ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐԵԼԻ ԶԱՒԱԿՆԵՐԻՆ

Ինչպէս գիտէք ներկայ տարին մեր ժողովրդի երախտարժան, մեծահամբաւ եւ հպարտութիւն առթող երկու մեծ հայորդիների՝ Կոմիտաս Վարդապետի եւ Ամենայն Հայոց Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան տարեդարձն է։

Վստահաբար Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում տեղի են ունենալու գիտական, մշակութային ձեռնարկներ նւիրւած Կոմիտաս Վարդապետին եւ Յովհաննէս Թումանեանին եւ որոնց հիմնական նպատակը լինելու է մեր ժողովրդի եւ յատկապէս նոր սերունդի գիտակցութեան մէջ վառ պահել կոմիտասեան եւ թումանեանական շունչն ու ոգին։

Այս տարի նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ յայտարարել է Հայ Մամուլի Տարի։

Մեր սրտագին կոչն է մեր մշակութային միութիւններին եւ կազմակերպութիւններին, որ իրենց տարեկան ծրագիրների մէջ ներառնեն վերոյիշեալ ամեակները եւ յատուկ մշակութային, գեղարւեստական ձեռնարկներով նոր սերունդի գիտակցութեան մէջ դրոշմեն ու վերակենդանացնեն տիպարը Կոմիտաս Վարդապետի, Յովհաննէս Թումանեանի եւ դերը հայ մամուլի մեր ժողովրդի կեանքում։

Ազգային հոգեւոր, մշակութային եւ քաղաքակրթական արժէքներով լիցքաւորւել նշանակում է առաւել եւս կառչել այդ արժէքներին եւ դրանցով զօրացած վառ պահել մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային գանձերը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ