ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՅԱՏՈՒԿ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՔԱՌՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԵՒ ԱՂՕԹՔ ԻՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՂԷՏԻ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ 5 ապրիլ 2019-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Ս. Սարգիս եկեղեցում նախագահեց եկեղեցական արարողութեանց եւ օրւայ աւետարանական պատգամը փոխանցեց հաւատացեալներին։

Սրբազան հայրը իր քարոզում մեկնաբանեց Քրիստոսի այն խօսքը, որ ասում է. «Եթէ մէկն ուզում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, որովհետեւ ով որ ուզենայ փրկել իր կեանքը, պիտի կորցնի այն, եւ ով որ ինձ համար կորցնի իր կեանքը, պիտի գտնի այն» (Մտ. 16։24-25)։ Քրիստոս շատ լաւ գիտէր, որ մարդու մէջ իր ես-ը ամենաուժեղ եւ զօրաւոր զգացումն է, հետեւաբար ուրանալ ես-ը այնքան էլ հեշտ չէ. քրիստոնէական հասկացողութեամբ կեանքում կան ես-ից աւելի բարձր ու վեհ արժէքներ, որոնց համար արժի որ մարդ մոռանայ իր ես-ը եւ ապրի այդ արժէքների տեսիլքով։

Աստւածային ճշմարտութիւնները մնայուն են ու յաւիտենական, նոյնպէս հայրենիքը որպէս ամենանւիրական իրականութիւն մարդկային եսից վեր է։ Արդարեւ մարդ արարածը եւ այս պարագային քրիստոնեայ մարդը պարտ է իր կեանքը ապրել վերոյիշեալ արժէքների յարաբերաբար։ Երեք տարիներ առաջ թշնամու շղթայազերծած լայնածաւալ յարձակումը Արցախի խաղաղ բնակչութեան վրայ, մի պահ խռովեց խաղաղ բնակչութեան կեանքը, սակայն Արցախի պաշտպանութեան բանակը քառօրեայ պատերազմին կարողացաւ պաշտպանել իր հայրենիքը եւ ետ մղել թշնամուն։ Ապրիլեան քառօրեայ այդ պատերազմում նահատակւած մեր զինւորները իրենց արեան հեղումով մի անգամ եւս նւիրագործեցին հայոց հողը» ասաց Սրբազան հայրը։ Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը շեշտեց, որ պատերազմներն ու բնութեան աղէտները եղել են միշտ կործանարար եւ աւերիչ։ Մարտ ամսի կէսերից սկսեալ յորդառատ անձրեւներն ու փոթորիկը մեր սիրելի Իրանի հարաւային եւ կենտրոնական որոշ շրջանների մէջ աւեր ու մարդկային զոհեր խլեցին։ Աղօթեցինք եւ շարունակում ենք աղօթել զոհերի հոգիների խաղաղութեան եւ նրանց ընտանիքների եւ ընդհանրապէս աղետեալների մխիթարութեան համար, Աստծուց հայցելով իր օրհնութիւնն ու պաշտպանութիւնը Իրանի եւ Իրանի մեր սիրելի հայրենակիցների վրայ։

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգիստ Արցախի քառօրեայ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, ինչպէս նաեւ յատուկ աղօթք խաղաղութեան եւ անսասանութեան մեր պատմական հայրենիքի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան համար։

Յայտնենք նաեւ որ շաբաթ 6 ապրիլ 2019-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որտեղ Սրբազան հայրը պատարագեց մեր հաւատքի հայր Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի չարչարանքների եւ խոր վիրապ մուտքի տօնի առիթով, կրկին անգամ հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն կատարւեց եւ յատուկ աղօթք նաեւ Իրանում տեղի ունեցած աղէտի զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների համար։ Ինչպէս նաեւ Ապրիլեան քառօրեայ պատերազմի զոհւած հայ նահատակների հոգիների համար։