Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի 2023 թ. Յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ 2023 թ. Յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:
Այս ուղղութեամբ շաբաթ թւականիս յունւարի 21-ին, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Նորայր Արամեանի Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Համայնքիս Միութիւնների ու Եկեղեցական խորհուրդների նախագահների եւ դպրոցների ու մանկապարտէզ-նախակրթարանների տեսուչ-փոխտեսուչների հետ:
Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:
Սրբազան Հայրը անդրադառնալով Արցախում տիրող տագնապալի իրավիճակին եւ տեղի ունեցող զարգացումներին ընդգծեց, որ հարկ է գործօն մասնակցութեամբ, միացեալ ծրագրաւորումով ու հաւաքական աշխատանքով զօրաշարժի ենթարկել մեր ժողովուրդի զաւակներին ի խնդիր Արցախի փրկութեան:
Պրն. Նորայր Արամեանը անդրադառնալով նախաձեռնութիւններին յայտնեց, որ ծրագրերի շարանում կազմակերպւել է ՀԱՆՐԱՀԱՒԱՔ, որը տեղի է ունենալու ուրբաթ թւականիս յունւարի 27-ի առաւօտեան ժամը 11։30-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նաեւ կազմակերպւել է ստորագրահաւաք՝ պարսկերէն բնագրով, որը յանձնւեց հանդիպմանը ներկայ ներկայացուցիչներին:
Սրբազան Հայրը կոչ ուղղեց ներկաներին, խուռներամ շարքերով մասնակցելու հանրահաւաքին ի զօրակցութիւն Արցախի եւ Արցախահայութեան: Նա յայտնեց, որ հարկ է կարելին ի գործ դնել ազդու միջոցներով օտար շրջանակներում քարոզչական աշխատանքի լծւելու ուղղութեամբ իսկ անդրադառնալով մեր հայրենակիցների անմիջական կարիքների եւ նիւթական օժանդակութեան նշւեց, որ դա կը նախաձեռնւի այն վայրկեանից երբ հնարաւորութիւնը լինի:
Հանդիպման աւարտին տեսակէտներ հնչեցին տարբեր նախաձեռնութիւնների կապակցութեամբ, որոնց իրականացման հնարաւորութիւնները լինելու դէպքում կը տեղեկացւի հանրութեան:
Խուռներամ շարքերով մասնակցենք ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻՆ՝
«ԱՐՑԱԽԸ ՄԵԶ Է ԿԱՆՉՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՆ»
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ