Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, կիրակի, 10 մարտ, 2019-ի կէսօրից յետոյ, հանդիպում տեղի ունեցաւ զրադաշտական մոգպետ՝ դոկտ Արդէշիր Խորշիդեանի և դոկտ. Նիքնամի հետ:

Հանդիպման ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի զոյգ ատենապետներ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը և պրն. Վարուժ Յովհաննիսեանը:

Հանդիպման հիմնական թեման յառաջիկայ ապրիլի վերջաւորութեան Քիշ կղզում տեղի ունենալիք համագումարն էր, որի թեման է՝ «Համաշխարհային Առողջապահութիւն»: Սոյն համագումարի գլխաւոր կազմակերպիչներից է դոկտ. Նիքնամը, որ միաժամանակ առողջապահութեան նախարարի խորհրդականներից է:

Ժողովականները կարևորութեամբ անդրադարձան համագումարի թեմային և շեշտեցին կրօնի դերը առողջապահութեան բնագաւարում և պատրաստակամութիւն յայտնեցին համատեղ համագործակցութեան և աշխատանքի: