Այսօր Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը և մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Ս. ՆԵՐՍԷՍ ՄԵԾ (մօտաւորապէս 329-373 թթ)

Ս. Ներսէս Մեծը՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ Ս. Յուսիկ հայրապետի թոռը, ուսանել է Կեսարիայում: Հայրենիք վերադառնալուց յետոյ Արշակ Երկրորդ թագաւորը նրան նշանակել է արքունի սենեկապետ, այնուհետև, շնորհելով հոգևոր բոլոր աստիճանները, 353-ին ուղարկել է Կեսարիայ՝ ձեռնադրւելու հայոց հայրապետ: Ըստ աւանդութեան՝ այնտեղ նրա հետ ձեռնադրւել է նաև Ս. Բարսեղ Կեսարացին:

Իր աթոռակալութեան ընթացքում Ս. Ներսէսը պայքարեց պարսկական ազդեցութեան դէմ. արգելելով պարսկերէնի ուսուցումը՝ բացեց նոր դպրանոցներ, որոնցով նպաստեց թուլացած քրիստոնէական աւանդոյթների վերահաստատմանը: Նա ամէն կերպ հոգաց, որ Եկեղեցու պաշտօնեաները զինւէն գիտութեամբ և աստւածային իմաստութեամբ: Ս. Ներսէսի օրօք մեծ ծաղկում ապրեց վանականութիւնը. կառուցւեցին բազմաթիւ վանքեր ու եկեղեցիներ, որոնցով լցւեց ողջ Հայոց աշխարհը:

Սուրբ հայրապետը յայտնի էր մեծ աղքատասիրութեամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց աղքատների և կոյրերի, անդամալոյծների ու ցաւագարների սեղանակցութեան: Եւ սիրում էր անձամբ սպասաւորել ու դարմանել նրանց:

371-ին, երբ պարսից Շապուհ երկրորդ արքան մեծաքանակ զօրքով ներխուժեց Հայաստան, Ս. Ներսէսը ճակատամարտից առաջ քաջալերեց հայ մարտիկներին, որ աներկիւղ և հաւատով զինւած ՝ մարտնչեն թշնամու դէմ: Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղօթեց այնքան ժամանակ, մինչև որ հայոց բանակը լիակատար յաղթանակ տարաւ:

Հայոց կաթողիկոսը սպանւեց՝ թունաւորւելով Պապ թագաւորի կողմից: Ըստ աւանդութեան՝ սուրբը կանխապէս գիտէր թագաւորի դաւադրութեան մասին, սակայն կամովին ընդունեց մահւան հրաւէրը՝ թունաւորւած գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային: Այնուհետև իր մահն արժանավայել դիմաւորելու համար պատարագ մատուցեց, իսկ վախճանից առաջ մերձաւորներին պատմեց իրեն տրւած յայտնութիւնը սպասւող իրադարձութիւնների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նւաճողների տիրապետութեան, այնուհետև նրանց կործանման և քրիստոնէութեան վերածաղկման, ինչպէս նաև Նեռի գալստեան և աշխարհի վախճանի մասին: