Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՒ ԴՌՆԲԱՑԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչին երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:

Ուստի կիրակի, 2 ապրիլ 2023-ի առաւօտեան մեծ հանդիսութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց մեր Փրկչի՝ Քրիստոսի յաղթական մուտքը խորհրդանշող Ծաղկազարդը:

Ս. Սարգիս եկեղեցում Ս. պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.-«Այսօր ողջ քրիստոնեայ աշխարհը տօնում է Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ. մի դրւագ, որ ինչպէս Աւետարանը կը պատմէ մեզի Քրիստոսի կեանքի ամենէն յատկանշական եւ իմաստալից պահերից մէկն է»: Նա յաւելեց, որ.-«Քրիստոս երկրաւոր իր կեանքի վերջին հանգրւանին Երուսաղէմ մտաւ, որպէսզի Երուսաղէմ քաղաքում մի անգամ եւս հաստատէ, որ ինքը սպասւած մեսիան է, որ ինքը թագաւորն է, ով եկել է աշխարհ, որպէսզի հաստատէ հոգեւոր այն արքայութիւնը, որին մուտք պիտի գործէին բոլոր նրանք, ովքեր մանուկների նման մաքրամաքուր հոգի ունէին եւ պատրաստւում էին իրենց Տիրոջ դիմաւորելու»: Նա յաւելեց.-«Ծաղկազարդի խորհուրդը շատ իմաստալից է եւ միեւնոյն ժամանակ մեզ բոլորին առաջնորդում է մտածելու Քրիստոսի առաքելութեան մասին. Քրիստոս աշխարհ եկաւ որպէսզի մարդկութեանը, որը հեռացած էր Աստծուց կրկին անգամ Աստծուն վերադարձնել եւ ահա Երուսաղէմ իր յաղթական մուտքով հրաւիրում էր ժողովրդին, որպէսզի իրենք Քրիստոսին ընդունէին, որպէս իրենց տէրը եւ փրկիչը: Հետեւաբար գարնանաբոյր այս օրերին, բնութեան ծաղկումի եւ կերպարանափոխման հետ մենք նաեւ պիտի վերանորոգենք մեզ՝ մեր հոգու մէջ ընդունելով, Քրիստոս իբրեւ իշխան, իբրեւ մարգարէ եւ իբրեւ թագաւոր»:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար եւ յայտնեց.-«Ծաղկազարդեան այս տօնը մեզ յուշում է, որ մենք պարտականութիւն ունենք մեր նոր սերունդի նկատմամբ, պարտականութիւն ունենք նրանց առաջնորդելու առ Աստւած, որպէսզի հետագային լիակատար անդամները դառնան Քրիստոսի եկեղեցու եւ դառնան տիպար մայրերը եւ հայրերը մեր ժողովրդի»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին անդրադարձաւ Հայրենի երկրում տիրող իրադարձութիւններին եւ ասաց․-«Մենք այսօր տօնում ենք մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ գալուստը, սակայն մեր սրտերը տխուր են եւ մեր հոգին մելամաղձոտ է, քանի որ մեր ժողովուրդը գտնւում է իր պատմութեան ամենաճակատագրական՝ անորոշ եւ անբաղձալի հանգրւանում, սակայն ինչպէս ասւում է՝ ամպանած երկինքը անպայմանօրէն մի օր կը պայծառանայ եւ մութ ու գորշ ամպերը կը փարատւեն մեր Հայրենիքի երկնակամարից եւ մենք նորից լուսաւոր ու պայծառ երկնակամարի ներքեւ կոգեկոչենք մեր փրկչի յաղթական մուտքը Երուսաղէմ:

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, մանուկների ու հաւատացեալների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց եւ Առաջնորդարանի շրջափակում, մանուկներին բաժանեց Եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած նւէրները:

Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը ներկայ էր Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Նոյն օրը յետմիջօրէին, տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «ԴՌՆԲԱՑԷՔ»-ը: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով, որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով, ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Այս արարողութիւնը մեզ յուշում է վերջին դատաստանի պահը, յուշում է մեզ, որ մենք մեր կեանքի ընթացքում միշտ ենթակայ ենք մեղքի, ուստի մղում է, որ խոստովանութեամբ դիմենք Աստծուն, որպէսզի մեզ արժանացնէ իր սիրոյն եւ մեղքերի թողութեան եւ դրանով մենք կարողանանք մաքուր հոգով եւ սրտով դիմաւորել իր Հրաշափառ Յարութեանը:

Յիշեցնենք, որ Դռնբացէքի այս արարողութիւնը միայն հայ եկեղեցու յատուկ արարողութիւնն է:

Նշենք, որ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը Ծաղկազարդ տօնի առիթով պատարագեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցում իսկ Դռնբացէքի առիթով՝ Ս. Սարգիս եկեղեցում։

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ