ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայ եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը "Սուրբ Վարդանանց" Զօրավարների: "Վարդանանք" ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 11-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ պատարագ ձեռամբ Արժ․ Տ․ Մաշտոց Քահանայ Խաչատրեանի։ Արարողութեանը նեկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Սրբազան Հայրը յընթացս քարոզի, ասաց, Սրբոց Վարդանաց տօնը լինելով ազգային մեծ տօն, ոգեկոչւում է ամենուրէք հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կողմից։ Նա Վարադանանց պատերազմը բոլոր ժամանակներում յիշւող տօն համարելով ասաց․ «Վարդանաց պատերազմը մղւել է յանուն հաւատքի եւ հայրենիքի։ Մարդկային պատմութիւնը ցոյց է տւել մեզ, որ յաւիտենական արժէքների համար, որեւ է մէկ քայլ, բոլոր ժամանակներում ապրող մարդկանց պատերազմ է»։ Նա յաւելեց, որ մեր հայրերը գիտակցաբար արհամարհեցին ամէն ինչ, արհամարհեցին աշխարհային փառքն ու Յազկերտ թագաւորի խոստումները եւ ցանկացան այն ինչ որ երկնային ու մնայուն է։ Նրանք գտել էին մի այնպիսի գանձ, որ ոչ ոք չէր կարող նրանց ձեռքից խլել։ Աւարայրի ճակատամարտը Աստւածային եւ գերագոյն արժէքների համար մղւած պատերազմ էր, այդ իսկ առիթով հանդիսացաւ լինել անաւարտ եւ յաւերժ պայքար»։

Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով Հայրենիքն ու հաւատքը համարեց այն գանձները, որոնք պահպանում եւ զօրացնում են մեզ։ Նա նաեւ կարեւորեց Վարդանանց շնչով նոր սերնդի դասիրակումը։ Ի վերջոյ ակնարկելով Արցախեան պատորազմի ընթացքին հայրենի հողի կորստին, յոյս յայտնեց, որ հայ ժողովուրդը ինչպէս միշտ, յանուն հայրենիքի եւ յանուն հաւատքի, Աստծուն յուսալով պիտի վերականգնի իր իրաւունքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ