150-ամեայ Կոմիտասը՝ հնչեց «Կոմիտաս»-ի 75-ամեայ բեմից

«Արարատ» Կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում լսել Կոմիտաս, այն էլ առաջին ձեռքից, ոչ բոլոր սերունդներին կարող է հասանելի թւալ: Մի քանի երնէկ նոյն բեմում:

Եւ սա իրական հնչիւն ու գոյն ստացաւ չորեքշաբթի, յուլիսի 24-ի երեկոյեան, երբ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախումբն էր Ռոբերտ Մլքէեանի գլխաւորութեամբ ելոյթ ունենում: Համերգը կազմակերպւել էր Կոմիտասի 150-ամեակի առիթով, ինչպէս նաեւ նւիրւել էր անւանի երգահան Տիգրան Մանսուրեանի 80-ամեակին:

Վարդապետ Կոմիտասի գլուխգործոցների կատարումներից անմիջապէս յետոյ բեմից հնչեց հայ արւեստի երաժշտական այն գոհարները, որոնք Տիգրան Մանսուրեանը ստեղծել է հայ արւեստի շունչը գրականութեան տողին դաջած Յովհաննէս Թումանեանի, Աւետիք Իսահակեանի, Չարենցի, Կոստան Զարեանի խօսքերի հիման վրայ:

Աւելի քան երկու ժամ հանդիսատեսը ակնդէտ հետեւեց իւրաքանչիւր հնչիւնի կատարողականութեանը եւ նոյն ապրումներով շտապում էր ծափահարել:

Հայաստանի Պետական կամերային 30 հոգանոց երգչախումբը, հանրայայտ դիրիժոր եւ գեղարւեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքէեանի ուղեկցութեամբ մեներգային եւ երգչախմբային կատարումներով հանդիսատեսին հաղորդակից դարձրեց նաեւ հէնց իր՝ Ռուբէն Մլքէեանի համադրած ու մշակած ստեղծագործութիւններից:

Համերգի աւարտին Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» երգչախումբը գլխաւորութեամբ Արփի Սիմրոջեանի, բեմահարթակ դուրս եկաւ Հայաստանի Պետական կամերային երգչախմբին միանալով՝ կատարեց Ռուբէն Մլքէեանի ղեկավարութեամբ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի խորհրդանիշ օրհներգը՝ «Երեւան դարձած իմ Էրեբունի»-ին (հեղինակ Պարոյր Սեւակ, երաժշտութիւն՝ Էդգար Յովհաննիսեան), որով էլ աւարտին հասաւ աննախադէպ այս համերգային երեկոն:

Համերգի աւարտին ելոյթ ունենալով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը նշեց, որ նման համերգի կազմակերպումն միայն ամեակների նշում չէր, այլ հայ արւեստի ու մշակոյթի գոհարների մասին հարեւան Իրանի ժողովրդին հաղորդակից դարձնելն էր նաեւ: Նա կարեւորեց այն փաստը, որ երբ նոր սերունդը հաղորդակից է դառնում Թումանեանին ու միւս մեծութիւններին, ապա այն շարունակելու է շնչել եւ ապրել հայերէն: «Իսկ երբ համայնքի անւանի երգչախմբերից մէկի՝ «Արարատ»-ի հետ համատեղ ելոյթ էր ունենում «Պետական կամերային»-ը, դա Հայաստան-Սփիւռք միասնութեան խորհրդանշի հնչեղութիւն ունեցաւ»,- նշեց դեսպանը եւ խօսքն աւարտելուց առաջ ասաց, որ մէկ տարի առաջ համերգի գաղափարը ծագեց՝ Տիգրան Մանսուրեանի հետ հանդիպման ժամանակ.«Եւ մենք արեցինք դա» խօսքն ուղղելով մայեստրոյին իր խօսքը եզրափակեց նա:

Ռուբէն Մլքէեանը եւս ելոյթ ունեցաւ օրւայ առիթով եւ շնորհաւորելով բոլորին ճաշակած ապրումների համար նշեց, որ այցի ընթացքում զգացել է հայ համայնքի հարազատ շունչն ու վայելած յարգանքը, յատկապէս «Կոմիտաս»-ի այս բեմից:

Եզրափակիչ խօսքի իրաւունքով հանդէս եկաւ ինքը՝ յոբելեարը, մայեստրօ Տիգրան Մանսուրեանը: Տիգրան Մանսուրեանը անդրադառնալով Թեհրանում իրականացւած երեք համերգային երեկոներին հնչած երաժշտութեան տեսակին, նշեց. «Մէկ այլ երկրի ժողովրդի բեմից մէջտեղ բերել ակադեմիական երաժշտութիւն, այն հզօր կառոյցը, որ համազօր է Ս. Հռիփսիմէ վանքին, որը համազօր է մեր մեծագոյն ճարտարապետական կոթողներին, որի անունն է Կոմիտաս, եւ նոյն ուժով շարժւել դէպի լսարան ու մեզ ուղղւած ուշադրութիւն, դա իրապէս հէնց այն գործողութիւնն էր, ինչը հնարաւոր էր կատարել նման որակ ունեցող խմբով: Իսկ պրն. Արտաշէս Թումանեանի հետ մեր ունեցած նպատակի հիմքում նստած էր հէնց նոյն գաղափարը»:

Վերջում Հ.Մ.Ա.Կ.-ի անունից մայեստրոյին յանձնւեց Կազմակերպութեան գերբով պատրաստւած մի յուշանւէր:

Լուրը՝ «Ալիք»-ից

Լուսանկարիչ՝ Արտեմ Ղարիբեան