են Դեկտեմբեր 25-ին:

Ընդհանրական Եկեղեցու աւանդութեան համաձայն, առաջին դարում, քրիստոնեաները յիշատակելի գլխաւոր միակ մի տօն ունէին, այդ էլ Յիսուսի Յարութեան դէպքն էր: Աւելի ուշ, 2-րդ դարում, մի օրւայ մէջ սկսան տօնւել Գաբրիէլ հրեշտակի կողմից Ս. Կոյսին Աւետումը, Յիսուսի Ծնունդը, երեք մոգերի երկրպագութիւնը, Յորդանան գետում մկրտութիւնը, եւ Յիսուսի առաջին հրաշքը՝ Կանայի հարսանիքը: Այս բոլոր տօներին, Սուրբ Բարսեղ Կեսարացի (330-379) Հայրապետի կողմից տրւեց մէկ անուն «Աստւածայայտնութիւն» եւ նրան որպէս թւական որոշւեց Յունւար 6-ը։
Այս մի պարզ ենթադրութիւն չէ, այլ՝ պատմական իրողութիւն։ Այս առիթով յիշում ենք մի քանի վկայութիւններ.-

1.- Առաքելական 34 կանոնների 7-րդի մէջ կարդում ենք հետեւեալը. «Առաքեալները կարգեցին եւ հաստատեցին, որ Փրկչի Ծննդեան եւ Յայտնութեան տօնը կատարւի Յունւարի 6-ին. մեծ տօնախմութեամբ եւ ցնծութեամբ պէտք է տօնւի այս տօնը»։

2.- Սուրբ Գրիգոր Աստւածաբան Նազիանզացի (329-389) Հայրապետի 30 կանոններից 3-րդում կարդում ենք հետեւեալը. «Եւ ոմանք փոխել ուզելով Ս. Ծնունդի Առաքելական Կնիքը, հաստատուն չմնացին Առաքելաւանդ կանոնների վրայ, որոնք եկեղեցուն գրաւոր աւանդւած են, այսինքն մեր Փրկչի Ծննդեան եւ Յայտնութեան յիշատակը նոյն օրը տօնել, Յունւար 6-ին»։

3.- Սուրբ Կղեմես Աղեքսանդրացի (150-215) Հայրապետն իր կանոնների մէջ ասում է. «Ս. Առաքեալներն իրենց Տիրոջ Ծննդեան օրը Յունւար 6-ին հաստատեցին»:

4.- Սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373) իր Ծննդեան ճառի մէջ յիշատակում է, թէ նրա ժամանակաշրջանին, Միջագետքում Ս. Ծննդեան եւ Յայտնութեան տօնը յիշատակում էին Յունւար 6-ին:

5.- Սուրբ Յովհան Ոսկեբերան Հայրապետ, (344/354-407), 386-ին Անտիոքում խօսած իր մէկ քարոզի մէջ ասում է. «Հազիւ տասը տարի է եղել, որ Ծննդեան տօնը նոր թւականով ենք տօնում, Դեկտեմբեր 25-ին»:



Եկեղեցական հայրերի այս վկայութիւններից անկախ, կայ նաեւ տոմարական հաշիւների տեղեկութիւնը, որ Յիսուսի Ծնունդը Յունւար 6-ին է դնում:

Փաստարկումի այս ձեւը գտնում ենք, 7-րդ դարի մեր նշանաւոր թւաբանագէտ՝ Անանիա Շիրակացու (610-685) կողմից Ս. Ծնունդի մասին գրած ճառի մէջ:

Անանիա Շիրակացին փաստարկումին մեկնակէտ է վերցնում Յովհաննէս Մկրտչի հայր՝ Զաքարիա Քահանայի պապանձումը: Հրեաներն ամէն տարւայ 7-րդ ամսւայ 17-րդ օրը տօնախմբում էին Քաւութեան եւ Տաղաւարահարաց զոյգ տօները, որոնք երկուսով միասին տեւում էին 12 օր: Ամիսների հաշւով, այս տօնի սկզբնաւորութեան թւականը Սեպտեմբեր 27-ն է: Քաւութեան այս տօնին է, որ քահանայապետը տարին մի անգամ «Սրբութիւն Սրբոց» էր մտնում խորանին խնկարկելու համար (Ղկ 1.8-9):

Զաքարիան, իբրեւ քահանայ, երբ տաճար է մտնում խնկարկելու, Աստուծոյ հրեշտակը նրան երեւում ու ասում է. «Մի՛ վա¬խե¬նայ, Զա¬քար¬ի¬ա՛, Աստ¬ւած լսեց քո աղօթ¬քը: Կինդ՝ Եղի¬սա¬բէ¬թը, մի արու զա¬ւակ կը ծնի քեզ, եւ նրա անու¬նը Յով¬հան¬նէս կը դնես» (Ղկ 1.13) Երբ Զաքարիան այդ խոստումի հաւատալու համար փաստ է ուզում, հրեշտակը պապանձեցնում է նրան, մինչեւ խոստումի կատարումը: Զաքարիան տաճարից դուրս գալուց յետոյ, հրէական օրէնքի համաձայն շատ բնական էր, որ իրեն սպասող ժողովուրդի հետ տօնախմբութեան մասնակցէր. ուրեմն ճիշտ պիտի չլինի ասել, որ Զաքարիան տաճարից դուրս գալուց յետոյ, ուղղակի տուն գնաց եւ Եղիսաբէթը, տեսիլքին օրը (Սեպտեմբեր 27-ին) յղացաւ, այլ՝ ինչպէս որ Աւետարանը ասում է, «Երբ Զա¬քար¬իա¬յի պաշ¬տօ¬նա¬վա¬րու¬թեան օրե¬րը լրա¬ցան, նա գնաց իր տուն» (Ղկ. 1.23):

Այս հաշւով, եթէ Եղիսաբէթի յղացումը 12 օր յետոյ է, ուրեմն Սեպտեմբեր 27-ի վրայ 12 օր աւելցնելով (զոյգ տօների օրերի հաշիւը) կը հասնենք Հոկտեմբեր 9-ին: Եղիսաբէթի յղացումից վեց ամիսներ յետոյ, Գաբրիէլ հրեշտակը Ս. Կոյս Մարիամին աւետում է, որ մի զաւակ պիտի ծնանի (Ղկ 1.26-31): Ուրեմն, Հոկտեմբեր 9-ից յետոյ 6 ամիսներ հաշւելով՝ կ՛ունենանք Ապրիլ 7-ը, Ս. Կոյսի Աւետման օրը, եւ այդ թւից յետոյ՝ ինը ամիս ծննդաբերութեան շրջանը հաշւելով, 267 օր, կ՛ունենանք Յունւար 6-ը, որպէս Փրկչի ծննդեան օրը:
* * *
Յիսուսի ծննդեան թւականը Յունւար 6-ին հաստատելուց յետոյ, քառասուն օր հաշւելով Եկեղեցու հայրերը Փետրւար 14-ին հաստատում են նաեւ Յիսուսի քառասնօրեայ տաճար ընծայումը՝ Տեառնընդառաջը։ Իսկ «Աստւածայայտնութեան Տօն» ասելով, Եկեղեցին տօնում է Յիսուսի Ծնունդն ու Մկրտութիւնը, որովհետեւ Յիսուս իբրեւ Աստւած եւ Փրկիչ յայտնւեցաւ մարդկանց:


Հետեւաբար ինչպէ՞ս պատահեց, որ Դեկտեմբեր 25-ը դարձաւ տօն Յիսուսի Ծննդեան:

Ս. Ծնունդը Դեկտեմբեր 25-ին սկսաւ տօնւել հետեւեալ գլխաւոր երկու պատճառներով.-

1.- Հեթանոս ժողովուրդների մօտ, մանաւանդ արեւելեան եւ արեւմտեան կրօնների մէջ, արեւի աստւածը՝ Միթրան մեծ ժողովրդականութիւն եւ յարգանք էր վայելում եւ Հռոմէական Կայսրութեան սահմաններում, Դեկտեմբեր 25-ին ժողովրդական մեծահանդէս տօնախմբութեամբ էր նշւում «անյաղթելի արեւ աստուծոյ տարեդարձ»-ը։ Ասում էին «Տարեդարձ»-ը, որովհետեւ այս տօնը տօնում էին ձմրան արեւադարձին (գիշերահաւասար), երբ ցերեկը սկսում է երկարել եւ գիշերը կարճանալ. ուստի այդ օրը նկատում էին արեւի ծննդեան օր: Այս տօնի ժողովրդականութիւնը զօրացաւ Հռոմէական Կայսրութեան տարածքում, երբ 25 դեկտեմբեր 274-ին, Հռոմի Կայսր՝ Աւրելիոսը (IMPERATOR CAESAR LVCIVS DOMITIVS, AVRELIANVS AVGVSTVS 214/215-275) արեւի աստւածը հռչակեց կայսրութեան պաշտպան աստւած եւ նրա համար փառաւոր մի տաճար կառուցեց:
Այդ օրերին, Եկեղեցու հայրերը մեծ ճիգ թափեցին, Դեկտեմբեր 25-ի այս տօնախմբութիւնը մոռացնել տալու քրիստոնեաներին. չյաջողեցին: Քրիստոնեաները շարունակեցին մասնակցել այս խանդավառ տօնախմբութեան։ Եկեղեցու հայրերը, մասնաւորաբար Հռոմի Լատին Եկեղեցին, որպէսզի յաջողեն այս տօնը խափանել, 25 Դեկտեմբեր, 336-ին, արեւ աստուծու տօնախմբութիւնը յայտարարեցին «Արդարութեան արեւի տարեդարձ»-ի օր, Քրիստոսը ներկայացնելով իբրեւ ճշմարիտ եւ յաւիտենական լոյսը մարդկութեան:

2.- Պաղեստինում քրիստոնեաները Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը նոյն օրը, Յունւար 6-ին էին տօնում. Ծննդեան յիշատակը՝ Բեթղեհէմի մէջ, իսկ Աստւածայայտնութիւնը, այսինքն Մկրտութիւնը՝ Յորդանան Գետի եզերքը։ Այդ օրերի պայմաններում, յոգնեցուցիչ էր նո՛յն օրւայ մէջ այս երկու տօները իրարից հեռու երկու տարբեր վայրերում տօնել: Երբ Հռոմի Եկեղեցին Յիսուսի Ծնունդը Դեկտեմբեր 25-ին փոխադրեց, Պաղեստինի քրիստոնեաների համար աւելի նպաստաւոր եղաւ, որով դիւրութեամբ սկսան Ս. Ծնունդը Բեթղեհէմի մէջ տօնել Դեկտեմբեր 25-ին եւ 13 օրեր յետոյ, Յունւար 6-ին, Յորդանան գետ գնալով Մկրտութիւնը տօնել:

Այսպէս, 4-րդ դարում հաստատւած Դեկտեմբեր 25-ի Ս. Ծննդեան տօնակատարութիւնը կամաց-կամաց սկսեց տարածւել եւ գործադրւել բոլոր եկեղեցիների կողմից, մասնաւորաբար 380 թւականից յետոյ: Որովհետեւ 380-ից առաջ յիշատակութիւններ կան, թէ՝ Անտիոքի, Կ. Պոլսի, Կապադովկիայի շրջաններում տակաւին Ս. Ծնունդը Յունւար 6-ին կը տօնւէր:

Արդարեւ, 5-րդ դարից յետոյ, եկեղեցիներն սկսեցին Ս. Ծնունդը Դեկտեմբեր 25-ին տօնել, եւ Մկրտութիւնը՝ Յունւար 6-ին: Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին մինչեւ այսօր Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը տօնում է նոյն օրը՝ Յունւար 6-ին, համաձայն Եկեղեցու Առաքելաւանդ օրէնքներին:

Թէ ինչո՞ւ Հայ Առաքելական Եկեղեցին հաստատ մնաց Ս. Ծնունդի եւ Մկրտութեան զոյգ տօները Յունւար 6-ին տօնելու կապակցութեամբ, կան հետեւեալ պատճառները.-

1.- Հայաստանի մէջ, Հայոց Եկեղեցին չունէր այն դժւարութիւնները եւ պատճառները, որոնք մղեցին Հռոմի Լատին Եկեղեցին արեւմուտքում եւ Պաղեստինի Եկեղեցին արեւելքում, Ս. Ծնունդի տօնը Յունւար 6-ից Դեկտեմբեր 25-ի փոխադրելու:

2.- Հայ Եկեղեցու վրայ բանեցւած եկեղեցական-դաւանաբանական արտաքին ճնշումների դիմաց, մասնաւորաբար 5-րդ դարից յետոյ, Հայ Եկեղեցու հայրերը հաստատ մնացին Ս. Ծնունդը Յունւար 6-ին տօնելու Առաքելաւանդ Կանոնին, որպէսզի պահեն նաեւ Հայ Եկեղեցու ինքնուրոյնութիւնը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ