ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՄԵԾԱՐՒԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրւարի 2-ին, համայն Իրանում յարգեցին նահատակների յիշատակը: Այդ առիթով՝ Թեհրանում զրադաշտների գերեզմանատանը կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին կազմակերպւել էր յարգանքի միջոցառում, որը ի դէպ որպէս կրօնական փոքրամասնութիւնների նահատակների իւրայատուկ միջոցառում համարւում էր 17-րդը եւ ամէն տարի փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատանն է կազմակերպւում:

Ծրագրին ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր դոկտ. Էխթիարին, Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գլխաւոր տնօրէն Աբբասալի Ռեզային եւ Թեհրանի նահանգապետարանի քաղաքական ու անվտանգութեան հարցերով տեղակալ Մոհսէն Նայեբին, որոնք կարեւորեցին կրօնական փոքրամասնութիւնների անմնացորդ դերը՝ Իրանի յեղափոխութեան յաղթանակի եւ պարտադրեալ պատերազմի տարիներին, ընդգծելով բոլոր իրանցիների միասնականութիւնը, յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան: Ծրագրի ընթացքում իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութիւնից խորհրդանշական ձեւով գնահատւեց մէկ նահատակի ներկայացուցիչ:

Միջոցառմանը, որին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ ու հոգեւոր ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Հայրիկ Աղանեանը, Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը եւ հայ նահատակների հարազատներ, նահատակների ու անձնուրացների կառոյցում Վալի Ֆաղիհի ներկայացուցիչը, երկրի պետական ու զինւորական ներկայացուցիչներ եւ նահատակների ընտանիքներ, բոլորը ծաղիկներ տեղադրելով նահատակների շիրիմներին յարգանքի տուրք մատուցեցին նրանց յիշատակին, նաեւ զինուժի ուղղաթիռներով ծաղիկներ թափւեցին նահատակների շիրիմների վրայ:

Լուրը՝ «Ալիք»-ից