Թեմական խորհրդի ատենապետի և քոյր միութիւնների նախագահների հանդիպում

Չորեքշաբթի 2020 թ. յունիսի 17-ի առաւօտեան, համայնքում աշխատող որոշ քոյր միութիւնների ցանկութեամբ ու առաջարկով Ի.Հ. Արհեստաւորների միութեան յարկի տակ գումարւեց խորհրդակցական հանդիպում: Հանդիպմանը ներկայ էին Հ.Մ. «Արարատ» Կ. նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, Հ.Մ. «Սիփան» Մ. փոխնախագահ՝ պրն. Գեւիկ Մարութեանը, Հ.Մ.Մ. «Նայիրի» Մ. նախագահ՝ պրն. Ալֆրէդ Քեշիշեանը, Հ.Մ. «Սարդարապատ» Մ. նախագահ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանը, Հ.Ուս. «Չհարմահալ» Մ. նախագահ՝ պրն. Վազրիկ Յակոբեանը եւ Ի.Հ. Արհեստաւորների Մ. նախագահ՝ պրն. Ժորժիկ Խուդավերդեանը: Հանդիպմանը հրաւիրւել էր նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:

Հանդիպման սկզբում ճրտգ. Նորայր Արամեանը ողջունեց ներկաներին, ապա նիստի օրակարգ դարձաւ «Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման» եւ «Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի տօնակատարութեան» յանձնախմբի գործունէութիւնը եւ միութիւնների կողմից ձեռնարկւած աշխատանքերը: Մասնակիցները յայտնեցին իրենց առաջարկները, քննադատութիւնները, մտահոգութիւններն ու տեսակէտները աշխատանքների վերաբերեալ:

Այնուհետեւ քննարկւեց միութիւնների աշխատանքները վերսկսւելու հարցը, եղան մտքերի եւ առաջադրանքների փոխանակումներ: Մասնակից նախագահները համառօտ կերպով զեկուցեցին իրենց միութեան ընթացիկ աշխատանքներից, հաղորդելով յառաջիկայ ծրագրերից բացատրութիւններ:

Հանդիպման առանցքը կազմեց՝ ճաշարանների եւ սրճարանների աշխատանքի վերսկսումը: Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտգ. Նորայր Արամեանը յայտնեց ճաշարանները պէտք է բաւարարեն մի քանի պահանջներ, այդ թւում՝ այցելու հայրենակիցների ջերմաչափումը, սոցիալական հեռաւորութեան կանոնների պահպանումը եւ Առողջապահական նախարարութեան կողմից մեզ թելադրւած բոլոր կանոնների գործադրումը:

Երկու ժամ տեւողութեամբ հանդիպման աւարտին քննարկման առարկայ դարձաւ նաեւ համաճարակի պատճառով երկրում եւ համայնքում ծառացած խնդիրները: Ներկայները կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը, առաջարկեցին յաճախակի դարձնել այն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ