Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի և Մեսրոպի

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից յետոյ երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրոպայ» տօնը: Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնւել է մօտ 360 թւին, Տարօնի Հացեկաց գիւղում: 406 թւին Ասորիքի Եդեսիա քաղաքում Ս. Մեսրոպն աստւածային տեսիլքի միջնորդութեամբ ստեղծում է հայոց 36 գրերը: Նա իր երկու աշակերտների՝ հետ ձեռնարկում է Աստւածաշնչի հայերէն թարգմանութիւնը: Առաջին գիրքը, որ սկսում են թարգմանել, լինում է Առակաց գիրքը: Նրանց է միանում նաև հայոց Սահակ կաթողիկոսը: Այն բնագրին մօտ լինելու շնորհիւ իրաւամբ կոչւում է «թագուհի թարգմանութեանց»: Իսկ առաջին հայերէն նախադասութիւնը, որ Մաշտոցը թարգմանում է Աստւածաշնչից, հետևեալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Ըստ վարքագիր Կորիւնի՝ Ս. Մաշտոցը ստեղծել է գրեր նաև վրացիների և աղւանների համար: Գրերի գիւտից յետոյ Ս. Մեսրոպը, Ս. Սահակ Պարթևն ու նրանց բազմաթիւ աշակերտներն սկսում են հայ գրերը տարածել ամբողջ Հայաստանում՝ բացելով նոր հայրենախօս դպրոցներ, նաև եռանդուն կերպով լցւում եկեղեցու հայրերի գրւածքների յունարէնից և ասորերէնից թարգմանութեան գործին: Աստծու օրհնութեամբ և օգնութեամբ, կարճ ժամանակում ահռելի քանակութեամբ գրականութիւն է թարգմանւում հայերէն՝ չհաշւած Աստւածաշունչն ու ծիսական մատեանները: Ուստի մեսրոպեան շրջանը հետագայում իրաւամբ ստացել է հայոց ոսկեդար անւանումը:

Իր աստւածասէր հոգին Տիրոջ ձեռքն է աւանդում 438թ-ի փետրւարի 17-ին Վաղարշապատում: Վահան Ամատունի իշխանը նրա մարմինը թաղելու համար տրամադրում է Օշականի իր տոհմական կալւածքը և սրբի մարմինը Վաղարշապատից թափորով ու մեծ հանդիսութեամբ տարւում է Օշական: Ս. Մեսրոպ Մաշտոցն այն երջանիկ հայ սրբերից է, ում գերեզմանն անխաթար հասել է մինչև մեր օրերը և շարունակում է մնալ սրբազան ուխտավայր մեզ համար: Մենք Սուրբի տօնը յիշատակում ենք տարւայ մէջ երկու անգամ՝ Սահակ Պարթևի հետ առանձին, ապա՝ Թարգմանչաց տօնին:

Ս. Սահակ Պարթևը «Հայոց հայր»՝ Մեծն Ներսէս կաթողիկոսի և իր կողակից՝ Սանդուխտ Մամիկոնեանի միակ որդին է: Նա Ս․ Գրիգոր Լուսաւորչի վերջին արու շառաւիղն է: Ծնւել է 348 թւին Կեսարիայում: Ժամանակի ընթացքում կատարեալ հելլենագէտ է դառնում: Իր բազմակողմանի հմտութեամբ «գերազանցում էր բազմաթիւ յոյն գիտնականներին»: Ս. Սահակ Պարթևն ամուսնանում , և միայն մէկ դուստր է ունենում՝ Սահականոյշին, ով դառնում է Ս. Վարդան Մամիկոնեանի մայրը:

387թ-ին Խոսրով Գ արքայի նախաձեռնութեամբ Ս. Սահակն ընտրւում է հայոց հայրապետ և պաշտօնաւարում 52 տարի՝ չհաշւած այն տարիները, որոնք անցկացնում է աքսորում: Նրա կարևորագոյն գործը հայոց գրերի գիւտից յետոյ Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ թարգմանչութեանը լծւելն ու թարգմանչական դպրոց ստեղծելն է: Կեանքի վերջին տարիներն անց է կացնում աղօթքով ու հոգևոր ուսուցմամբ և ճիշտ իր ծննդեան օրը՝ սեպտեմբերի 9-ին, 444թւին, վախճանւում է Բլուր գիւղում և թաղւում Տարօնի Աշտիշատ գիւղում, սեփական կալւածքում: Մեր եկեղեցին նրա յիշատակը նշում է երկու անգամ՝ առանձին և Ս. Մեսրոպի հետ: