Առաջնորդ Սրբազանն Հանդիպեց Թեհրանի Նահանգապետին

Հինգշաբթի յունւարի 3-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն, Առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի նահանգապետ՝ Անուշիրւան Մոհսենի Բանդփեյի հետ, ում ընկերակցում էր Թեհրանի կուսակալը:

Հանդիպման ժամանակ նահանգապետը փոխանցեց Ամանորի և Ս. ծննդեան տօնի կապակցութեամբ Ի.Ի.Հ. Ն.Գ. նախարարի շնորհաւորական ուղերձն, ասելով՝ «Օգտւելով երկրում առկայ բոլոր հնարաւորութիւններից, հասարակական կապիտալից ու նաև արժանաւոր քայլեր վերցնելով, ժողովրդի տարբեր խաւերի մօտ պիտի ամրապնդենք վստահութիւնն ու հասարակական միատարրութիւնը»:

Նա յոյս է յայտնել, որ մեծարգոյ առաջնորդի ղեկավարութեամբ, հնարամտութեան ու յոյսի կառավարութեան նախաձեռնութիւններով ու ժողովրդի ջանքերով, աւելի լաւ պայմաններ կստեղծւեն Իրանի զարգացման ու շենացման համար:

Առաջնորդ Սրբազան Հայրը նաև շնորհակալութիւն յայտնեց այս այցելութեան և սրտագին բարեմաղթութիւնների համար, յաւելելով, որ տնտեսական և ընկերային դժւարութիւններին կարիք է յաղթահարել միասնական ճիգով և համատեղ աշխատանքով: