Իրանի ազգային գրադարանի տնօրէնն այցելել է Թեհրանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցի

Իրանի ազգային արխիւի և գրադարանի կազմակերպութեան տնօրէնը, Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ, այցելել է Թեհրանի «30 Թիր» պողոտայում Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանն ու գրադարանը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Աշրաֆ Բորուջերդին կիրակի, յունւարի 6-ին տեղի ունեցած այցի ժամանակ Ս. Ծննդեան և Մկրտութեան տօնի կապակցութեամբ շնորհաւորելով իրանահայերին, Իրանի ու աշխարհի բոլոր քրիստոնեաներին բարիքներով լեցուն տարի է մաղթել:

«Այսօր հպարտութեամբ կարող ենք ի լուր միջազգային հանրութեան յայտարարել, որ մեր քրիստոնեայ եղբայրների ու քոյրերի կողքին, ապրում ենք խաղաղութեան ու անդորրի պայմաններում, որպէսզի իրար կողքի աշխատենք յանուն Իրանի փառքի»,-ընդգծել է Աշրաֆ Բորուջերդին:

Այցի ընթացքում, Բորուջերդիին ընկերակցում էին Իրանի թանգարանների ոչ-պետական խորհրդի՝ ԻԿՈՄ-ի նախագահ՝ Միր Ահմեդ Մոհիթ Թաբաթաբային, Իրանի ազգային արխիւի և գրադարանի կազմակերպութեան հասարակութեան հետ կապերի և միջազգային հարցերով գերատեսուչ՝ Հանիէ Գերայիլին:

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցին կառուցւել է 1945 թւականին և 2002 թւականին գրանցւել է որպէս Իրանի ազգային կոթող:

2008 թւականին եկեղեցու շրջափակում հիմնադրւել է «Արտակ Մանուկեան» թանգարանն ու նաև Իրանի պատմական եկեղեցիների կայքը: