Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեան մամլոյ ասուլիս

Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեան մամլոյ ասուլիսը երկուշաբթի յունւարի 25-ին Թեհրանի ընդհանուր տարածքի պահակազօրի հրամանատար Մոհսէն Քազէմէյնու եւ տարբեր կրօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացաւ Թեհրանի պահակազօրի կայանում:

Թեհրանի տարածքի «Մոհամմէդ Ռասուլալլահ» զօրքի հրամանատար զօրավար Մոհէսն Քազէմէյնին այս ասուլիսի ժամանակ բացատրելով միաստւածային կրօնների հետեւորդների կապակցութեամբ լուսահոգի Էմամ Խոմէյնու եւ մեծայարգ առաջնորդի տեսակէտներն ասաց. «Իսլամը միաստւածային կրօններին համարում է մարդու եւ Աստծոյ միջեւ կապ հաստատելու միջոց: Լուսահոգի Էմամ Խոմէյնին մարդու իրական նահատակութիւնը պայմանաւորում է մարգարէների հանդէպ նրանց հաւատքով եւ ասում է, որ մարգարէները էական տարբերութիւններ չեն ունեցել եւ նրանց բերած կրօնների տարբերութիւնը վերադառնում է նրանց ապրած ժամանակաշրջանի պայմաններին ու պահանջներին: Նա ընդգծում է, որ իսլամը յարգում է միաստւածային կրօնները եւ ԻԻՀ կառավարութիւնը նրանց տրամադրում է իրենց կրօնական արարողութիւնները ազատօրէն կատարելու հնարաւորութիւն եւ հող է պատրաստում հասարակութեան կառուցման գործին միաստւածային կրօնների հետեւորդների մասնակցութեան համար ու նրանց համար նկատի է ունենում հաւասար իրաւունքներ»:

Նա այս կապակցութեամբ անդրադարձաւ նաեւ մեծայարգ առաջնորդի տեսակէտներին եւ ասաց. «Նա միաստւածային կրօնների մասին ասում է, որ մարգարէները պատմութեան ընթացքում կանգնած են եղել բռնահարւածների կողքին ու պայքարել են յանուն արդարութեան»:

Զօրավար Քազէմէյնին պատասխանելով Իրանում միաստւածային կրօնների նահատակների ու անձնուրացների յստակ թւերի մասին հարցումին, ասաց. «Միաստւածային կրօնների 376 նահատակներից ու անձուրացներից, ասորիները 32 նահատակներ եւ 25 անձնուրացներ ու ազատորդիներ, իրանահայերը 120 նահատակներ եւ 161 անձնուրացներ ու ազատորդիներ, զրադաշտականները 15 նահատակներ եւ 10 անձնուրացներ ու ազատորդիներ, իսկ հրեաները 12 նահատակներ եւ 1 անձնուրաց ու ազատորդի են նւիրաբերել իսլամական յեղափոխութեանն ու Սրբազան պաշտպանութեանը եւ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ միաստւածային կրօնների հետեւորդներն ունեցել են 179 նահատակներ եւ 197 անձնուրացներ ու ազատորդիներ»:

Այս նիստի ժամանակ ելոյթ ունեցան Հրեաների միութեան նախագահ՝ դոկտ. Հոմայուն Սամէ Եահը, Զրադաշտականների միութեան նախագահ՝ Ռոստամ Խոսրաւիանին, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը եւ Թեհրանի Ասորիների միութեան նախագահ՝ դոկտ. Նաբոնիդը:

Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանն իր ելոյթում ողջունելով նահատակների ոգիներին եւ միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեան կազմակերպման կապակցութեամբ շնորհակալութիւն յայտնելով պահակազօրին, ասաց. «Հայաստանն Իրանի հարեւան երկիրն է եւ հայերը Աքեմենեանների ու Սասանեանների ժամանակաշրջանից ապրել են Իրանում, իսկ Սրբազան պաշտպանութեան շրջանում այլ իրանցիների նման մասնակցեցին պատերազմին եւ պատերազմի առաջին օրւանից սկսած ռազմիկների կարիքներն ապահովելու համար ճակատներ ուղարկեցին իրենց օժանդակութիւնները: Նկատի առնելով երկրի արդիւնաբերութեան բնագաւառում իրանահայութեան ներկայութիւնը նրանք տարբեր խմբերով գործուղւում էին ճակատ, որտեղ մատուցում էին տեխնիկական ծառայութիւններ: Սրբազան պաշտպանութեան շրջանում հայ արհեստաւորների կատարած աշխատանքներից մէկը եղել է տանկերի շղթաների նորոգութիւնը: Բարեբախտաբար այսօր կրօնական փոքրամասնութեան փոխարէն օգտագործւում է միաստւածային կրօնների հետեւորդներ բառակապակցութիւնը: Գնահատում ենք միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութիւն կազմակերպելու պահակազօրի մտայղացումը, քանզի դա լաւ ազդեցութիւն կարող է գործել հասարակութեան վրայ»:

Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեան կապակցութեամբ աւելի վաղ կատարած արտայայտութիւններում նշել էր. «Այս միջոցառումը նահատակների մեծարումն է: Երբ խօսք է գնում միաստւածային կրօնների մասին այդ խմբում տեղաւորուում են երկրի բոլոր հաւատացեալ քրիստոնեաները, մուսուլմանները, ասորիները, հրեաներն ու զրադաշտականները»: «Նման մեծարանքի միջոցառումների կազմակերպումն անհրաժեշտութիւն է, որովհետեւ նման հանդիսութիւններ միայն Սրբազան պաշտպանութեան շրջանով չեն սահմանափակւում ու կենդանի են պահում նահատակութեան փիլիսոփայութիւնը: Առանց նահատակութեան փիլիսոփայութեան հանդէպ խոր հաւատքի հնարաւոր չէ պահպանել երկիրը: Եթէ երէկ սիրելի նահատակները զոհաբերելով իրենց կեանքը պաշտպանեցին երկիրը եւ դիմակայեցին թշնամուն, դա եղաւ հէնց այդ պատճառով»,-ասաց դոկտ. Կարէն Խանլարեանը եւ աւելացրեց, որ այսօր էլ շատերը նահատակւում են յանուն յեղափոխութեան հիմնարար արժէքների ու երկրի պաշտպանութեան եւ դա նահատակների ուղու շարունակութիւնն է:

Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ընդգծելով այն կէտը, որ նման միջոցառումներ միայն նահատակների յիշատակը չեն վերակենդանացնում, այլ տրամաբանական ու հոգեւոր կապ են հաստատում անցեալի, ներկայի ու ապագայի միջեւ, նշեց. «Հին ժամանակներից սկսած երկրում բոլոր հաւատացեալների միջեւ միասնականութիւն է գոյութիւն ունեցել եւ այդ միասնականութիւնն առաւել դրսեւորում գտաւ Սրբազան պաշտպանութեան շրջանում: Նկատի առնելով այն պարագան, որ երկիրը դիմագրաւում է տարբեր մարտահրաւէրներ ու ահաբեկչութեան հարցը ժանտախտի նման հարւածում է տարածաշրջանին, միասնականութեան կարիք ունենք եւ այդ միասնականութիւնը պիտի մարմնաւորւի»:

Դոկտ. Կարէն Խանլարեանը երկրի անկախութեան պաշտպանութիւնը չափազանց կարեւոր ու երկարատեւ պայքար համարեց եւ ասաց. «Մենք յեղափոխութիւնից յետոյ մտանք այս պայքարի ասպարէզ եւ դա կարիք ունի միասնականութեան եւ բոլոր հաւատացեալներն այդ ուղղութեամբ ջանք պիտի գործադրեն: Այն պայմաններում, երբ գերպետութիւնները ելնելով իրենց ռազմավարական շահերից նպատակ ունեն իրենց խնամակալութեան տակ առնել մեր երկիրը, անկախութեան պահպանումը մեծ պայքար է պահանջում, որի ընթացքում յաղթանակն ու յաջողութիւնը պայմանաւորւած է ազգային ուժերի միասնականութեամբ ու միատարրութեամբ եւ այդ նպատակն է հետապնդում այս միջոցառումը»: