Քաղաքապետարանի միջոցառումը՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով

Արդէն երկրորդ անընդմէջ տարին է, ինչ Թեհրանի Քաղաքապետարանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կազմակերպում է իւրայատուկ միջոցառում՝ Իրանի քրիստոնեայ համայնքների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցութեամբ: Չորեքշաբթի՝ յունւարի 2-ին նմանօրինակ գեաղարւեստական դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Թեհրանի «Գրքի զբօսայգի»-ի դահլիճներից մէկում:

Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, որը կատարեց ասորիների երգչախումբը, որից յետոյ հայ եւ ասորի հոգեւոր հայրերը ընթերցեցին Աստւածաշնչից հատւածներ: Քաղաքապետարանի միջազգային հարցերի եւ կապի կենտրոնի նախագահ Փուրիա Սուրին շնորհաւորելով Ամանորը կարեւորեց Իրանում առգոյ միասնականութիւնը կրօնների եւ էթնիկ ազգութիւնների բազմազանութեան հանդերձ: Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. խորհրդարանում ասորիների պատգամաւոր Իւնաթան Բեթքոլիան, կարեւորելով դարերից եկող Իրանում իսլամ-քրիստոնեայ փոխհասկացութիւնը եւ փոխադարձ յարգանքը: Հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սապուհ արք. Սարգսեանը, իր խօսքը փոխանցելու: Սրբազան Հայրը գնահատելով կազմակերպւած միջոցառումը, ընդգծեց Իրանում կրօնների երկխօսութեան առկայութիւնը եւ փոխադարձ սիրոյ եւ յարգանքի անհրաժեշտութիւնը, որը արդիւնքը համարեց միաստւածեան կրօնների ճշգրիտ եւ ուղիղ հասկացողութեան: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ մենք բախտաւոր ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան որպէս քաղաքացիներ վայելում ենք միմեանց սէրը, գուրգուրանքն ու յարգանքը:

Օրւայ առիթով հրաւիրւեց արտայայտւելու ասորիների առաջնորդ Մարսթրայ Բենիամինը, կարեւորելով փոխադարձ յարգանքի առկայութիւնը:

Վերջում ներկաներին շնորհաւորեց Թեհրանի քաղաքապետ Փիրուզ Հանաչին, ով անդրադարձաւ Իրանի պատմական վայրիվերումներում բոլոր իրանցիների, միասնական ներդրումներին: Քաղաքապետը ընդգծեց, որ Իրանում առգոյ բազմազանութեամբ հանդերձ՝ տիրում է միասնականութիւն, որը Իրանի շէնացման ու բարգաւաճման համար անհրաժեշտ բնութագրեց:

Գեղարւեստական միջոցառմանը իրանական աւանդական երգերով ելոյթ ունեցաւ Սալար Աղիլին, որին դաշնամուրով ընկերակցում էր իր կինը, նաեւ ասորիների երգչախումբը:

Վերջում քաղաքապետի, հայ եւ ասորի կրօնապետերի եւ արտգործնախարարութեան խօսնակ Բահրամ Ղասեմիի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին հայ եւ ասորի մտաւորականների, արւեստի, մարզանքի, եւ գիտական ոլորտի, նահատակների ընտանիքների ներկայացուցիչների եւ քաղաքապետարանի մէկ հայ եւ մէկ ասորի օրինակելի պաշտօնեաների:

Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը «Ալիք»-ից