Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Յիսուս Քրիստոսը՝ իր փրկչական առաքելութիւնը երկրում տարածելու եւ մարդկանց փրկութեան գործը իր լրումին հասցնելու նպատակով, ընտրեց Տասներկու առաքեալներին: Նրանք կոչւեցին առաքեալներ, նւիրեալներ՝ որոնք ուղարկւեցին՝ Աստծու պատւիրանները քարոզելու եւ Ս․ Երրորդութեան անունով մարդկանց մկրտելու, հիւանդներին բժշկելու եւ Աստծու արքայութիւնը տարածելու համար: Քրիստոսը իր նախախնամական հոգատարութեամբ՝ տարբեր պայմաններում թրծեց եւ պատրաստեց նրանց, իրենց ապագայ առաքելութիւնների համար։ Նրանք լսեցին Յիսուսի քարոզները,տեսան Նրա հրաշքները եւ Նրա խաչելութեան ու յարութեան վկան եղան: Քրիստոսը Իր համբարձումից առաջ առաքեալներին ասաց. «Ամէն իշխանութիւն տրւեց Ինձ երկնքում եւ երկրի վրայ : Ինչպէս որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպէս էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրէք: Մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28:18-19):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքեալների եւ Պօղոս առաեալի յիշատակը ոգեկոչում է Վարդավառի Բարեկենդանը կանխող շաբաթ օրը:

1-«Պետրոս առաքեալ» Պետրոս առաքեալը ամենատարեց ու գլխաւորն էր 12 առաքյալների մէջ: Եղբայրն էր Անդրէաս առաքեալի: Երկու եղբայրները ծնունդով Գալիլեացի էին՝ Բեթսայիդա գիւղից, որդիները Յովնան անունով մարդու: Նրանք ձկնորսներ էին: Յիսուսը երբ առաջին անգամ հանդիպեց Պետրոսին, նրան ասաց. «Յովնանի որդի Սիմոն, դու Կեփաս պիտի կոչւես », որ վէմ է նշանակում , Յունարէն՝ Պետրոս: Քրիստոսի կոչով Պետրոսը եղբօր՝ Անդրէասի հետ թողեց ձկնորսութիւնն ու դարձաւ Յիսուսի ամենամօտ երեք առաքեալներից ՝եկեղեցու սիւներից մէկը: Պետրոսի գործը եղաւ այն, որ աստւածային տեսիլքով հեթանոսներին ընդունեց Եկեղեցու գիրկը (Գործք 10): Իր քարոզութեան ճանապարհին Պետրոսն Անտիոքից հասնում է Հռոմ եւ գլխիվայր խաչւելով՝ նահատակւում: Նրա գերեզմանի վրայ հետագայում կառուցւում է Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին: Այս մեծ առաքեալի անունով մեզ է հասել Նոր Կտակարանը համալրող երկու նամակ:

2-«Անդրէաս առաքեալ» Պետրոս առաքեալի եղբայրն էր եւ արհեստակիցը: Նա էր, որ Պետրոսին ծանօթացրեց Յիսուսի հետ(Յովհ 1․40): Անդրէաս առաքեալը Կոչւում է «նախակոչ» առաքեալ, քանի որ նա էր, որ Յովհաննէս առաքեալի հետ միասին, առաջինը ծանօթացաւ Յիսուսին եւ հետեւեց Նրան Յովհաննէս Մկրտչի պատւէրով՝ թէ․ «Ահա Աստծու Գառը»: Անդրէաս առաքեալը Հոգեգալուստից յետոյ քարոզել է Փոքր Ասիայում, Թրակիայում, Մակեդոնիայում, Այնուհետեւ, քարոզել է Հռոմում, Բիւզանդիոնում, Հիւսիսային Յունաստանում եւ սկիւթացիների երկրում: Նահատակւել է Բաթրաս քաղաքում՝ X ձեւով խաչի վրայ. խաչ, որն այդ պատճառով կոչւում է Ս. Անդրէասի խաչ:

3-«Յակոբոս առաքեալ» Գալիլեացի ձկնորս՝ Զեբեդէոսի որդին, Յովհաննէս աւետարանչի աւագ եղբայրը: Նրանք Ս. Մարիամ Աստւածածնի ազգականներն էին: Յիսուսը Յակոբոսին եւ Յովհաննէսին տւեց «որոտման որդիներ» մականունը, քանի որ նրանց բնաւորութիւնը շատ բռնկուն էր: Յակոբոսը Պետրոսի եւ Յովհաննէսի հետ կազմում է առաքելական այն եռեակը, որն ամենամտերիմն էր Տէր Յիսուսի հետ՝ Նրա երկրային կեանքի շրջանում: Յակոբոսի մահւան մասին գրւած է Գործք Առաքելոցում (12:1-2): Նրան գլխատել տւեց Հերովդէս Ագրիպպաս Ա թագաւորը Երուսաղէմում: Այս պատճառով Յակոբոսը յայտնի է գլխադիր անւամբ։

4-«Յովհաննէսը» Յակոբոս առաքեալի փոքր եղբայրն էր: Նա ձկնորս էր եւ Յիսուսի երեք պայծառատես՝ հոգեւոր պարզ տեսողութիւն ունեցող եւ ամենամտերիմ առաքեալներից մէկը: Յովհաննէսը չորս Աւետարաններից մէկի, յայտնութեան գրքի եւ երեք կարճ նամակների հեղինակն է: Նա Յիսուսի ամենասիրելի աշակերտն էր: Աւետարանում Յովհաննէսը խոնարհաբար՝ երբեք չի նշել իր անունը, այլ օգտագործել է «Յիսուսի սիրելի աշակերտը» արտայայտութիւնը: Նա տասնւեց տարեկան էր, որ առաքելութեան կանչւեց։ Յիսուսի ձերբակալման գիշերը, նա ականատես է լինում իր վարդապետի չարչարանքներին՝ հաւատարմաբար ուղեկցում է Նրան մինչեւ Գողգոթա, որտեղ Յիսուսը Իր մօրը յանձնում է Յովհաննէսին՝ ասելով․«Սա է քո մայրը», իսկ մօրը ասում է. «Ահա քո որդին»: Յովհաննէս առաքեալը կոչւում է նաեւ սիրոյ առաքեալ, քանի որ խօսքով թէ գործով բոլորից շատ քարոզել է սիրոյ մասին: Յովհաննէսը միակ առաքեալն է, որ չի նահատակւել, այլ վախճանւել է Եփեսոսում, խոր ծերութեան հասակում, խաղաղ պայմաններում, որից երեք օր յետոյ պիտի արժանանար, իր խնամքը վայելած Աստւածամօր պատւին՝ այսինքն վերափոխման։

5-«Մատթէոս» Սկզբնական անունը Ղեւի էր, ապրում էր Կափառնայում քաղաքում եւ արհեստով մաքսաոր էր։ Մի անգամ, երբ Յիսուսն անցնում էր այն մաքսատան մօտով, ուր նստած էր Մատթէոսը, դիմելով նրան, ասում է․«Հետեւիր Ինձ»: Մատթէոսն անմիջապէս, հրաժարւում է ամէն ինչից ու Յիսուսի եւ բազմաթիւ հարկահաւաքների համար իր տանը խնջոյք կազմակերպում: Հոգեգալուստից յետոյ Մատթէոսը քարոզում է նախ Պաղեստինում, ապա Ասորիքում, Պարսից եւ Պարթեւաց երկրներում, այնուհետեւ անցնում է Եթովպիա, ուր՝ նահատակւում է: Հեղինակն է առաջին Աւետարանի:

6-«Բարդուղիմէոս առաքեալ» Հայաստանում քարոզած երկու առաքեալներից մէկն է: Նրա անունը նշանակում է Թոլոմէի որդի։ Նա Յովհաննէսի Աւետարանում յիշատակւած Նաթանայէլն է: Նրան Յիսուսին է ներկայացնում Փիլիպպոս առաքեալը: Երբ Յիսուսը տեսնում է Նաթանայէլին, ասում է. «Ահա մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Բարդուղիմէսոը ստանում է Նախադաւան առաքեալի կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, որ խոստովանեց Քրիստոսի աստւածութիւնը: Հոգեգալուստից յետոյ Բարդուղիմէոսը քարոզում է Եգիպտոսում, Միջագետքում, Պարսից երկրում եւ յետոյ գալիս Հայաստան, ուր՝ նահատակւում է Սանատրուկ թագաւորի հրամանով, Աղբակում: Նրա գերեզմանի վրայ հետագայում կառուցւել է Ս. Բարդուղիմէոս վանքը:

7-«Փիլիպպոս առաքեալ» Յիսուսի առաջին հետեւորդներից էր: Նա է, որ Բարդուղիմէոս առաքեալին բերում է Յիսուսի մօտ: Փիլիպպոսը նոյնպէս Գալիլեայի Բեթսայիդա գիւղից էր: Ս․Գրիգոր Տաթեւացին նրան Նաթանայէլի եղբայրն է համարում։ Հոգեգալուստից յետոյ քարոզել է Յունաստանում, Փոքր Ասիայում եւ խաչելութեամբ նահատակւել Ասորիքի Հիերոպոլիս քաղաքում:

8-«Թովմաս առաքեալ»Աւետարանում ներկայացւում է իբրեւ Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետեւորդ, իսկ մի ուրիշ տեղ՝ մէկը, ով Քրիստոսի յարութիւնից յետոյ թերահաւատութիւն է ցուցաբերում Տիրոջ յարութեան նկատմամբ՝ ասելով. «Մինչեւ իմ աչքերով չտեսնեմ Նրան եւ ձեռքս չմտցնեմ նրա խոցւած կողի մէջ, չեմ հաւատայ»: Յիսուսը, յայտնւելով առաքեալներին, դիմում է Թովմասին եւ ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ եւ տես ձեռքերս: Ձեռքդ բեր եւ մխիր կողիս մէջ եւ մի եղիր անհաւատ, այլ՝ հաւատացեալ»: Սրան ի պատասխան՝ Թովմասը ծնրադրում ու բացականչում է. «Տէր իմ եւ Աստւած իմ»: Հոգեգալուստից յետոյ Թովմաս առաքեալը քարոզում է Պարթեւաստանում, ապա Հնդկաստանում, ուր նետահարւելով նահատակւում է: Համարւում է Հնդկաստանի առաքեալը:

9-«Թադէոս» առաքեալը Բարդուղիմէոս առաքեալի հետ համարւում է հայոց առաջին լուսաւորիչը: Թադէոսն Աւետարանում յիշւում է մի քանի անունով՝ Յուդա Յակոբեան, Ղեբէոս: Թադէոս առաքեալը գալիս է Եդեսիա՝ Հայաստանի այսօրւայ Ուրֆա մայրաքաղաքը, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագաւորին: Ապա անցնում է Արտազ գաւառ, որտեղ այդ ժամանակ գտնւում էր Աբգար թագաւորի քեռորդի՝ Սանատրուկ արքան: Թադէոսի քարոզութեամբ Սանատրուկի դուստր Սանդուխտը հաւատում է Քրիստոսին: Սանատրուկ թագաւորի հրամանով մահապատժի են ենթարկւում եւ Սանդուխտը եւ Թադէոս առաքեալը: Թադէոս առաքեալի գերեզմանը գտնւում է Իրանի տարածքում՝ Ս. Թադէի վանքում:

10-«Յակոբոս Ալփեան» եղբայրն է Մատթէոս աւետարանչի: Յակոբոսն Աւետարանը քարոզել է Պաղեստինում եւ Եգիպտոսում, ուր եւ նահատակւել է:

11-« Սիմոն Կամ Շմաւոն առաքեալ»Մականւել է Նախանձայոյզ կոչումով: Ծնւել է Գալիլիայի Կանա Քաղաքում: Անւանւել է նաեւ Սիմոն Կանանացի: Ըստ յոյն եկեղեցու աւանդութեան` նա էր Կանայի հարսանիքի փեսան: Հարսանիքին Աստւածամօր հետ ներկայ է եղել Յիսուսը եւ գործել առաջին հրաշքը` ջուրը վերածելով գինու: Քարոզել է Աֆրիկայում, Մեծն Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ եւ նահատակւել է խաչի մահւամբ:

12-«Մատաթիա առաքեալ» Երբ Յուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկաւ որպէս մատնիչ եւ դաւաճան՝ ինքնասպան եղաւ, Յիսուսի Համբարձումից յետոյ եւ Հոգեգալստից առաջ աղօթական վիճակահանութեամբ Մատաթիան դասւեց տասնմէկ առաքեալների շարքը` որպէս տասներկուերորդը: Նա Յուդայից ցեղից էր: Հետեւել է Քրիստոսին եւ քարոզել է Հրէաստանում եւ Եթովպիայում, որտեղ եւ նահատակւել է քարկոծմամբ:

13- «Պօղոս՝ 13-րդ առաքեալ» Ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչւել է Տարսոնացի: Հրէական անունը` Սաւուղ (յունական ձեւով` Սօղոս): Հռոմի քաղաքացի էր, կրթութեամբ ու դաւանանքով` փարիսեցի, արհեստով` վրանագործ: Ելնելով հայրենի օրէնքի եւ աւանդոյթի հանդէպ նախանձախնդրութիւնից` հալածել է քրիստոնեաներին, նրանց մատնել աքսորի եւ սպանութեան: Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանութեանը Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է յարուցեալ Յիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքեալ: Յիսուսին որպէս Աստծու Որդի եւ Փրկիչ ընդունելուց յետոյ, Սուրբ Հոգով լցւած, քարոզել է Դամասկոսում, Երուսաղէմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփիւլիայում, Լիւստրիայում (Իկոնիա), Փռիւգիայում, Յունաստանում, Հռոմում եւ այլուր` ենթարկւելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, եւ բանտարկութեան: Հեղինակ է 14 առաքելական թղթերի: 67 կամ 68-ին, Հռոմում, Ներոն կայսեր օրօք, մարտիրոսական պսակ է ընդունել` գլխատւելով:

 

 

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ