Հայ Կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում

2020 թւականի յունւարի 30-ին հինգշաբթի, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ «Հայ Կանանց ձեռքի աշխատանքներ»-ի ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ:

Բացման հանդիսութեանը իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Թ.Հ.Թ. թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները ինչպէս նաեւ մի շարք պաշտօնական հիւրեր:

Ծրագրի բացումը կատարեց Արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը, տերունական աղօթքի կատարումով: Բացման խօսքով ելոյթ ունեցաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը այնուհետեւ տկն. Դիանա Յովհանիսեանը բացատրութիւններ փոխանցեց, պատմութեան մէջ հայ կնոջ դերի ինչպէս նաեւ Իրանում տարբեր ոլորտներում առաջինը հանդիսացող հայ կանանց մասին։

Ծրագիրը հագեցած էր գեղարւեստական բաժնից ու երկու քանոնի կատարումով հանդէս եկաւ Թրէյսի Նաւասարդեանը:

Օրւայ առիթով արտայայտւեցին ԻՔՈՄ-ի գլխաւոր պատասխանատու՝ դոկտ. Թաբաթաբային եւ տկն. Էդնա Զէյնալեանը: Դոկտ. Թաբաթաբային իր գնահատանքի խօսքը եւ գոհոինակութիւնը յայտնեց նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար, բարձր գնահատելով «Արտակ Մանուկեան» թանգարանի գործունէութիւնը:

Ծրագրին մասնակցող պրն. Նադեր Քարիմեան սարդաշթին, թանգարանի տնօրինութեանը նւիրեց «Արմանիանը Թեհրան» գրքից մէկական օրինակ։

Աւելի քան 200 հայ եւ պարսիկ այցելուներ ներկայ էին ծրագրի բացման հանդիսութեանը:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ