Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւն

2020 թւականի յունւարի 12-ին կիրակի երեկոյեան հովանաւարութեամբ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի կատարւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւնը:

Ձեռնարկին ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի դիւանի, քոյր միութիւնների, եկեղեցու շրջանի Պատգամաւորների ներկայացուցիչները եւ մի շարք բարերարներ:

Սկզբում Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ կատարւեց սրահի բացումը, Սրբազան Հօրը ընկերակցում էր Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան նախագահը եւ միասնաբար կտրեցին սրահի բացման կարմիր ժապաւէնը:

Հիւրերի մուտք գործելուց անմիջապէս յետոյ Ջութակի կատարումով հանդէս եկաւ Դանիէլ Քէշիշ Դանիէլեանը ու ներկայացրեց «Կռունկ»-ը:

Հաղորդավար պրն. Հայրիկ Աղանեանը համառօտ զեկույց ներկայացրեց եկեղեցու խորհրդի գործունէութեան եւ սրահի վերանորոգման աշխատանքների մասին:

Հաղորդավարը եկեղեցու խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց՝ Թեմակալ առաջնորդին, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդին, Ի. Հ. Արհեստաւորների միութեան, Վան-Վասպուրական պատմական հարցերի Կենտրոնին և բարերար տկն. Սեդա Կուկունեանին, որոնց աջակցութեան եւ ներդրման շնորհիւ իրականացւեց եւ գործադրւեց սրահի վերանորոգման նախագիծը նաեւ ընթերցւեց բոլոր նւիրատուների անւանացանկը, որոնք իրենց լուման էին բերել սրահի գոյքերի գնման գործընթացում:

Այնուհետեւ ջութակահար Դանիէլ Քէշիշ Դանիէլեանի կատարմամբ ներկայացւեց «Վիվալդի», օրդ. Նոռա Շահիջանեանը համերգ ունեցաւ «Աւէ Մարիա»-ով, օրդ. Մինէ Վարդանեանը ֆլէյտայով նւագէց Կոմիտասի «Շողեր»-ը և Բեթհովէնի ստեղծագործութիւններից:

Օրւայ առիթով՝ Սրբազան հայրը իր հայրական խօսքն ուղղեց ներկայներին եւ օրհնեց խորհրդի միջոցով պատրաստւած սեղանը ու բարերարների կողմից կատարւեց նւիրատւութիւններ:

Ծրագրի աւարտին Ս. Վարդանանց եկեղեցու խորհրդի քարտուղարուհի՝ տկն. Ալենուշ Բաղդասարեանը խորհրդի կողմից շնորհակալութեամբ արտայայտւեց, ազգայինների եւ բարերարների անվերապահ աջակցութիւնների համար:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ