Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ պետական ծրագրերի շարանում գնահատւեց նահատակ Ռազմիկ Խաչատրեանը

Իրանում, սրբազան պաշտպանութեան առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում, շաբաթ սեպտեմբերի 28-ի առաւօտեան Իրանի Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կենտրոնի համագումարների դահլիճում, նախաձեռնութեամբ Իրանի բանակի օդուժի զօրամիաւորների, կազմակերպւել էր ծրագիր՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ռազմաճակատներում նահատակւած զինւորների յիշատակին եւ գնահատւեց հայ նահատակ զինւոր Ռազմիկ Խաչատրեանը, իրանցի այլ նահատակների հետ միասին:

Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Իրանի Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կազմակերպութեան տնօրէն Աշրաֆ Բորուջերդին, շեշտելով, որ անհրաժեշտ է ութամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին իրականացած բոլոր ջանքերը գրանցել, արխիւները հաւաքագրել ու պահպանել եւ նշեց, որ Իրանի Ազգային գրադարանը եւ փաստաթղթերի կազմակերպութիւնը պարտաւորութիւն է ստանձնել պահպանելու այդ տարիների Իրանի հոգեմտաւոր, գրաւոր եւ բանաւոր բոլոր արժէքները:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Իրանի բանակի հրամանատարներ եւ «Սամէն օլ աէմէ» կոչւող գործողութեան ժամանակ ծառայած բարձրաստիճան զինւորականներ: Ծրագիրը զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով, ութամեայ սրբազան պաշտպանութեան տարիներից փաստավաւերագրական ֆիլմի ցուցադրութեամբ եւ շնորհանդէսը կատարւեց երկու գրքերի ու այդ առիթով թողարկւած յատուկ նամակադրոշմի:

Վերջում գնահատւեցին այդ գործողութեան ընթացքում նահատակւած զինւորները եւ այդ առիթով գնահատագրեր յանձնւեցին նահատակների հարազատներին:

Գնահատագիր յանձնւեց պատերազմի տարիներին Սումարի ռազմաճակատում նահատակւած Ռազմիկ Խաչատրեանի մօրը Սիրանուշ Խաչատրեանին:

Միջոցառմանը ներկայ էր նաեւ Իրան–Իրաք պարտադրեալ պատերազմի Թ. Հ. Թ. Հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Վալենտին Յարութիւնեանը:

Լուրը «Ալիք»-ից