Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ Ա ԵՒ Բ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Քրիստոնէական սուրբ սիրով ու հայրական ջերմ ու անկեղծ զգացումներով ողջունում եմ ձե՛զ, սիրելի՛ աշակերտներ, աշակերտուհիներ, նաեւ ձե՛զ սիրելի ծնողներ, ուսուցիչներ, տեսուչներ եւ պաշտօնէութիւն։

Ամէն անգամ երբ նստում եմ գրելու համար իմ ողջոյնի խօսքը, դպրոցական վերամուտի առիթով, ուրախութեան եւ յուզումի կրկնակ զգացումներով խառնւում ու ալեկոծւում է հոգիս։

20 տարիներ առաջ երբ նոր էի եկել, 24 դպրոցներ այցելեցի եւ ամէն մի դպրոցում հարիւրաւոր աշակերտների, աշակերտուհիների առաջ էի կանգնում եւ ինքս ինձ շատ ուրախ եւ հպարտ էի զգում։ Այսօր թէեւ թիւը նւազել է սակայն որակը դեռ բարձր է եւ սա բնականաբար ուրախալի է եւ մխիթարական։ Այսօր էլ ձեր դիմաց կանգնելիս էլի հպարտութեան եւ գոհունակութեան զգացումներով հրճւում է հոգիս։

Միւս կողմից ուրախ եմ հաստատելու, որ մեր աշակերտներն ու աշակերտուհիները դպրոցներում եւ արտադպրոցական կեանքում, միութիւններում եւ մշակութային զանազան ասպարէզներում աշխոյժ եւ եռանդուն իրենց մասնակցութիւնն են բերում եւ գաղութային մեր կեանքը աշխուժացնում։

Մեր աշակերտութիւնը հայրենիքում եւ Արցախում եւս տեղի ունեցող մշակութային եւ աշակերտական ձեռնարկներին մասնակցել ու մասնակցում եւ պատւաւոր դիրքեր են գրաւում մրցոյթներում։ Չորս տարին մէկ կազմակերպւող ամառային համահայկական խաղերը այս տարի մեծ խանդավառութեամբ սկսւեցին, շարունակւեցին եւ իրենց աւարտին հասան։ Աւելի քան հինգ հազար երիտասարդներ-երիտասարդուհիներ եւ պատանի, պարմանուհիներ մասնակցեցին Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած 7-րդ ամառային համահայկական խաղերի բացման։ Վստահ եմ ձեզանից երեւի շատեր մասնակցեցին եւ նաեւ հետեւեցին այդ հանդիսութիւններին եւ մրցոյթներին։

Այս տարի մեր անմահանուն հեղինակների՝ Յովհաննէս Թումանեանի, Կոմիտաս վարդապետի եւ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակն է. մարդիկ, ովքեր հայօրէն ապրեցին ու գործեցին եւ մեզ ժառանգ ձգեցին իրենց մտքի եւ հոգու ստեղծագործութիւն եղող երգեր, հեքիաթներ, գրականութիւն ու վէպ։

Այս բոլորը յիշեցնում եմ ձեզ սիրելիներ, ասելու համար, որ մեր ոյժը մեր միասնականութեան մէջ է։ Այսօր եթէ Թեհրանում կամ Իրանի այլ երբեմնի հայահոծ քաղաքներում մեր թիւը նւազած է, սակայն մեր եռանդն ու խանդավառութիւնը, մեր կապւածութիւնը ազգային մեր արժէքներին ոչ մէկ ատեն չէ նւազած։ Եկեղեցական, ազգային մշակութային, մարզական եւ ընկերային մեր կեանքը աշխուժօրէն շարունակում է իր ընթացքը, եւ պիտի շարունակի, որովհետեւ մենք առաքելութիւն եւ կոչում ունեցող ժողովուրդ ենք, գործում ենք դպրոցներում, սովորում ենք ի խնդիր մեր քրիստոնէական հաւատքի, լեզւի ու մշակոյթի պահպանման, որովհետեւ դրանցով զինւած պիտի շարունակենք մեր պահանջատիրական պայքարը ի խնդիր մեզանից անարդարօրէն խլւած իրաւունքների։ Լեզուն ու հաւատքը մեր ինքնուրոյնութեան եւ ինքնապահպանման սիւներն են։

Այո՛, սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,
Մեր դպրոցների, մշակութային հաստատութիւնների առաքելութիւնը կամարակապւած մեր աստւածակառոյց եկեղեցու առաքելութեան, գօտեպնդելու ու զօրացնելու են մեզ մեր պայքարի մէջ։

Շնորհաւորում եմ ձեզ 2019-2020 դպրոցական վերամուտի առիթով եւ այս տարւայ մեր դպրոցական նշանաբանը թող լինի «Սիրով եւ համբերութեամբ գործենք» ի խնդիր առողջ, կենսուրախ եւ արդիւնաշատ կեանքի ու լուսաւոր ապագայի։ Չմոռանաք որ դպրոցը օրրանն է մեր ազգային եւ հոգեւոր արժէքների եւ միջնաբերդը մեր գոյութեան։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ սիրելիներ եւ շնորհաւոր վերամուտ։

սիրով եւ օրհնութեամբ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Սեպտեմբեր 2019
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ