ՍՐԲԱԶԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՇԱԲԱԹՒԱՅ ԱՌԻԹՈՎ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ՝ ՀԱՅԿԱՆ ԵՒ ԷԴՄՈՆԴ ՄՈՎՍԻՍԵԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, սեպտեմբերի 24-ի երեկոյեան Իրանագիտութեան հիմնադրամի պատասխանատուն եւ այլ պատասխանատուներ այցելեցին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիներին մի քանի ամիս տարբերութեամբ նահատակւած հայր ու որդի Հայկակ եւ Էդմոնդ Մովսիսեանների բնակարան:

Էդմոնդ Մովսիսեանը նահատակւել է 1981 թւականի յունիսի 17-ին, Թեհրանում գտնւող Հաֆթէ թիր հրապարակում եւ մի քանի ամիս անց 1981 թւականի սեպտեմբերի 3-ին, նոյն հրապարակում նահատակւել է նրա հայրը Հայկակ Մովսիսեանը:

Նրանց յիշատակը մեծարելու նպատակով՝ նահատակների բնակարան այցելեցին՝ Իրանագիտութեան հիմնադրամի նախագահ դոկտ. Մոհամմադ Հոսէյն Ռաջաբի Դաւանին եւ կենտրոնի այլ պատասխանատուներ, Թեմական խորհրդի անդամ Հայկազ Շիրւանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայ նահատակների ու անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Գուրգէն Քարամեանը:

Դոկտ. Դաւանին կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի եւ պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի փոքրամասնութիւնների եւ ի մասնաւորի՝ հայ հայրենակիցների անմնացորդ դերակատարութեանը, որոնք իրանցի միւս հայրենակիցների հետ միասին իրենց կեանքը նւիրաբերեցին յանուն Իրանի հողային ամբողջականութեան պահպանման: Նա ընդգծեց, որ Իրանագիտութեան հիմնադրամը պատկանում է բոլոր իրանցիներին: Հանդիպմանը, ազգային մարմինների ներկայացուցիչների կողմից հիւրերին համապարփակ տեղեկութիւններ փոխանցւեց իրանահայ համայնքի ներկայի եւ անցեալի աշխատանքների վերաբերեալ:

Հանդիպմանը, որին ներկայ էր նահատակների որդին եւ եղբայրը՝ Արմէն Մովսիսեանը, քհնյ. Հայրն աղօթեց նահատակների հոգիների խաղաղութեան համար, իսկ վերջում հիմնադրամի կողմից գնահատագիր յանձնւեց նահատակի կնոջն եւ միաժամանակ որդու մօրը՝ Սիրվարդ Մովսիսեանին:

Լուրը՝ «Ալիք»-ից