Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառում Զէյթուն քաղաքամասի միասնական նախաձեռնութեամբ

Հայոց Մեծ Եղեռնին նւիրւած միջոցառումների շարանում, շաբաթ ապրիլի 27-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, կազմակերպւել էր միասնական գեղարւեստական-դասախօսական միջոցառում:

Ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը (Զէյթուն քաղաքամաս) եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութիւնը:

Օրւայ գեղարւեստական հարուստ յայտագրին իրենց մասնակցութիւնն էին բերել նշւած կենտրոններից երգիչներ, երգչախմբեր, նւագակցողներ եւ ասմունքողներ, իսկ օրւայ հաղորդավար Շարիս Մելքոմ Աբգարը իւրաքանչիւր կատարումից առաջ ներկայացնում էր Ցեղասպանութեանը զոհ գնացած մտաւորականներին:

Միջոցառման դասախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր ելոյթը սկսեց հետեւեալ յայտարարութեամբ, որ Պորտուգալիայի խորհրդարանը պաշտօնապէս ճանաչել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը եւ ընդգծեց, որ մեր պայքարը չի աւարտւում նրանով, որ այլ պետութիւնները միայն ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը: Նա նշեց, որ Եղեռնի 50-ամեակին համայն հայ ժողովուրդը ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, միաբերան հանդէս եկաւ մէկ լոզունգի շուրջ «Մեր հողերը» եւ ընդգծեց, որ սա է մեր գլխաւոր պահանջը, որ չպիտի իր տեղը զիջի միայն Ցեղասպանութեան ճանաչմամբ եւ նշեց, որ հայ ժողովրդի դէմ Ցեղասպանութեան նպատակը Հայաստանը տիրանալն էր:

Միջոցառմանը եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական միջոցառումներին երիտասարդութեան ներկայութեանը, դրա անհրաժեշտութեանը եւ նրանց ազգային ոգով հաղորդ պահելու հանգամանքին ու ընդգծեց, որ երիտասարդները, մեր ժողովրդի ներկան են որոնց մօտ ամէն ձեւով պիտի վառ պահել մեր ժողովրդի արժէքները:

Լուրը «Ալիք»-ից