Թողարկւել է Էդնա Զէյնալեանի անւան յուշամեդալ, որը տրւելու է նորաձեւութեան եւ բեմայարդարման ասպարէզներում ստեղծագործող արւեստագէտներին:
Յուշամեդալի շնորհանդէսը տեղի ունեցաւ չորեքշաբթի, օգոստոսի 14-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում:
Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Լորիս Ճգնաւորեանը, ինչպէս նաեւ Իրանի արւեստի նշանաւոր դէմքերն ու Մշակոյթի նախարարութեան պատասխանատուները:
Ընթացքում Լորիս Ճգնաւորեանի ղեկավարութեամբ ելոյթ է ունեցել Թեհրանի լարային նւագախումբը: Նւագախմբին ընկերակցել է նաեւ անւանի դաշնակահար Բարդիա Սադր-նուրին:
Ընթացքում բարձր է գնահատւել իրանահայութեան դերը Իրանի թատրոնի զարգացման գործում, յատուկ կարեւորութեամբ նշելով Էդնա Զէյնալեանի ներդրումը:
«Էդնա Զէյնալեան» մրցանակ-յուշամեդալի ստեղծման եւ տրման գաղափարը երկու հեղինակաւոր մշակութային կենտրոնների՝ «Ռադէ նոանդիշ»-ը եւ «Պետական թատրոնի բեմայարդաման եւ նորաձեւութեան միութեան»-ն էր, որը ամէն տարի տրւելու է նոյն ասպարէզում լաւագոյն ցուցանիշն արձանագրած արւեստի գործիչներին:
Յատկանշական է, որ Էդնա Զէյնալեանը համարւում է Իրանի նորաձեւութեան ասպարէզում աշխատող առաջինը, ով ԲՈՒՀ-ական կրթութեամբ է մուտք գործել ասպարէզ, իր հետ բերելով նաեւ ոլորտի ակադեմիկ գիտութիւնները:
Լուրը «Ալիք«-ից
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2578-2019081701?tmpl=component&print=1#sigProId09f0540475