Թեհրանի նահանգային խորհրդի նախագահը այցելեց հանգուցեալ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի բնակարան

Շաբաթ՝ 2020 թւականի յուլիս 11-ին Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ տկն. Էլհամ Ֆախարիին, Թեհրանի քաղաքապետարանի բարեզարդման հիմնարկութեան նախագահ՝ պրն. Բարզինը Զարղամին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ պրն. Արմէն Նազարեանը այցելեցին հանգուցեալ արւեստագէտ-քանդակագործ՝ Լիլիթ Տէրեանի բնակարան:

Պետական այրերին ընդունեց եւ դիմաւորեց Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:
Այցի բուն նպատակն էր Թեհրանի Քաղաքապետարանի կողմից առաջարկւած նախագիծը, ըստ որի՝ հանգուցեալ Լիլիթ Տէրեանի բնակարանը վերանորոգել եւ այն դարձնել պատկերասրահ-տուն- թանգարան:

Վերոնշեալ առաջարկութեան շուրջ եղան մտքերի փոխանակութիւններ եւ խօսւեց նախագծի իրականացման գործընթացի վերաբերեալ, ի վերջոյ որոշում ընդունւեց Քաղաքապետարանի կողմից յստակեցւած նախագծի մանրամասնութիւնը ներկայացնել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին առ ի գիտութիւն, ուսումնասիրութիւն եւ պատշաճ տնօրինում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ