ԳԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ

Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

Մենք խիստ կերպով դատապարտում ենք ահաբեկչական այդ գործողութիւնները, որոնք վստահաբար Աստծուց հեռացած ահաբեկիչի գործ է։ Իրական քրիստոնեան երբէք նման ոճիր չի գործեր. Յիսուս ասում է. «Լսել էք թէ ինչ է ասւել անցեալում.՛՛Մի՛ սպանիր, որովհետեւ ով սպանում է, պիտի դատապարտւի՛՛, իսկ ես ասում եմ, ով որ առանց պատճառի բարկանայ իր եղբօր վրայ, պիտի յանձնւի դատաստանի» (Մտ. 5։21-22)։

Աղօթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար, հաւատալով որ նրանք այժմ Աստծու ներկայութեան մէջ են. Քուրա՛նը ասում է բոլոր նրանք, ովքեր Աստծու ճանապարհին մեռնում են, կենդանի են եւ Աստծուց ստանալու են իրենց վարձքը։

Այս տխուր առիթով ողջ իրանահայութեան եւ յատկապէս Թեհրանի Հայոց Թեմի ժողովրդի անունից մի անգամ եւս դատապարտում ենք ահաբեկչական այդ ոճիրը եւ զօրակցում զոհերի ընտանիքներին աղօթելով միաժամանակ աշխարհի խաղաղութեան եւ մարդկանց միջեւ սիրոյ եւ եղբայրութեան հաստատման համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

17 Մարտ 2019
Թեհրան