Արևագալի Արարողութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

Երեքշաբթի 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը քարոզեց և իր քարոզն սկսեց՝ «Արևագալի այս արարողութիւնը, այն արարողութիւնն է, որ հարիւրաւոր տարիներ շարունակ մեր եկեղեցու կամարների տակ կատարւել է և մեր ժողովրդի կեանքում ամրապնդել է ներշնչումի, զօրութեան նաև հաւատքի, յոյսի և սիրոյ զգացումները: Այս արարողութեան ամենաուշագրաւ խորհուրդը, մարդ արարծի մեղաւորութեան և այդ մեղաւորութեան դիմաց զղջումի և ապաշխարութեան խորհուրդն է, որ կարտայայտւենք»:

Միւս բաժնում Առաջնորդ Սրբազանը շեշտեց՝ «Մեր կեանքը ճանապարհորդութիւն է և այդ ճանապարհուրդութիւնը քրիստոնէական հասկացողութեամբ իմաստաւորւում է երբ ուխտով առաւել ևս զօրանում է, այսինքն մենք ճանապարհւում ենք հասնելու մեր նպատակին, որի համար մենք Աստծու հաւատարմութեամբ ուխտ ենք կատարել»:

«Այդ ճանապարհը հեշտ չէ և ինչպէս ինքն է ասում «Իմ յետևից եկողը պէտք է անցնի նեղ ճանապարհից» ու նեղ ճանապարհը, սիրով, նւիրումի, զոհողութեան, գերագոյն ապաշխարանքի կեանք ապրելն է. ինքն իրեն զրկելն է աշխարհիկ այն երևոյթներից, որոնք կարող են մարդու Աստւածահաճ կեանքին ստւէր բերել կամ խանգարել»- եզրափակեց Սրբազան Հայրը: