Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԸՆՏԵԼԱՆԱ՞Լ ԿՈՐՈՆԱԺԱՀՐԻ ՀԵՏ…

 

Ստեղծագործութեան թագն ու պսակը եղող մարդ արարածը քիչ անգամ մտածում է այն առանձնաշնորհումի մասին, որով Աստւած նրան ստեղծել է։ Ստեղծագործութեամբ մարդ արարածը կոչւեց աշխատելու եւ իր աշխատանքով աշխարհին տիրելու, այսինք տիրութիւն անելու եւ ոչ թէ իշխելու։

Դժբախտաբար մարդ արարածը իր ստեղծագործութեան առաջին րոպէից յատկանշւեց իր անհնազանդութեամբ եւ այդ պատճառ եղաւ իր դժբախտութեան։ Աստծու անհուն սէրն ու հայրական գուրգուրանքը Նրան մղեց նորից առիթ տալ իր ստեղծած մարդուն եւ այս անգամ իր Որդին ղրկեց աշխարհը, որպէսզի կեանք ունենան։ Քրիստոս ասում է.- «Ես եկայ, որպէսզի կեանք ունենաք, եւ կեանքը լինի լեցուն» (Յհ. 10։10)։ Ու կեանքը շարունակւեց յարատեւ եւ մշտաեւ պայքարով, պայքար յանուն բարուն։ Պօղոս առաքեալը իր կեանքի օրինակով բացայայտում է ընթացքը իր կեանքի, այն ներկայացնելով որպէս յարատեւ մի պայքարի ընթացք. «Գալով ինձ ես արդէն իսկ իմ կեանքն իբրեւ զոհ նւիրել եմ Աստծուն, եւ այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մօտեցել է։ Բարի պատերազմ մղեցի, աւարտեցի կեանքիս ընթացքը, պահեցի հաւատք» (Բ. Տմ. 4։6-7)։

Պատմութիւնը վկայում է, բոլոր նրանք ովքեր իրենց կեանքը ապրել ու գործել են վստահելով Աստծուն, հաւատքով ամրապինդ պայքարել են յանուն ճշմարտութեան, յաղթական դուրս են եկել իրենց կեանքը վերածելով ամբողջական նւիրումին, սիրոյ եւ ծառայութեան։

Այսօրւայ համաշխարհայնացած ու տագնապահար աշխարհը խելակորոյս վազքի է վերածել մարդու կեանքը։ Ներկայ ժամանակների համաճարակը՝ կորոնաժահրը այնպիսի հարւած է հասցրել մեր աշխարհին, մեր կեանքին իր բոլոր երեսներով, որ մարդ արարածը, աշխարհի ղեկավարները, ովքեր իրենց նիւթական կարողութիւններով եւ ուժով յղփացած մի պահ իրենք իրենց հզօր ու անյաղթահարելի էին կարծում, ընկճւած ու տագնապահար շւարած մնացել են։ Իրենց շւարումի եւ տագնապահար վիճակի մէջ փոխանակ զգաստանալու, Աստծուն դառնալու եւ հայցելու իր օրհնութիւնն ու առաջնորդութիւնը միմեանց մեղադրելու, զրպարտելու ու բամբասելու արշաւանքի են սկսել միմեանց դէմ։

Ժողովուրդներ, հաւաքականութիւններ կորոնաժահր համաճարակի դէմ յանդիման կանգնած փոխանակ Աստծու տւած կեանքի բարիքներն միմեանց հետ սիրոյ, խաղաղութեան եւ եղբայրութեան մթնոլորտի մէջ ապրելու եւ գործելու, ժողովրդական ասութեամբ ՛՛միմեանց միս են ուտում՛՛ իրենց կեանքը վերածելով դժոխքի։

Ապրում ենք մի ժամանակում, որտեղ մարդիք չեն լսում իրենց այսպէս կոչւած ղեկավարութիւնը, որ իր կարգին չի ուզում ընդունել իր անկարողութիւնը եւ գոհանում է միայն խրատատւութեամբ։

Ապրում ենք մի ժամանակահատւածում, որտեղ համաճարակի աւերի ի տես փոխանակ իրարմով զօրացած պայքարելու անտեսանելի այս թշնամիի դէմ, միմեանց հասցէին բամբասանքի ու զրպարտութեան թունալից արտայայտութիւններ ենք արձակում։

Ապրում ենք մի ժամանակահատւածում, որ աննախընթաց է, աներեւակայելի եւ որի նման պատմութիւնը երեւի չէ ապրած։ Ժողովուրդը տագնապահար է, վիրաւոր, խելակորոյս։ Աշխարհը ամբողջ կանգնած է անորոշութեան դէմ յանդիման։ Այս դառն իրականութեան առաջ կանգնած մարդիք հարցերի շարան են տալիս՝ որտե՞ղ է Աստւած, նա ով ստեղծեց այս տիեզերքը, սա է միթէ՞ աշխարհի վերջը. բնականաբար ո՛չ, սա պարզապէս նախազգուշացում է գալիքին։

Մարդ էակը հարց է տալիս, որտեղ է Աստւած այս բոլորի մէջ. պատասխանը շատ հեշտ է նա այնտեղ է որտեղ մենք նրան դուրս ձգեցինք մեր աշխարհից, նրան դուրս ձգեցինք մեր դպրոցներից, մեր աշխատատեղերից, մեր ընկերային կեանքից, մեր պետական կեանքից, մեր ընտանիքից, անոր համար, մեր դպրոցները փակւեցին, ընկերային վայրերը՝ ճաշարաններ, մարզավայրեր, այլ խօսքով մեր կեանքի բոլոր բնագաւառներից։ Փոխանակ վստահելու Աստծուն, անձնասիրաբար մենք մեր վստահութիւնը դրինք մեր ուսերին, ի պատասխան սրան, մեր ընտանիքներից ներս պակասեց աստւածային օրհնութիւնը, մեր կառավարութիւնն ու կառավարողները շփոթահար վիճակի մատնւեցին, այլ խօսքով կեանքը դառնացաւ կորսնցնելով իր համն ու հոտը։

Այո, Աստծուն արտաքսեցինք մեր կեանքից։ Կար ժամանակ Քրիստոսի եկեղեցին ապաւէն ու պաշտպանն էր մարդուն, սակայն մարդ արարածը ինքն իրեն եկեղեցու չորս պատերի մէջ միայն սահմանափակեց առանց գործնականօրէն եկեղեցու կեանքի մաս կազմելու։ Յակոբոս առաքեալը յիշեցնում է, որ «Հաւատքը առանց գործի մեռած է» (Յկ. 2։17)։

Աւելի քան ութ ամիս է, որ մարդկութիւնը տառապում է այս համաճարակից. համաճարակի յաղթահարելու միջոցներ են որոնւում։ Միլիոնաւոր դոլարներ են ծախսւում եւ դեռեւս ծախսւելու են։ Բժշկութիւնն ու գիտութիւնը գործում են, իսկ մարդկութիւնը հակառակ ուղղութեամբ է գնում. առողջապահական թելադրութիւններ, կանոններ են մշակւում եւ հանրութեան ուշադրութեան յանձնւում առ ի գործադրութիւն, սակայն ժողովուրդը անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում. վարակւածների թիւը անցաւ 12 միլիոնից, մահացուների թիւը կէս միլիոն արդէն անցել է։
Արդարեւ ի տես այս տխուր իրականութեան հարկ է զգաստանալ, սթափել եւ զգաստութեամբ շարժել։ Թեհրանահայ մեր զաւակներին կարեւորութեամբ եւ սիրով թելադրում ենք.

Ա.- Հետեւել եւ գործադրել բոլոր այն կանոններն ու թելադրութիւնները, որոնք տրւել են պատկան մարմինների, պատասխանատուների կողմից։ Դիմակ կրելը, ձեռնոց գործածելը, որպէս կանխարգելում համաճարակի վարակման օրհնութիւն պէտք է նկատել։

Բ.- Հականեխել ու մաքուր պահել ոչ միայն մեր ձեռքերը այլեւ մեր աշխատեղին, գործատեղին, մեր ձեռքերն ու գործածելիք իրերը։

Գ.- Հեռու մնալ հաւաքներից, ննջեցեալների թաղման ու հոգեհանգստեան արարողութիւնները կատարել որքան հնարաւոր է սահմանափակ թւով պարագաներով, խուսափել հոգեճաշից եւ հոգեպատառներից եւ դրա փոխարէն նւիրատւութիւն անել բարեսիրական հաստատութիւններին, եկեղեցիներին եւ կամ ձեր նախընտրած միութեան կամ կազմակերպութեան։

Համաճարակը սահման չի ճանաչում. չունի նաեւ տարիքային զգացողութիւն, ահա թէ ինչու համար մարդ հոգեպէս, բարոյապէս եւ ֆիզիքապէս պատրաստ լինելու է որպէսզի չնւաճւի այս ժահրից, որպէսզի կարողանայ վկայել կեանք կոչւած իրականութեան։

Գիտնականներն, վարակաբան գիտնականներն ու գիտահետազօտական կենտրոնները իրենց պետութիւնների, միջազգային ֆոնդերի հովանաւորութեամբ անդադար եւ առանց յուսահատութեան գործում են այս համաճարակի պատւաստի արարման համար։ Հաւատում եմ որ աշխատողների ջանքերը վաղ թէ ուշ պիտի արդիւնաւորւեն, սակայն մինչ այդ մենք պարտինք միասիրտ ու միակամ լինենք, չարը մեզանից հեռացնենք, մեզ նմանին մէջ մեր եղբայրը, քոյրը, հարազատը տեսնենք եւ ըստ այնմ գործենք։

Միւս կողմից հայկական սփիւռքը իր հնարաւորութեան սահմաններում աշխատում ու գործում է իր ազգային-եկեղեցական կառոյցներով, միութիւններով, ՀՕՄ-ով եւ անհատ բարերարներով փորձում է իր հայրենակիցների ցաւը, նեղութիւնն ու տառապանքը մեղմացնել։ Մեծապէս գնահատելի է ԱՄՆ-ի, Քանատայի եւ եւրոպական որոշ երկրներում կայք հաստատած հայորդիների զօրակցութիւնը Լիբանանի եւ Սիրիայի հայութեան։
Ճիշդ է Պօղոս Առաքեալի հաստատումը թէ եկեղեցին մի ամբողջութիւն է, նման մարդկային մարմնին, որի մէկ անդամը երբ ցաւի, ամբողջ մարմինը ցաւում է, երբ հայկական մի գաղութ, որ ազգի մարմնի մի մասնիկն է, ցաւի, ողջ ազգը -մարմինը- ցաւ զգայ եւ այդ ցաւը փարատելու համար համախոհ ու համախորհուրդ, միակամ ու միասնական ոգիով գործի եւ հնարաւոր միջոցներով իր զօրակցութիւնը ցուցաբերի։

Այստեղ Թեհրանում եւ ինչու չէ նաեւ մեր միւս քոյր թեմերում մեր ազգային իշխանութիւններն ու ազգային եկեղեցական կառոյցներն ու միութիւնները գործում են. մենք աւելի ենք ակնկալում յատկապէս Արտասահման ապրող մեր իրանահայ ազգայիններից, կազմակերպութիւններից, միութիւններից եւ անհատ ազգայիններից։
Ժամանակն է, որ ազգովին վերաքննենք ու վերադասաւորենք մեր կեանքը, մեր մտածելակերպն ու աշխարհահայացքը. հնարաւոր չէ հնաբոյր մտածելակերպով ու աշխատելաձեւով շարունակել մեր կեանքը։ Այսօր Հայաստան, Արցախ եւ սփիւռք որպէս մէկ ամբողջութիւն պէտք է գործի, իր կեանքը պատւանդանի մեր անցեալի եկեղեցական, հոգեւոր ու մշակութային արժէքների վրայ։ Սրանից մօտաւորապէս 180 տարիներ առաջ հայ վշտի եւ ազատագրական պայքարի շեփորահար Խաչատուր Աբովեան ասել է ազգը պահողը իր լեզուն է եւ հաւատը, եթէ չլինի լեզուն ու հաւատը մարդ նմանւելու է չոր եղէգի։

Լեզուն եւ հաւատը մեր ժողովրդի ինքնապահպանման եւ ինքնուրոյնութեան գլխաւոր յենասիւններն են եւ միաժամանակ բռնի մեր եկեղեցու, ժողովրդի ու մշակոյթի պատմութեան։ Չմոռանանք որ իրական հայրենասիրութեան ակունքը հայերէնաճանաչողութիւնն է, հայերէնագիտութիւնն ու պատմութիւնն է, որի սերտողութեամբ, ուսումնասիրութեամբ հայի երակներում Հայկեաց արիւնը եւ Ղեւոնդ Երէցեան հաւատքը յարատեւ ու մշտատեւ ընթացքով հայի կեանքը կենդանի ու կենդանացնող իրականութեան են վերածում։
Իմ այս կոչ պատգամը ձեզ եմ ուղղում սիրելի հայրենակից եւ հաւատակից եղբարներ եւ քոյրեր սիրոյ ու կարօտի զոյգ զգացումներով ։ Աղօթում եմ բոլորիդ համար եւ սպասում եմ, որ դուք էլ աղօթէք ինձ համար եւ ձեր նմանների համար, որովհետեւ աղօթքը բուժիչ եւ զօրացուցիչ յատկութիւն եւ ուժ ունի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

12 Յուլիս 2020
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com