ԱՂՕԹՔՆԵՐԻ ՄԻ ՓՈՒՆՋ ՆՒԻՐՒԱԾ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

Ա. ՏԱՐԻ, թիւ 35, 25 Օգոստոս, 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԱՌԱԿՆԵՐԻ ԳՐՔԻՑ (11.30—12.4)

Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն:
Ահա արդարը ստանում է երկրիս վրայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց անզգամը եւ մեղաւորը:
Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է:
Բարին Տէրիցը շնորհք կստանայ, բայց նենգաւոր մարդին նա կդատապարտէ:
Մարդս չի հաստատւի ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանւի:
Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նրա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՆՒԱԾ

Եւ արդ, ո՛վ Տիրամայր, սուրբ Աստւածածին, կոյսերի պարծանք, ճրագ պայծառագոյն քան արեգակը:
Ո՛վ ջահ փայլուն քան լուսինը եւ աստղերը:
Ո՛վ քերովբէական աթոռ, բարձրագոյն քան երկինքը, եւ պատւականգոյն՝ քան հրեղէնների դասակարգերը:
Ո՛վ կոյսերի պարծանք եւ ամուսնացողների փառքը:
Դո՛ւ ես անսկիզբին հարսը:
Դո՛ւ ես մարմնացած Միածին Որդու մայրը:
Դո՛ւ ես Սուրբ Հոգու տունը, ե՛ւ տաճարը, ե՛ւ բնակարանը:
Քեզնով հաճեցաւ Աստւած ազատել մարդկային բնութիւնը մեղքերից:
Քեզնո՛վ բացւեց սերովբէներից փակւած դրախտի դուռը:
Քեզնո՛վ ճանչեցինք Աստծուն:
Քեզնո՛վ կոչւեցինք քրիստոնեայ:
Քեզ՛ միայն համարձակութիւն տրւեց մարդկային ցեղի համար բարեխօսելու:
Ո՛վ Աստւած կրող որովայն, աստւածածնող մայր:
Աստւածահանգիստ գիրկ, աստւածաբարձ բազուկ:
Աստծու դպչող ձեռք, Աստծու մօտիկ բերան:
Աստւածահամբոյր շրթունք, աստւածախօս լեզու:
Աստծու նայող աչք, աստւածաբնակ տաճար, աստւածընկալ խորան:
Ծնրադրում ենք քո առաջ, Աստւածածին, եւ աղաչում ենք անարատ կոյսիդ, բարեխօսի՜ր մեր անձերի համար, եւ աղաչի՜ր Միածին Որդուդ՝ փրկելու մեզ փորձութիւնից եւ մեզ սպառնացող բոլոր վտանգներից:
Ծնրադրում ենք քո առաջ, Տիրամայր Սուրբ Աստւածածին, որպէսզի չմոռանաս քեզ խոստովանող ծառադ, որ քեզնով փառաւորենք Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ ե՛ւ միշտ, ե՛ւ յաւիտեան: Ամէն:

ԵՐԳԵՑՈՂ ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՆՒԱԾ

Սրտիս խորքից անձայն գոչումով դիմում եմ քեզ, եւ դու բարեխօսի՛ր ինձ համար Քո Որդուդ՝ Յիսուս Քրիստոսի մօտ, որպէսզի ողորմելով ների ինձ, եւ յաւիտեան չբարկանայ իրաւացիօրէն, որովհետեւ եթէ իրաւունքով եւ արդարութեամբ դատէ ինձ, վա~յ իմ անձիս, որովհետեւ պիտի չազատւեմ մշտնջենական չարչարանքներից: Անբաւ եւ անթիւ մեղանչեցի Նրա առաջ, եւ յետոյ, դու համարձակութիւն ունես որպէս Աստւած ծնող մայր՝ Հօրը, Որդուն եւ Հոգուն բարեխօսելու:

Աստւածութիւնը շուտով կը լսի քեզ եւ անմիջապէս կիրագործի քո փափագը, որովհետեւ տեսնում ենք, թէ՝ ինչպէ՞ս թագաւորների մայրերն ու թագուհիները զօրութեամբ յափշտակում են մահապարտներին, եւ մէկը չիկարողանումմի բան ասել, որովհետեւ մայրը եւ թագուհին թագաւորին հետ պատււում են:

Սրա համար պաղատում եւ աղաչում եմ Քեզ, Աստծու մայր, լոյսի լեռ եւ ապաստանութեան քաղաք, բարեխօսի՛ր Քրիստոսի մօտ իմ եղկելի անձիս համար եւ աղաչի՛ր Նրան, որպէսզի մշտապէս չբարկանայ ինծանից. եւ թէպէտ ինձ բարկանայ, բայց յետոյ մեծարում է քեզ՝ իր ծնողը, որովհետեւ համեստ եւ ողորմած է, սիրում եւ ուզում է, որ թախանձես Նրան:

Եւ Դու՝ իբրեւ մայր, համարձակւի՛ր, ցոյց տուր նրան քո ստինքները, քո սուրբ կաթովդ այն ստիպիր, ինչպէս ծնողները ստիպում են իրենց որդիներին:
Աղօթքներս ներկայացրո՛ւ Հօր ու Սուրբ Հոգուն, որպէսզի շնորհքներով եւ ողորմութեամբ ջնջեն չարաչար եւ անօրէն մեղքերս, մեծ ամօթից ու դառն դժոխքիցփրկելով ինձ:

Երես չունեմ ուրիշ մի բան խնդրելու քեզանից, ո՛վ Աստւածամայր եւ կոյս, որովհետեւ իմ չարութիւններովս աստւածութիւնը դառնացրեցի ինձանից՝ աւելի քան դեւերը եւ Ադամի որդիները. ապա« Դո՛ւ ես իմ եւ բոլոր հաւատացեալների յոյսն ու ակնկալութիւնը, ապաւէնը, այստեղ՝ այս աշխարհում եւ սարսափելի օրւայ մէջ:

Եւ հիմա, ծնկիգալով աղաչում եմ քեզ, մայր եւ կոյս, Քո ամենօրհնեալ եւ ամենափրկիչ ծնունդիդ համար ողորմի՜ր իմ թշւառ անձիս:
Սրա համար օրհնւած եմ, գոհութիւն եմ յայտնում եւ փառաբանում եմ քեզ, զանազան փառքերով եւ պատւով բարձրացնում եմ, անդադար այսպէս ասելով՝

Աստծու մայրը եւ արքայութեան դուռը:
Արդարների հանգիստը եւ մեղաւորների քաւարանը:
Լքւածների լոյսը եւ վհատածների ապաւէնը:
Հիւանդների սպեղանին եւ մեռածների կեանքը:
Տկարների զօրութիւնը եւ անօթիների հացը:
Ապաւէնի զէնքը եւ ծարաւածների ջուրը:
Որբերի հայրը եւ երեխաների մայրը:
Ապաստանելու քաղաքը եւ թիկնապահ եղբայրը:
Սուրբ մանանայի սափորը եւ անուշահոտ խնկի բուրվառը:
Աստծու տապանակը եւ Տիրոջ կտակարանների տախտակը:
Ծաղկած գաւազանը եւ կենդանի ջրհորը:
Փակւած դուռը եւ կնքւած քարտէզը:
Երկնաւոր հարսը եւ վիմածին լեռը:
Լուսաւոր ամպը եւ փեսածին կոյսը:
Լոյսին սիւնը եւ ծիրանի ծաղիկը:
Բուրաստանի վարդը եւ երկնային քրքումը:
Նռնենին եւ խնձորը՝ հիւանդին որպէս դեղ:
Կինամոն եւ անուշահոտ նարդոս:
Խունկերի ամանը եւ կնքւած աղբիւրը:
Հիմը, պարիսպը, պսակը եւ Աստծու սուրբ եկեղեցու փառքը:
Հաւատքի մայրը եւ կոյսերի պարծանքը:
Քերովբէական աթոռը եւ աստւածական առագաստը:
Ցանկալի այգի եւ աստւածատունկ դրախտ:
Ծիրանածաւալ ծով եւ աշխարհի արեւելքը:
Օրհնի՜ր մեզ յաւիտեանէ յաւիտեան. Ամէն: