Կրթական Խորհրդի «ՆՈՐ ՁԱՅՆԵՐ» երգչախումբ

2011 թւականի մարտին Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի միջոցով կայացաւ երգի մրցոյթ, մենակատարների համերգ կազմակերպելու նպատակով: ԸՆտրւեցին 27 մենակատարներ:

Քանի որ մասնակցողների թիւը շուրջ 90 հոգի էր իրաւարար կազմի անդամների առաջարկով ստեղծւեց նաև դպրոցական երգչախումբ, որը անւանւեց Թ.Հ.Թ. «Նոր Ձայներ» երգչախումբ:

2012 թւականի հինգշաբթի և ուրբաթ մարտի 8-ին և 9-ին Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում հայ աշակերտի լեզւով ճախրեց հայ երգն ու երաժշտութիւնը:

Համերգի առաջին բաժնում ելոյթ ունեցան 16 մենակատարներ, իսկ երկրորդ բաժնում 11 երգով երկձայն հանդէս եկաւ երգչախումբը: Երգչախմբի ղեկավարն էր Արփի Սիմրոջեանը:

Մեներգիչների ելոյթին ընկերակցում էր նւագախումբը, որի ղեկավարն էր Արմէն Ասատրեանը, գեղարւեստական ղեկավարը՝ Մելանի Աւանէսեան և երգի դասատուն՝ Մեղեդի Նազարեան: Երգչախմբին դաշնամուրով ընկերակցում էր Սէրինէ Էլիասեանը: Նւագախմբի անդամներն էին՝ Ռոնի Բաբախանենը, Դերիկ Սարգսեանը, Վահագն Սարգսեանը և Ստիւ Աւանէսեանը: Սոյն աշխատանքին իր համագործակցութիւնն էր բերել Ռայիսա Աւանէսեանը: Ջութակով ելոյթ ունեցան Աբել Յարութիւնեանը և Նանոր Նազարեանը: Ձեռնարկի հաղորդավարներն էին Արինէ Ասլանեանը, Արգին Արիստակէսեանը և Արեգ Ծատրեանը:

Երգչախմբի փորձերը սկսւեցին 2011 թւականի ապրիլից և շարունակւում են մինչև այսօր՝ ուրբաթ օրերը կ.յ. ժամը 15:30-ից մինչև 17:30-ը Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնում:

Երգչախումբը իր մասնակցութիւնն է բերում համայնքային և միութեանական մի շարք ձեռնարկներին և միջոցառումներին: Իսկ ամէն տարի Մշակոյթի օրւայ առիթով ուսուցիչների մեծարման ձեռնարկին ելոյթով հանդէս է գալիս «Նոր Ձայներ» երգչախումբը: Երգչախմբի ներկայ թիւն է 32 հոգի, առաջին օրից իսկ երգչախմբի ղեկավարն է Արփի Սիմրոջեանը, որը սիրայօժար կերպով կատարում է այս աշխատանքը՝ մեծ յանձնառութեամբ և նւիրումով, մեր նոր սերնդի մէջ սէր, ապրում ու յարգանք առաջացնելով դէպի հայ երգն ու մշակոյթը: Երգչախմբի հետ համագործակցում է դաշնակահար Ալին Թաշճեանը:

Մեր նոր սերնդի Մշակութային աշխատանքների մասնակիցները յանձնառու անհատներ են, որոնք ապագային կարևոր դերակատարութիւն են ունենալու մեր համայնքային, միութենական, դպրոցական և մշակութային աշխատանքներում, ուրեմն՝ ողջունում ենք Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախմբի և դպրոցական Մշակութային փառատօնի բոլոր մասնակից աշակերտներին, որոնք յանձնառու են լինում իրենց ներկայութեամբ քաջալերել մեզ բոլորիս՝ նման աշխատանքների յարատևութիւնը երաշխաւորելու համար:

Սրտագին ողջունում ենք երգչախմբի բոլոր անդամներին և շնորհակալութիւն բոլոր երեխաների ծնողներին, որոնք գիտակցելով հայ մշակոյթի ու երգի արժէքն ու կարևորութիւնը՝ յանձն են առնում նրանց մասնակցութիւնը երաշխաւորելու դժւարութիւնը:

Յատուկ շնորհակալութիւն՝ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան վարչութիւններին, որոնք ամէն կերպ օժանդակեցին յանձնախմբին այս դժւարին աշխատանքներում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը ներկայիս ընդունում է նոր անդամներ:

Ցանկացողները կարող են դիմել Կրթական խորհրդի գրասենեակ:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ