Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ չորեքշաբթի մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

Այս անգամ Պատգամաւորական Ժողովի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

Ժողովն երկու օրերի ընթացքում, որը դեռ շարունակւելու է առաջիկայում զբաղւել է 16 օրակարգերից՝ 12-ով:

Ապրիլի 30-ի նիստի սկզբում նախ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ ժողովականները յարգեցին Պատգամաւորական Ժողովի անդամ նորոգ հանգուցեալ Նիկոլ Մուսախանեանի յիշատակը: Ներկաների թւային պատկերի ստուգումից յետոյ ժողովը ընտրեց բանաձեւային եւ ընտրական յանձնախմբերին, որից յետոյ պատգամաւորները ունկնդրեցին Թեմական խորհրդի երկամեայ գործունէութիւնը, որի մէջ ներառւած էր նաեւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած բոլոր մարմինների երկամեայ աշխատանքային զեկոյցը:

Ապա պատգամաւորները ներկայացրին լուսաբանական հարցումներ, որոնք առնչւում էին «Զանգ» ընկերութեանը, «Սասուն» փակ բաժնետիրական ընկերութեանը, թեմապատկան կալւածներին եւ կրթօջախների օպտիմալացման կարգավիճակներին:

Ժողովին ներկայ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային ժողովի քաղաքական յանձնաժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը նշեց, որ Վեհափառ Հայրապետի որոշմամբ համայնքները պիտի մշակեն երկարատեւ ծրագիր:

Այնուհետեւ պատգամաւորների կողմից հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ, որով աւարտւեց առաջին օրւայ նիստը:

Ժողովի երկրորդ օրը մեկնարկեց չորեքշաբթի, մայիսի 1-ի երեկոյեան ժամը 6-ին ազգային առաջնորդարանի դահլիճում, 30 պատգամաւորների մասնակցութեամբ, որը ընթացքում թւային աճ արձանագրեց:

Սկզբում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջունեց Մայիսի 1-ը՝ աշխատաւորի համաշխարհային տօնը ընդգծելով, որ աշխատանքը ամենասուրբ գործն է:

Ապա Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ պատգամաւորները երկու ցանկով շարունակեցին ըստ էութեան արտայայտութիւնները, գնահատականներ տալով Թեմական խորհրդի զանազան մարմինների աշխատանքներին, կարեւորելով իրանահայ համայնքի երեք թեմերի միջթեմական սերտ կապերը եւ յարաբերութիւնները ու եկամտաբեր քայլերի ապահովումը, խօսւեց Նոր Բուրաստանի եւ Դուլաբի գերեզմանատներում շինարարական աշխատանքների մասին: Այլ գլխի տակ, ժողովն ունկնդրեց Թեմական խորհրդի երկամեայ նիւթական գործունէութիւնը, որը ներկայացւեց մանրամասնօրէն:

Ըստ էութեան արտայայտութիւններից յետոյ գործող Թեմական խորհրդի ‎ատենապետը հանրագումարի բերեց կատարւածը եւ գնահատանքի խօսք ասաց խորհրդի անդամերին, իրենց անվերապահ աշխատանքների համար:

Օրակարգի յաջորդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Կրօնական խորհրդի 2017-ից 2019 երկամեայ գործունէութեան համապարփակ զեկոյցը, որը պարփակում էր բազմազան գլուխներ, ինչպէս եկեղեցական, կրօնական, ազգային տօների նշումներ, եկեղեցական խորհուրդների, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի աշխատանքները, Սրբազան Հօր ծաւալած գործունէութիւնը, ինչպէս երկրում եւ արտերկրում մասնակցած միջազգային եւ ներքին մասշտաբի սեմինարներին մասնակցութիւնը եւ ներհամայնքային աշխատանքները:

Ժողովը ապա ունկնդրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի հակիրճ զեկոյցը՝ կապւած երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակին:

Կրօնական խորհրդի զեկոյցի մասով պատգամաւորները ուղղեցին լուսաբանական հարցեր, որոնց համապարփակ պատասխանում էր Սրբազան Հայրը, որից յետոյ ըստ էութեան ելոյթներից յաջորդեց եւ քննարկւեց Կրօնական խորհրդի գործունէութիւնը, իսկ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի կողմից 2019-ը մամուլի տարի հռչակւելուն, Սրբազան Հայրը նշեց, որ այդ հարցով համայնքում նախատեսւում է իրականացնել միջոցառում: Խօսւեց եկեղեցի-երիտասարդ կապերի սերտացման ելքերի, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի ծաւալած դրական աշխատանքների, եկեղեցիների աշխատանքների օպտիմալացման եւ կրօնական աշխատանքների բնագաւառում ազգային հարթակի վրայ աշխուժութիւն տարածելու մասին:

Ժողովի դադարից յետոյ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ շարունակւեց ժողովը ունկնդրելով Հաշւեքննիչ մարմնի երկամեայ գործունէութիւնը, որից յետոյ հնչեցին հարցումներ եւ լուսաբանական բացատրութիւններ ու Հաշւեքննիչ մարմինը ներկայացրեց իր հրաժարականը:

Յաջորդ նիստում ժողովը ունկնդրելու է բանաձեւային յանձնախմբին եւ տեղի են ունենալու Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընտրութիւնները:

Լուրը «Ալիք»-ից