Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԱՐԻԱՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

Ա. ՏԱՐԻ, թիւ 36, 1 Սեպտեմբեր, 2019

ՏՕՆ ԳԻՒՏԻ ԳՕՏՒՈՅ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

Այսօր տօնն է Սուրբ Աստւածածնի Գօտու գիւտին: Այս առիթով մեր ընթերցողներին ծանօթացնում ենք Սուրբ Աստւածածնին նւիրւած տօները, Հայոց Առաքելական Եկեղեցու կանոնների համաձայն:

Աստւածամօր Մարիամին նւիրւել են 7 տօներ՝

ՅՂՈՒԹԻՒՆ.- Աննան ամուլ էր եւ ուխտով ու աղօթքով յղացաւ, իր միամայր դստեր, որ կոչւեց Մարիամ: Սրբուհի Մարիամ թէեւ ծնւեց բնութեան օրէնքների համեմատ, այսինքն հօրը եւ մօրը միաւորութեամբ, բայց սկզբի՛ց բարոյապէս զերծ մնաց ադամական մահկանացուների արատաւորութիւնից: Այս պատճառով էլ եկեղեցու մէջ տօնելի եղաւ ո՛չ միայն իր ծնունդը, այլ նաեւ յղութիւնը, որ մենք եւ յոյները կատարում ենք Դեկտեմբերի 9-ին, իսկ կաթոլիկները՝ Դեկտեմբերի 8-ին: Ժամանակների ընթացքում Աստւածածնի անարատութեան գաղափարը ծնունդ տւեց ՙԱՆԱՐԱՏ ՅՂՈՒԹԵԱՆ՚ հարցին, որ Կաթոլիկ Եկեղեցին 1854-ին ընդունեց իբր հաւատքի վարդապետութիւն: Սակայն, Հայ Եկեղեցու համար անընդունելի է: Յղութեան տօնը թէեւ Սուրբ Կոյսի Կեանքի ժամանակագրութեան տեսակէտով առաջինն է, բայց հին չէ իբրեւ եկեղեցական տնօրինութիւն, եւ առանձին շարական էլ չի գրւել այդ առիթով:

ԾՆՈՒՆԴ.- Աստւածածնի երկրորդ տօնն է Նրա ծնունդը, որ բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տօնում են Սեպտեմբերի 8-ին: Կարելի չէ ճշտել թէ որտե՞ղ է ծնւել Նա. Բեթլեհէ՞մ թէ՝ Նազարէթ, եւ ո՞ր թւականին: Սակայն հաստատ իմանում ենք, որ Նա՝ 15 տարեկան էր երբ ընդունեց Գաբրիէլ Հրեշտակի աւետիսը:

ԵՐԻՑ ԱՄԱՑ ԸՆԾԱՅՈՒՄՆ Ի ՏԱՃԱՐՆ.- Բոլոր Եկեղեցիները հաստատուն կերպով տօնում են Նոյեմբերի 21-ին: Այս տօնի իմաստը այն է, թէ՝ ՙՈրովհետեւ ուխտի զաւակ էր Մարիամը, ծնողները տաճարին նւիրեցին նրան, իր այն հասակի մէջ, երբ նա այլեւս կարող էր ծնողներից անջատ ապրել: Ըստ աւանդութեան, Մարիամ մի ժամանակ մնաց այնտեղ եւ յետոյ վերստին դառնալով, եօթնամեայ հասակին խառնւեց այրիներից եւ կոյսերից բաղկացած նւիրեալ կանանց այն խմբին, որոնք բարեպաշտ կեանք էին ապրում տաճարի հովանու ներքեւ, եւ որոնցից էր նաեւ Աննա մարգարէուհին: Եօթը տարիներ եւս այնտեղ մնալուց յետոյ, խօսեցեալը եղաւ հիւսն (ատաղձագործ) Յովսէփի:

ԱՒԵՏՈՒՄ.- Այս տօնը մի կողմից Քրիստոսի տնօրինութիւնն է եւ միւս կողմից էլ Մարիամի կեանքի գլխաւոր պարագաներից մէկը: Հայ Եկեղեցին աւետման տօնը յիշատակում է Ապրիլի 7-ին: Իսկ Յոյներն ու Կաթոլիկները Մարտի 25-ին:

ՎԵՐԱՓՈԽՈՒՄ.- Իր Որդու համբարձումից յետոյ, Մարիամի ապրած կեանքի մասին խօսում է միայն աւանդութիւնը: Այս առիթով յիշենք, որ կան երկու աւանդութիւններ.
- Առաջինի համաձայն, Մարիամ վայելած է Յովհաննէս Առաքեալի որդիական խնամքը, մեռած ու թաղւած է Երուսաղէմում, Գեթսէմանիի ընտանեկան դամբարանում, Համբարձումից 15 տարիներ յետոյ:
- Կայ նաեւ երկրորդ աւանդութիւն, ըստ որի Մարիամ ապրել է Եփեսոսում: Այս աւանդութիւնը շատ էլ հաւանական չէ: Որովհետեւ Յովհաննէս Առաքեալ Մարիամի վախճանումից յետոյ էր միայն, որ երկար ժամանակ ապրեց Եփեսոսում:

Այս բոլորով հանդերձ մեր եկեղեցու մէջ Աստւածամօր նւիրւած ամենից նշանաւոր տօնը Վերափոխումն է, որի տօնը հնագոյնն է Աստւածածնայ տօներից, եւ բոլոր եկեղեցիների կողմից պանծացւում է Օգոստոս 15-ին, առանց փոփոխութեան: Իսկ մենք, հայերս, ՙՀաւանաբար Շնորհալիի ժամանակից, եթէ ոչ դեռ աւելի յետոյ, 15-ի մերձաւորագոյն, այսինքն Օգոստոս 12-18 զուգադիպող Կիրակին սովորութիւն ենք արել կատարել այն, ոչ միայն, երեք, ինչպէս եղել է առաջ, այլ ինն օրեր երկարաձգելով տօնի շարունակութիւնը:

Մարիամի վախճանումից յետոյ, երբ առաքեալները երեք օր յետոյ գերեզմանը բացում են, գոհացում տալու համար Բարթողիմէոսին, կոյսի մարմինը այնտեղ չեն գտնում, ՙՈրից եզրակցնում են, թէ նա մեռած չէր, այլ լոկ քնի մէջ էր, թէ հրեշտակների երգաբանութիւնը գերեզմանի վրայ միայն այդ էր նշանակում, որովհետեւ Յիսուս իր մօրը խոստացել էր արդէն վաղուց, երկինք փոխադրել իրեն, եւ թէ Ս. Կոյսի մարմնի անգոյութիւնը իր գերեզմանի մէջ, այդ խոստումի կատարումը միայն կարող էր նշանակել: Այս է պատճառը, որ աւելի ՙննջում՚ բառով որակւում է Աստւածածնի երկրաւոր կեանքի վախճանը, եւ ոչ թէ ՙմահ՚ բառով: Գալով Նրա երկինք ՓՈԽՄԱՆ գաղափարին, թէեւ ամենահին ժամանակներից կար այդ մտածումը, Ս. Կոյսին ձօնւած բանաստեղծական եւ խորհրդաբանական գրւածքների մէջ, բայց իբր վարդապետութիւն ընդունւելը առնւազն 9-րդ եւ մանաւանդ 12-րդ դարում էր միայն, որ կատարւեց, տօնը եւս կոչելով՝ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ:

ԳԻՒՏ ԳՕՏՒՈՅ. -Դարերի ընթացքում, Տիրամօր մարմնական մասունքների չգոյութիւնը, հաւատացեալների երկիւղածութիւնը ուղղում է դէպի Նրա սեփական իրեղէնները, որոնք հալածանքի դարերում պահւած լինելով, աւելի ուշ երեւան են եկել:

ՙՆրանցից առաջինը ԳՕՏԻն կամ ԿԱՄԱՐը, արեւելեան կանանց զգեստի եւ նոյն ժամանակ արդուզարդի այս կարեւոր մէկ մասը, Երուսաղէմի մէջ գտնւեց 5-րդ դարում, Արկադէոս կայսեր օրով, զետեղւեց Աստւածածնի նւիրւած տաճարի մէջ, որտեղ գտնւելը յիշւում է նրանից կէս դար յետոյ էլ, Լեւոն Կայսեր, Զոյի Թագուհու բժշկութեան առթիւ:

Այս տօնը մեր կողմից տօնելի է դարձել Սիմէոն Կաթողիկոսի տօնացուցական կարգադրութիւններից վերջ միայն եւ տօնում ենք Վերափոխման յաջորդող երկրորդ Կիրակիին:

ԳԻՒՏ ՏՓՈՅ.- Եօթներորդ տօնն է Տուփը, կամ այն փոքրիկ արկղը, որի մէջ էր պահւում Ս. Կոյսի գլխանոցը: Պատմւում է, թէ Կ. Պոլսեցի ՙԵրկու ազնւական եղբայրներ, Գալբիաս եւ Կանտիտաս, որոնք ուխտաւորաբար Պաղեստին էին եկել, Գալիլիական մի գիւղում, հաւանաբար Նազարէթ, նկատում են թէ մարդիկ ուխտի են գնում մի հրեայ այրի պառաւի տունը, որտեղ բժշկութիւններ էին կատարւում Մարիամի վերագրւած մի Գլխադրի առաջ, որ մի արկղի մէջ էր պահւած: Մի հնարքով, նմանագործւած մի արկղ են դնում իսկականի տեղ, որն իսկոյն փոխադրում են Կ. Պոլիս, ուր մեծահանդէս թափօրով զետեղում են Աստւածածնի նւիրւած Եկեղեցու մէջ: Տուփի այս տօնը եւս սկսել ենք տօնել Սիմէոն Կաթողիկոսի տօնացուցական կարգադրութիւններից յետոյ միայն, Հոգեգալստեան տօնից յետոյ 5-րդ Կիրակիին:

ԱՆՆԱՅԻ ԱՂՕԹՔԸ (Ա.Թգ 2.1-10)
ՙՍիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացւեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ:
Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, եւ քեզանից բացի սուրբ չկայ:
Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսւի ձեր բերանից, քանզի Աստւած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը:
Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան:
Հացով կշտացածները հիւծւեցին, իսկ քաղցածները երկրում բնակւեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց:
Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից:
Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում:
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց:
Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում: Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է: Տէրը տկարացնում է իր հակառակորդներին: Տէրը սուրբ է: Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ: Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում:
Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին՚:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com