Պաշտօնապէս բացումը կատարւեց Հայ ակումբի նորակառոյց սրահի

Թեհրանի հայոց թեմի ճարտարապետական կոթողներից Թեհրանի Հայ հասարակական միութեան Հայ ակումբի սրահը, որը 2015-ի օգոստոսին վթարի ենթարկւեց յարակից «Ալաէդդին» բազմայարկանի կանգառի կառուցման հետեւանքով, ազգային իշխանութեան եւ Հայ ակումբի երկարատեւ աշխատանքների արդիւնքում, ահաւասիկ լիարժէք օգտագործման համար շահագործման է յանձնւել:

 Վթարային տարածքի վերակառուցւած սրահի պաշտօնական բացումը կատարւեց փետրւարի 10-ին, ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք Սարգսեանի, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի, նախորդ շրջանի Թեմական խորհրդի ու ներկայի անդամների, ճարտարապետների եւ հրաւիրեալների:

Հայ ակումբի վարչութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ասելով Սեդա Թարվերդեանը մանրամասն անդրադարձաւ այն բոլոր աշխատանքներին, որոնք իրականացել են ակումբի վերանորոգման հարցով, կարեւորութեամբ անդրադառնալով, թեմակալ առաջնորդի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, շինարարական աշխատանքների տեխնիկ պատասխանատու եւ ներկայ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի, ի մասնաւորի Թ. Հ. Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական անվերապահ աջակցութեանը, ակումբի վարիչ պրն. Վարդանեանի հոգատար վերաբերմունքին եւ գնահատանքով անդրադարձաւ անհատ բարերարների նւիրատւութիւններին, որոնց շնորհիւ հնարաւոր եղաւ իր աւարտին հասցնել ակումբի բազմակողմանի հիմնական շինարարական աշխատանքները:

Ապա ճրտպ. Արմին Էսմայիլզադէն տեսաֆիլմի միջոցով մանրամասն ներկայացրեց շինարարական աշխատանքները, ընդհուպ փլուզման պահից մինչեւ օրս: Տեսաֆիլմը մանրամասն ներկայացրեց ոչ միայն ճարտարապետական աշխատանքները, այլ նաեւ լուսանկարների միջոցով յետդարձ ակնարկ նետեց ժամանակին ակումբում իրականացած միջոցառումներին:

Եզրափակիչ խօսքի եւ օրհնութեան համար հրաւիրւեց թեմակալ առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ընդգծելով, որ վերանորոգչական աշխատանքները իրականացել են ի գին մեծ զոհողութիւնների, յոյս յայտնեց, որ վթարի մեղաւոր կողմ «Ալաէդդին»-ը իրականացնի իր խոստումները եւ պարտաւորութիւնները: Թեմակալ առաջնորդը կարեւորեց աշխատանքի մէջ չյուսահատւելու անհրաժեշտութիւնը եւ գոհունակութիւն յայտնեց, որ ակումբը իր վերանորոգ տեսքով ինչպէս անցեալում, ապագայում եւս շարունակի իր ծառայութիւնները համայնքին:

Վերջում Սրբազան Հայրը Տէրունական աղօթքով եւ օրհնութեամբ, օրհնեց նորակառոյց սրահը:

Լուրը՝ Ալիքից