Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդի Մամլոյ Ասուլիսը

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը երեքշաբթի փետրւարի 23-ին Իրանի իսլամական խորհրդարանի և առաջնորդութեան բանիմացների ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մամլոյ ասուլիսի մասնակցելով պատասխանեց լրագրողների հարցումներին:

Գերշ. Սրբազան հայրն ասուլիսի ժամանակ ընդգծելով այն կէտը, որ ցանկացած երկրում ժողովրդի համար բարեկեցիկ կեանք ապահովելու և նրա կենսապայմանները բարելաւելու համար ընտրութիւններ են կազմակերպւում, ասաց. «Ընտրութիւնների կազմակերպումն իրականութեան մէջ արտայայտում է ժողովրդի քաղաքական, ընկերային ու մշակութային զարգացման մակարդակը: Ես 17 տարի է ինչ ծառայում եմ Իրանում և ականատես եմ եղել խորհրդարանական չորս ընտրութիւնների, որոնք ամէն անգամ կազմակերպւել են առաւել շքեղութեամբ»: 

«Ընտրութիւններին ժողովրդի մասնակցութիւնն արտայայտում է ժողովրդի և ընտրութիւնները կազմակերպող ղեկավարների միջև փոխվստահութեան գոյութիւնը: Մենք վկան ենք, որ Իրանի մեծայարգ առաջնորդը ժողովրդին խրախուսում ու կոչ է անում մասնակցել ընտրութիւններին և դա ապացուցում է այն իրականութիւնը, որ ժողովուրդը գտնւում է քաղաքական զարգացման բարձր մակարդակում»,-ընդգծեց Գերշ. Սրբազան Հայրը: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասաց. «Ազատ ու թափանցիկ ընտրութիւնները ժողովրդի զարգացման մակարդակի ապացոյցն են: Անկասկած այս ընտրութիւններն էլ կկազմակերպւեն նոյն գիտակցութեամբ: Ես Իրանի ժողովրդին ու մեր եկեղեցու զաւակներին կոչ եմ անում միասնական շարքերով մասնակցել ընտրութիւններին»: 

Սրբազան Հայրն այնուհետեւ պատասխանեց ներկայ լրագրողների հարցումներին: Լրագրողներից մէկը հետաքրքրւեց իրանահայութեան բնակչութեան ու նաեւ քւէարկութեան մասնակցելու պայմանները լրացնող անհատների թւի մասին, որին ի պատասխան Գերշ. Սրբազան Հայրը պատասխանեց. «Իրանում բնակւում են 100 հազար քրիստոնեաներ, որոնցից 80 հազարը հայեր են և բոլորն էլ իրենց պարտականութիւնն են համարում մասնակցութիւն բերել երկրի հարցերի տնօրինման գործին»: 

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդն աւելացրեց. «Մենք բոլոր փոքրամասնութիւններին ու նաև մեր եկեղեցու զաւակներին կոչ ենք արել մասնակցելու ընտրութիւններին: Ես անգամներ յայտարարել եմ, որ Իրանի ժողովուրդը իր երկրին ու իրաւունքներին տէր է կանգնում: Դրա պարզ օրինակն այն է, որ ահա 30 տարի է ինչ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տնտեսական ճնշում են գործադրում Իրանի ժողովրդի վրայ, սակայն բարեբախտաբար որևէ յաջողութիւն չեն ունեցել: Իրանի ժողովուրդը շարունակ թիկունք է կանգնել իր երկրին և աշխարհին ապացուցել է, որ յարգում է իր իրաւունքներն ու պատրաստ չէ դրանց կապակցութեամբ զիջումների գնալ»: