Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը Թեհրանում

Այս տարի Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը տօնւեց Յուլիսի 19-ին, ցաւօք երկրում տիրող համաճարակի պայմաններից ելնելով, առանց հաւատացեալ ժողովրդի, անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովրդին, անմասն չթողնելով, որոնք մտօք եւ իսնտագրամով հետեւում էին արարողութեան։

Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր տաճարում նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի եւ Ձեռամբ Արժ. Տ. Սահակ. Քհնյ. Խոսրովեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի իր խորին յուզումն արտայայտելով ասաց.
«Յուզիչ եւ միեւնոյն ժամանակ տխուր երեւոյթ է, երբ եկեղեցու տաղաւար տօներից վարդավառը տօնելիս, եկեղեցին իր դռները փակել է իր հաւատացեալների առաջ»։ Սրբազան Հայրը յաւելեց մարդկային կեանքի մէջ ամէն ինչ՝ ուրախութիւն, դժւարութիւն, չարչարանք, նոյնիսկ հալածանք մեզ համար է։ Էականը եւ կարեւորը այն է, որ մարդ իր կոչումին եւ առաքելութեան գիտակցելով ապագայի տեսլականը ունենալով, յաղթահարի այդ բոլորը։

Ապա Սրբազան հայրը օրւայ խորհրդին անդադառնալով ակնարկեց, որ այս տօնը պատմութեան մէջ խորը արմատներ ունի։ Յիսուս նախքան Պայծառակերպութեան դէպքը, իր աշակերտներից հարցրել էր, թէ ժողովուրդը իր մասին ի՞նչ է ասում։ Նրանք պատասխանել էին թէ ոմանք ասում են դու Եղիան ես, ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը, իսկ ուրիշներ մարգարէներից մին։ Ապա իր առաքեաներին ուղղելով իր հարցը, ուզեց իմանալ թէ ի՞նչ է նրանց կարծիքը Իր մասին։ Պետրոս առաքեալը, իրեն յատուկ փութկոտութեամբ ասաց. «Դու Քրիստոսն ես,Կենդանի Աստծու Որդին»։ Յիսուսը անդրադառնալով Իրեն հետեւելու պայմաներին՝ առաքեալներին ու հետեւորդներին յորդորեց ուրանալով իրենց անձը, սեփական խաչը վերցնել ու Նրան հետեւել։ Անձը ուրանալ՝ Պօղոս Առաքեալի բառերով սեփական ես-ի փոխարէն, ներաշխարհում Քրիստոսին ապրեցնել է։

Սրբազան Հայրը անդրադառնալով պայծառակերպութեան խորհրդին՝ յաւելեց. «Յիսուսը այս դէպքից յետոյ իր հետ վերցնելով երեք առաքեալներին Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին Թաբոր լեռը ելաւ, եւ աղօթելիս պայծառակերպւեց, ու իր առաքեալներին բացայայտեց Իր Աստուածային ինքնութիւնը, որպէսզի նրանք եւս իրենց հերթին, միւսների մօտ այդ մեծ ճշմարտութեան վկան լինեն։ Իրադարձութիւն՝ որին վկայեցին Հին Կտակարանեան Երկու մեծ մարգարէներ Մովսէս եւ Եղիան եւ Հայր Աստւած։

Սրբազան Հայրը այս կարեւոր իրադարձութիւնից մեզ հասնող պատգամին կենտրոնանալով, կարեւորեց առանձնութեան մէջ Աստծուն աղօթելն եւ դրանից գոյացող անդորրը։ Իրավիճակ որ գօտեպնդում է հաւատացեալին, ու նա զօրացած շարունակում է իր առաքելութիւնը։
Երկրորդ՝ Քրիստոսը լեռ բարձրացաւ որպէսզի իր հետեւորդներին ուսուցանի, որ հաւատքի կեանքը այդքան էլ հեշտ չէ։ Կեանք որ հալածանք եւ նեղութիւն է ակնկալում։ Կեանք, որ ի վերջոյ Քրիստոսով յաղթանակով պիտի պսակւի։

Սրբազան Հայրը ապա անդադարձաւ, Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից Նաւասարդեան վարդավառ տօնը Քրիստոսի պայծառակերպութեանը միացնելու կարեւորութեան։ Տօ՛ն որ մեզ ջրի պէս պայծառութիւն եւ սրբութիւն ու աղաւնու պէս պարզութիւն է հաղորդում։

Ի վերջոյ Սրբազան հայրը հաւատացեալներին յորդորեց հաւատքով զօրացած աղօթել իրենց հոգեւոր առաջնորդների, աշխարհի բարօրութեան, եկրների ղեկավարների, ի մասնաւորի Հայաստանի եւ Արցախի ժողովրդի եւ բանակի համար եւ վերջապէս Սրբազան Հայրը թելադրեց աղօթել կորոնավիրուսի յաղթահարման՝ այստեղ Իրանում եւ ողջ աշխարհում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ