Դոկտ. Շահինդոխտ Մոլլավերդիի հանդիպումը՝ Հայ կանանց միութիւնների ներկայացուցիչների հետ

Կանանց եւ ընտանիքի հարցերով հանրապետութեան նախագահի օգնական դոկտ. Շահինդոխտ Մոլլավերդին, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների բաժնի քարտուղար տկն. Ռահմանին եւ յարակից բաժինների պատասխանատուները, փետրւարի 14-ին, այցելեցին Ս. Աստւածածին եկեղեցի, որտեղ հանդիպեցին Հայ կանանց միութիւնների ներկայացուցիչների հետ:

Սկզբում, նրանք այցելեցին եկեղեցի, որից յետոյ՝ եկեղեցուն կից Թ. Հ. Կ. Եկեղեցասէր միութեան սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Ընդունելութեանը, հիւրերին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անունից ողջոյնի խօսք ասաց Արմինէ Սէթխանեանը՝ շնորհաւորելով յեղափոխութեան յաղթանակի տարեդարձը, որից յետոյ եկեղեցու այնցեալի մասին հակիրճ պատմական ներկայացրեց, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամ՝ Սեդա Թարվերդեանը:

Հանդիպմանը ներկայ կանանց երեք միութիւնների անունից՝ ծաւալւող աշխատանքների եւ պատմականի մասին հակիրճ բացատրութիւններ փոխանցեցին, «Հայ կին» միութեան վարչութեան նախագահ՝ Դիանա Յովհաննիսեանը, Հայ կանանց Եկեղեցասէր միութեան վարչութեան անունից՝ Դիանա Դաւթեանը, եւ Հայ կանանց Բարեգործական միութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանը: Վերջում, եզրափակիչ արտայայտութեան համար հրաւիրւեց դոկտ. Մոլլավերդին: Նա գնահատանքով արտայայտւեց հայ կանանց ծաւալած մարդասիրական եւ Աստւածահաճոյ աշխատանքների մասին, եւ նշեց, որ բոլորս որպէս Աստւածային կրօնների հետեւորդներ ունենք համատեղ նպատակներ՝ կերտել բռնութիւններից, ծայրայեղականութիւնից ու ճգնաժամերից զերծ աշխարհ, եւ հայ կանանց հրաւիրեց փոխգործակցութեան՝ յանուն ազատ ու անկախ Իրանի: Այնուհետեւ հիւրերին յանձնւեցին յուշանւէրներ:

Դոկտ. Մոլլավերդին եւ ընկերակցող խումբը այցելեցին նաեւ մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէն Անգինէ Մարգարեանի բացատրութեամբ՝ մանրամասն ծանօթացաւ աշխատանքներին, իսկ վերջում «Արտակ Մանուկեան» թանգարան, ուր թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը եւ գրասենեակի պատասխանատու Աշխէն Եղիայեանը բացատրութիւններ փոխանցեցին թանգարանում տեղ գտած իրերի մասին: Հանրապետութեան նախագահի օգնականը «Ալիք»-ի տաղաւարի մօտ յատուկ ուշադրութեամբ լսեց օրաթերթի պատմութեան մասին տեղեկութիւնները, եւ ի պատասխան թերթիս ուղղած հարցումին, ասաց. «Հանդիպումը առիթ էր ծանօթանալու իրանահայ կանանց կարողութիւններին, որպէսզի կարողանանք այդ կարողութիւնները ծառայեցնել համատեղ նպատակների, ի մասնաւորի՝ կանանց ու ընտանիքի բնագաւառում: Ելնելով կանանց հզօր կամքից, թող նրանք շարունակեն իրենց աշխատանքները, է՛լ աւելի մեծ նպատակների իրականացման համար»: