Շաբաթ ապրիլի 23-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Ազիմ Բաբայիի, Թեհրանի հայոց թեմի Կրթական Խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի, Առողջութեան վարչութեան պետ՝ դոկտ. Էսմայիլիի, Թեհրանի 3-րդ թաղամասի քաղաքապետ՝ պրն. Աֆրաշի, «Բեհջաթաբադ» քաղաքամասի շորաեարիի քարտուղար՝ դոկտ. Մոաֆիի, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան գերատեսչութեան առողջութեան վարչութեան պետ՝ պրն. Սադրիի, ինչպէս նաեւ Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի տարրական ուսման, միջնակարգ ուսման եւ դաստիարակչական ու մարմնակրթական հարցերով տեղակալներ՝ տիկ. Սամադիի եւ պարոնայք Էսֆանդեարիի ու Էրֆանիի և այլ ներկայացուցիչների ներկայութեամբ «Առողջութեան զանգ»-ը հնչեց «Արաքս» օրիորդաց կրթահամալիրում:
Այս տարի առողջութեան շաբաթը նշւում է «Շաքարախտի յաղթահարում» նշանաբանով: Այդ օրւայ կարգախօսն էր «Շաքարախտի յաղթահարումը առողջ սննդի ու մարմնային ակտիւութեան միջոցով»:
Յիշեցնենք, որ նաեւ կազմակերպւել էր «Առողջ եղէք, որ չտառապէք շաքարախտով» թեմայով աշակերտների նկարչութիւնների, ինչպէս նաեւ առողջութեան ու տարբեր հիւանդութիւնների մասին գրքերի ու պրակների ցուցահանդէսներ: Դեղաբոյսերի տաղաւարում ցուցադրւել էին առողջ եւ օրգանական արտադրանքներ:
Միջոցառումը սկսւեց աշակերտութեան միջոցով տէրունական աղօթքով ու ԻԻՀ-ի հիմնի կատարմամբ: Այնուհետեւ ներկաներին ողջունեց կրթահամալիրի տեսչուհի՝ Անի Մանուկեանը:
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Ազիմ Բաբային իր արտայայտութիւններում նշեց, որ աշակերտութիւնը ապագայ կերտող սերունդն է և աւելացրեց. «Առողջութեան շաբաթւայ ընթացքում գլխաւոր գերակայութիւններն են քաղաքային կառավարումը, ինչպէս նաև քաղաքացիների ու ձեր՝ աշակերտութեան, առողջութեան հանդէպ մասնաւոր ուշադրութիւնը: Մենք ջանք ենք գործադրում ձեր՝ երեխաների, օգնութեամբ գործադրելով ՛՛Սպիտակ գիծ՝ կապոյտ երկինք եւ մաքուր Երկիր՛՛ և ՛՛Անվտանգութեան գօտու ամրացման՛՛ երկու կարգախօսներն առաւել լաւ պայմաններ ստեղծել քաղաքում»:
Այնուհետեւ աշակերտները հանդէս եկան սննդի առողջութեան թեմայով ներկայացումներով ու արտասանութիւններով: Վերջում աշակերտութեանը բաժանւեցին առողջ նախաճաշի փաթեթներ ու համապատասխան պրակներ: Նաև դպրոցի ուսուցիչներն ու ներկայ ծնողները ենթարկւեցին արեան ճնշման ու արեան շաքարի ստուգման քննութեան:
{gallery}201604/2016042601{/gallery}