Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն. 

Քառասնօրեայ պահեցողութեամբ ապրւած ապաշխարութիւնից եւ Աւագ Շաբթւայ տխուր, սահմռկեցուցիչ, յուսահատեցնող դէպքերից՝ մատնութիւնից, դատավարութիւնից, խաչելութիւնից ու թաղումից յետոյ տեղի ունեցած Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը նոր յոյսի, լոյսի ու կեանքի անսպառ զգացումներով պարուրում է առաքեալների միտքն ու հոգին, կերպարանափոխում նրանց, նրանցից վանելով յուսահատութեան, վախի ու անորոշ ապագայի ուրւականը։

 

Կատարւած էր պատմութեան մեծագոյն հրաշքը, Քրիստոս յարութիւն էր առել, ինչպէս որ կանխատեսել էր Ինք։ Իր երկրաւոր կեանքի եռամեայ տնօրինական առաքելութեան ընթացքին, Յիսուս յաճախ խօսեր էր իր առաքեալների եւ անմիջական հետեւորդների իր յարութեան եւ յարութիւնը կանխող խնդիրների մասին։ Այսպէս, դէպի Երուսաղէմի իր ճանապարհին Յիսուս ասաց իր աշակերտներին. «Ահա գնում ենք Երուսաղէմ, որտեղ մարդու Որդին պիտի մատնւի աւագ քահանաների եւ օրէնքի ուսուցիչների ձեռքը, որոնք մահւան պիտի դատապարտեն նրան եւ ապա յանձնեն հեթանոսներին, որոնք պիտի ծաղրեն, ծեծեն եւ խաչ հանեն նրան, բայց նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի» (Մտ. 20։18-19)։ Քրիստոս Յովնան մարգարէի օրինակով օրէնքի ուսուցիչներին եւ փարիսեցիներին խօսեր էր իր յարութեան մասին, իբրեւ պատասխան վերջինների այն արտայայտութեան թէ «Ուզում ենք, որ մի հրաշք գործես եւ տեսնենք» Յիսուս ասում է.«Աստծուն անհաւատարիմ եւ չար սերունդ. նշան էք ուզում։ Յովնան մարգարէի նշանից բացի ուրիշ նշան չի տրւելու ձեզ։ Ինչպէս Յովնանը երեք օր ցերեկ ու գիշեր կէտ ձուկի փորում մնաց, նոյնպէս էլ մարդու Որդին երեք օր՝ ցերեկ ու գիշեր երկրի ընդերքում պիտի մնայ» (Մտ. 12։39-40)։ 

Քրիստոսի խաչելութեան եւ թաղման տխուր իրականութեան ի տես առաքեալները, մի պահ, մոռացած Քրիստոսի վերոյիշեալ խօսքերը անհուն տրտմութեան ու անորոշութեան խաւարի մէջ տւայտում էին, երբ յանկարծ կիրակի առաւօտ Մարիամ մագդաղենացին, Յովհաննան եւ Յակոբոսի մայրը՝ Մարիամը, որոնք գերեզման էին գնացել խնկելու համար իրենց վարդապետի մարմինը եւ տեսել թափուր գերեզմանն ու լսել հրեշտակների աւետիսը յարութեան, գալիս են ու առաքեալներին պատմում իրենց տեսածի ու լսածի մասին։ Առաքեալները, որոնք դեռեւս նախորդ օրերի դէպքերի ազդեցութեան տակ էին, չհաւատացին ասւածին, Աւետարանիչի բառերով «Առաքեալները ցնդաբանութիւն համարեցին նրանց պատմածները եւ չհաւատացին նրանց։ Բայց Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, կռանալով ներս նայեց եւ գերեզմանի մէջ տեսաւ միայն պատանքը։ Նա զարմացած վերադարձաւ՝ մտածելով, թէ ինչ էր պատահել արդեօք» (Ղկ. 24։11-12)։ 

Յարուցեալ Տէրը բազմաթիւ առիթներով եւ տարբեր ժամանակներով երեւում է Մարիամ Մագդաղենացուն, տասնմէկ աշակերտներին, Եմմաւուս գիւղը գնացող երկու աշակերտների եւ աւելի քան հինգ հարիւր հաւատացեալների. Նա աշակերտների մի քանի առիթներով է հանդիպում հաստատելու իր յարութեան իրողութիւնն ու վաւերականութիւնը։ 

Այս երեւումները Յարուցեալ Տիրոջ յոյսի, հաւատքի այլեւ նոր եռանդի ու նոր կեանքի ապրումներով զօրացրին ու կենսաւորեցին առաքեալներին, իսկ Հոգեգալուստից յետոյ ամէն մի առաքեալ, ամէն մի հետեւորդ Քրիստոսի յարութեան հաւատքով արիացած սկսեցին համարձակօրէն, քաջաբար քարոզել յարուցեալ Քրիստոսը։ Յարութեան անշէջ կրակով հրդեհւած առաքեալները յարուցեալ Փրկչին լոյսը տարածեցին աշխարհով մէկ։ 

Լոյսը յարութեան ու կեանքի փարատեց խաւարն ու կասկածամտութիւնը Քրիստոսի հետեւորդների սրտից նրանց վերածելով մէյ մէկ ռահվիրանների, ճշմարտութեան ու ճշմարիտ կեանքի ռահվիրանների, որոնք հերոսաբար յայտարարեցին որ Քրիստոս ինքն է ՛՛Յարութիւնը եւ կեանքը՛՛ (Յվ. 11։25) որ ինքն է ՛՛ճանապարհը, ճշմարտութիւնն ու կեանքը՛՛ (Յվ. 14։6)։ 

Քրիստոսի լուսաշող յարութեան հաւատքով զրահաւորւած Քրիստոսի առաքեալներն ու նրանց հետեւորդները ամէն տեղ աշխարհով մէկ շեփորեցին Քրիստոսի յարութիւնը, որ եղաւ Քրիստոսի եկեղեցու զօրութիւնն ու ներշնչման աղբիւրը։ 

Յարութիւնը Քրիստոսի քրիստոնէական վարդապետութեան եւ կրօնի ողնասիւնն ու առանցքն է։ Հաւատքը յարութեան եղաւ զրահանդերձը Քրիստոսի անմիջական հետեւորդների՝ ու առաքեալների, աշակերտների եւ նրանց հետեւորդների, որոնք աշխարհով մէկ իրենց քարոզութեամբ ու վկայութեամբ հանդիսացան յարուցեալ Փրկչին յաւերժաբոյր զինւորները։ 

Հաւատքով ու յարութեան խորհրդով ապրող ու գործող մարդկութիւնը վերածնւում է լուսատու աստղի, ճառագայթարձակ լոյսի եւ յաւերժագնաց ուղեւորութիւն առ Աստւած։ 

Հայաստան աշխարհը անմասն չմանց Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհրդից։ Շնորհիւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս առաքեալների քարոզութեան Հայաստանի երկնակամարը ողողւեց յարութեան լոյսով եւ հողն էլ առաւել եւս պարարտացաւ նահատակների եւ յարութեան վկաների սուրբ արեան հեղումով։ 

Մեր ժողովուրդը այն օրից, որ ընդունեց քրիստոնէական լոյս հաւատքը, իր կեանքը ապրեց ու կենսաւորեց Քրիստոսի հրաշափառ Յարութեան տեսիլքով, այնքան որ մահը իրեն համար չեղաւ կեանքի վերջակէտ այլ մի պատուհան բացւած յաւիտենականութեան։ 

Մեր ողջ պատմութիւնը գեղեցկագոյն վկայութիւնն է այս ճշմարտութեան։ Բանանք արիւնոտ էջերը մեր ժողովրդի պատմութեան, որոնցում հանդիպում ենք հաւատքի ախոյեանների, հերոսների, խոնարհ սպասաւորների ու զինւորների որոնք յարութեան, յաւիտենականութեան տեսիլքով, հաւատքով ու յոյսով զինւած մահից չվախեցան, այլ արհամարհելով նրան ասացին առաքեալի բառերով.- 

« Ու՞ր է, մա՛հ քո յաղթանակը

  Ու՞ր է, մահ քո խայթոցը»։ (Ա. Կր. 15։55) 

Իր եղբօր մահը ողբացող Մարթայի այն խօսքին թէ «Տէր, եթէ այստեղ լինէիր իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստծուց խնդրես, Աստւած կը տայ քեզ» Յիսուս ասում է.- «Ես եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով հաւատում է ինձ թէպէտ եւ մեռնի կ՛ապրի» (Յովհ. 11։ 21-25)։ 

Կեանք եւ Յարութիւն եղող Տէրը յարատեւօրէն իրեն հաւատացողների հետ է. զօրացնում ու ամրապնդում է նրանց դիմանալու աշխարհից իրենց առջեւ պատնեշւած լեռնանման դժւարութիւնների, նոյնիսկ մահւան, քանի որ կայ խոստումը.«Նա ով հաւատում է ինձ, թէպետեւ մեռնի կ՛ապրի»։ 

Քանի՜ քանի՜ անգամներ ոխերիմ թշնամին մեր ժողովրդին ջարդեր ու կոտորեր է, քանի անգամներ մեր երկիրը տրորւել է արշաւող բարբարոսների ձիերի սմբակների տակ, քանի անգամներ հայոց երկնասլաց տաճարների վանական համալիրների գմբէթները քանդւել ու աւերւել են, սակայն հայը իր արարատանման հաւատքով, ապրելու, ստեղծագործելու ժայռանման կամքով կարողացել է իր կեանքի ընթացքը շարունակել։ Տէրզօրի սահմռկեցուցիչ կեանքը ապրած, խաչեալ եւ սակայն ոչ մեռեալ, այլ յարուցեալ մեր ժողովուրդը այսօր յետ  Ցեղասպանութեան հարիւրամեակին, նոր կեանքի հեռանկարով ու տեսիլքով ուխտել է կերտել նոր հարիւրամեակ եւ այն տօնել Արարատի, Նեմրութի, Սիփանի ու Մարութա սարերի լանջին։ 

Բայց մինչ այդ հարկ է վերածնւած կեանքով գործել ապաբարոյականացած ու յուսախաբութեան եզրին հասած աշխարհում։ Քրիստոսի հրաշափառ յարութեան հաւատքով ամրապինդ հարկ է տէր կանգնել մեր նոր սերունդի, նրան փոխանցելով քրիստոնէական, ազգային տոհմիկ եւ հայրենասիրական դաստիարակութիւն։ 

Սիրելի ծնողներ,

Տէր եղէ՛ք ձեր զաւակներին, երբ դեռ ուշ չէ, թեւ եւ թիկունք կանգնենք մեր դպրոցներին, եկեղեցիներին ու միութիւններին, համախումբ ու միակամ շարունակենք մեր պահանջատիրական պայքարը ու վստահ եղէք որ հաւատքով ու յոյսով ապրւած կեանքն ու մղւող պայքարը անպայմանօրէն փառքի պսակով իր վախճանակէտին կը հասնի։ 

Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը տօնն է նոր կեանքի, Քրիստոսով ապրւող, քրիստոսազգեաց կեանքի, այլ խօսքով հաւատքի, յոյսի եւ սիրոյ կեանքի, որով դարերով մեր հայրերը ապրեցին ու յաղթեցին մահւան։ 

Յարութեան հաւատքով պայծառացած այս արեւաշող առաւօտեան հարազատօրէն ողջունենք միմեանց, միմեանց փոխանցելով Յարութեան Աւետիսը ասելով՝ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս, Ամէն։ 

Յարութեան այս կենսաբոյր եւ լուսավառ աւետիսով շնորհաւորում ենք մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ կան եւ բոլորին ցանկանում առողջութիւն, յաջողութիւն, պայծառատեսիլ ապագայ եւ մեր հայրենիքին ու եկեղեցուն անսասանութիւն. Ամէն։ 

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ