Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՒԵՑ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ Ի ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 22-ին, Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերպ. Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանի եւ Քահանայից դասի կատարւեց խաղաղութեան մաղթանք՝ ի զօրակցութիւն Արցախահայութեան եւ յանուն խաղաղութեան:

Արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, եկեղեցական խորհուրդների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:

Յընթացս Աղօթքի Գերպ. Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արամ Ա. Կաթողիկոսի դատապարտման ուղերձն ընդդէմ Ադրբէջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման՝

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը խստագոյնս դատապարտում է Ադրբէջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։ Լաչինի միջանցքը նշանակաւոր փրկութիւն է արցախահայութեան համար, որն ապահովւած է 2020 թւականի նոյեմբերի 10-ի Եռակողմ յայտարարութեամբ՝ ապահովելու նրանց անսահմանափակ երթեւեկութիւնը դէպի Հայաստան: Ադրբէջանը, խախտելով իր միջազգային պարտաւորութիւնները, շրջափակել է ճանապարհը եւ կտրել Արցախը Մայր Հայաստանից։ Իրականացւում է անբացատրելի ծանր հումանիտար ճգնաժամ. Արցախի 120.000 բնակիչները երրորդ օրն է որ մնում են ամբողջովին թակարդում: Նրանք զրկւած են արտաքին աշխարհից եկող սննդամթերքից, դեղորայքից եւ առաջին անհրաժեշտութեան այլ պարագաներից։ Եւս 1100 արցախահայեր, որոնց թւում են տարեցներ եւ 270 երեխաներ մնացել են փակւած ճանապարհին, չկարողանալով վերադառնալ իրենց տներն ու ընտանիքների մօտ։ Առաւել տագնապալի է, որ Ադրբէջանը դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստանից Արցախ՝ թողնելով մեկուսացւած բնակչութեանը միայնակ պայքարելով իրենց գոյատեւման համար առանց ջերմութեան ձմռան ցուրտ պայմաններին: Հիւանդանոցները, դպրոցները եւ հանրային ծառայութիւնները ի վիճակի չեն նորմալ աշխատել: Հեռանկարը չարագուշակօրէն դառնում է սոսկալի: Հումանիտար սարսափելի աղէտ է ծաւալւում, որը յատուկ նախագծւած է Արցախի հայ բնակչութեանը վերացնելու համար։

Մենք ականատես ենք Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտումների եւ ցեղասպանութեանը ուղղւած միտումնաւոր եւ կոնկրետ քայլերի։ Դա մի քաղաքականութիւն է, որը Ադրբէջանը անխնայ վարել է հակամարտութեան սկզբից ի վեր, ինչի վկայութիւնն են հայերի ջարդը Բաքւում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլ քաղաքներում։ Ցնցող է, բայց այն յիշեցնում է տխրահռչակ «Օղակ» օպերացիան 1991-ի գարնանը, երբ Ադրբէջանը փորձեց շրջապատել, ապա խեղդամահ անել Արցախի հայ բնակչութեանը՝ բնաջնջելու նպատակով։ Ցեղասպանութեան մօտալուտ վտանգը կրկին ծանրաբեռնւած է այժմ մեկուսացւած եւ շրջապատւած հայ բնակչութեան վրայ: Անյապաղ մարդասիրական գործողութիւնների անհրաժեշտութիւնը չափազանց կարեւոր է: Դա պարտադիր է թէ իրաւաբանօրէն եւ թէ բարոյապէս:

Այսու, ես կոչ եմ անում համաշխարհային կառավարութիւններին, մասնագիտացւած կազմակերպութիւններին, հոգեւոր առաջնորդներին, քաղաքական գործիչներին, իրաւապաշտպաններին եւ մեր հայկական սփյուռքին՝ անյապաղ հաշւի առնել Արցախում արագօրէն վատթարացող իրավիճակը եւ անտարբեր չմնալ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Կրկին ցեղասպանութեան շեմին, կոչ եմ անում ձեզ վճռականօրէն գործել, կոչ անել ձեր կառավարութիւններին խստօրէն դատապարտել Ադրբէջանի գործողութիւնները, պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբէջանի դէմ եւ համոզմունքով ու վճռականօրէն ձեռնարկել բոլոր իրաւացի գործողութիւնները՝ փրկելու Արցախի ժողովրդին անմիջական բնաջնջումից»։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի իր քարոզի ընթացքում յայտնեց.-
«Սիրելի հայրենակից հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ՝
Հազարաւոր տարիների խորքից եկող Սաղմոսներով եւ Աղօթքով հայցեցինք Աստծուց, որպէսզի աշխարհին խաղաղութիւն տայ ու այս պարագային Հայոց Աշխարհին եւ մանաւանդ Արցախ աշխարհին, որ այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում է»: «Աղօթեցինք, որ Աստւած զօրացնի մեզ՝ մեր նեղութիւնների եւ տառապանքների մէջ: Համբերութիւն շնորհի մեզ, որպէսզի համբերութեամբ մենք տոկունանանք եւ տոկունութեամբ մենք կարողանանք մեր կեանքը իր կամքի համաձայն ապրել, որովհետեւ ինչպէս Առաքեալն է ասում՝ «Համբերութիւնը Կեանք է տալիս, յոյս է ներշնչում եւ յոյսը ամօթով չի թողնի մարդս»:

Սրբազան Հայրը շարունակեց.- «Հայ աշխարհը այս վերջին տարիներին տառապալից պահեր շատ է ունեցել եւ դեռ ունենում է: Այս օրերին, մենք այդ պահերից ծանրագոյնն ենք ապրում, երբ հայոց արծւեբոյն հանդիսացող Արցախի մեր ժողովուրդը անմարդկային վերաբերմունքով շրջափակման է ենթարկւել եւ այդ շրջափակումը նրանց զրկում է մարդկային կեանքի անհրաժեշտ եղող սննդից, անհրաժեշտ պիտոյքներից եւ նաեւ ինչուչէ անհրաժեշտ նիստ ու կացից»:

Սրբազան Հայրը յայտնեց.- «Մենք մեր պատմութեան մէջ, դժբախտաբար նման պարագաներ շատ ենք ունեցել, յատկապէս մեր պատմութեան վերջին հարիւր յիսուն տարիների ընթացքին, երբ Օսմանեան կայսրութիւնը սկսաւ հետզհետէ տկարանալ եւ կործանումի եզրին հասնել: Հետեւաբար այդ կայսրութեան օձածին ղեկավարները ուրիշ բան մտածեցին եւ որոշեցին այս անգամ համաթուրանական աշխարհ առաջ բերել եւ այդ աշխարհի յառաջ բերման մէջ առաջին արգելք հանդիսացողը Հայաստանն էր եւ հայ ժողովուրդը ու այդ թւականից սկսեալ ամէն ջանք սկսեցին թափել, որպէսզի հայը բնաջնջւի, որպէսզի հայը չմնայ»: «Մենք բոլորս գիտենք թէ ցեղասպանութիւնը արդիւնք եւ հետեւանքն էր այդ բոլորին երբ մէկ ու կէս միլիոն ժողովուրդ իր բնական օրրանից դուրս հանւեց եւ քշւեց դէպի անդնդախոր ձորեր, կիզիչ անապատներ՝ այն յոյսով, որ ինքը պիտի կարողանայ իր ծրագիրն իրագործել»:

Սրբազան Հայրն ընդգծեց.- «Այդ բոլորը կատարւեցին դարձեալ ամբողջ աշխարհի նայւածքի ներքեւ, բայց ոչ ոք տեղից չշարժւեց տէր կանգնելու գաղթականութիւն եւ ցեղասպանութիւն ապրող մեր ժողովրդին: Սակայն մեր ժողովուրդն իր ամուր հաւատքով, իր յանձնառութեամբ ապրելու եւ իր աննկուն կամքով անապատի աւազներից վերածնւեց եւ այս անգամ ծնունդ տւաւ իր անկախութեան եւ իր հայրենքին»: «Մայիսեան յաղթապանծ ճակատամարտերից յետոյ մեր ժողովուրդը որոշ պայմանների մէջ խաղաղօրէն ապրեց մինչեւ 1990-ական թւականները երբ դարձեալ մեր ժողովրդին կարծէք առիթ տրւեց իր հայրենի հողի վրայ ազատ եւ անկախ հանրապետութիւն ունենալու եւ ունեցաւ: Ունեցաւ նաեւ իր ազատ ու անկախ Արցախը՝ կապւած Հայաստանին, որ մեր ժողովրդի միլիոնաւոր զաւակների դարաւոր երազանքն էր: Երանական այդ վիճակը դժբախտաբար երրորդ տասնամեակի աւարտին արդէն խարխուլ վիճակի մէջ էր: Հայաստանի ներքին երկպառակութիւնը մեզ այսօրւայ այս վիճակին հասցրեց: Աթոռամոլութիւնը դժբախտաբար մեր ղեկավարութիւնը կուրացրեց եւ այս անգամ իշխանութեան գլուխ եկաւ այնպիսի մի ղեկավար, որն անտեղեակ իր պատմութիւնից, իր ժողովրդի անցեալի կեանքից եւ ինքն իրեն իրաւունք տւեց Արցախի ժողովրդի անունից խոստումներ տալու դարաւոր այն թշնամուն, որ արդէն հարիւրաւոր տարիներից ի վեր սպասում էր այս պահին»: «Իսկ այսօր դժբախտաբար մեր երկիրը շատ տխուր պահեր է ապրում: Այսօր աւելի քան 15 օրէ ի վեր Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մէջ են, մեր տարեցները, մեր երիտասարդները, երեխաները եւ մեր նորածին մանուկները կեանքից զրկւելու սեմին են»:

Սրբազան Հայրն ընդգծեց.- «Սին յայտարարութիւններով ազգերի կեանքը չի կառուցւել: Որքան էլ, որ այսօրւայ իշխանաւորները փորձեն ցոյց տալ, որ Հայաստանը միջազգային գետնի վրայ լաւ ընթացքի մէջ է, մեր ժողովրդի կեանքը լաւ է՝ այդ լաւը յարաբերական է եւ ցուցական, խորքային բան չկայ եւ դրա համար այսօր մենք տառապում ենք ոչ միայն Արցախի այլ նաեւ ինքնանկախ Հայաստանի սահմանների անվտանգութեան պահպանման համար, քանի որ Հայաստանի ներկայ իշխանութիւնը ոչինչ չի անում թշնամուն մեր հողերից դուրս շպրտելու համար»: «Իսկ մենք այսօր պէտք է զօրավիգ կանգնենք մեր Արցախի ժողովրդին եւ կոչ ուղղենք Հայրենի հողում ապրող մեր ժողովրդին, որպէսզի միասնական ճիգով փորձեն ձերբազատւիլ բոլոր այն չար ուժերից, որոնք մեր երկիրը այսօրւան են հասցրել, որպէսզի մեր ժողովուրդը կարողանայ մարդավայել կեանք ապրել»:

Սրբազան Հայրը յայտնեց.- «Ես խորապէս համոզւած եմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը ի լուր Արցախեան լուրերին եւ ի տես Հայաստանի այսօրւայ իրավիճակի արիւն արցունք են թափում, բայց բռնակալ իշխանութիւնը Արցախը պահպանելու փոխարէն զէնքով եւ ոստիկաններով իր գոյութիւնն է պահում: Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այսպէս չի մնալու եւ չի կարող այսպէս շարունակւել, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական զգացումները ու ապրումները եւ հայրենիքի նկատմամբ իր կապւածութիւնը թոյլ պիտի չտայ իրեն, որ ինք միայն ականատեսի իրավիճակում լինի եւ պիտի դիմի ամէն միջոցի, որպէսզի իր պայքարը շարունակի»: «Պայքարը ճիշտ է զէնքով է լինում, բայց միայն զէնքով չէ: Պայքարը լինում է նաեւ կամքով նաեւ համատեղ աշխատանքով: Պայքարը լինում է նաեւ գրչով: Պայքարը լինում է նաեւ բռունցքով: Ես ամէն ձեւի պայքարի կոչ եմ անում մեր ժողովրդին, որտեղ որ կան, որովետեւ ուրիշ միջոց չկայ, միակ միջոցը պայքար է ու պայքարով մենք պիտի կարողանանք իրականացած տեսնել մեր երազանքը եւ իղձերը»: «Աշխարհում սիրելիներ անկարելի բան չկայ: Մարկոս Աւետարանիչը ասում է.-«Հաւատացողի համար անկարելի բան չկայ» եւ եթէ մենք հաւատում ենք, որ Արցախը հայկական է, եթէ հաւատում ենք որ այսօրւայ Հայաստանը մեր պատմական հայրենիքի մէկ մասն է եւ դեռ պիտի ամբողջացնենք այն, եթէ հաւատում ենք, որ մենք պահանջատէր ժողովուրդ ենք եւ պահանջատիրական զգացմունքով պիտի ապրենք մեր կեանքը, եթէ հաւատում ենք, ուրեմն անպայմանօրէն պիտի գայ մի օր երբ մեր այդ հաւատքը իրականութեան պիտի վերածենք եւ մենք պիտի կարողանանք մեր կեանքը տեսնել այդ բոլորին որպէս արդիւնք»: «Մենք պիտի զօրանանք, որպէսզի կարողանանք մեր երազը իրականացած տեսնել: Մենք պարտաւոր ենք տէր կանգնել մեր իրաւունքներին տէր կանգնել մեր Արցախին եւ ինչուչէ նաեւ Հայաստանին եւ վստահ եղէք, որ պիտի կարողանանք անպայմանօրէն յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն եւ հասնել երազած եւ փափագած խաղաղութեան եւ երազների իրականացման»:

«Աստւածային օրհնութիւն ձեր բոլորին, խաղաղութիւն եւ օրհնութիւն շրջապատման մէջ եղող Արցախի մեր ժողովրդին, մեր հերոսածին ժողովրդին եւ խաղաղութիւն նաեւ ողջ աշխարհին»:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ