ԿԱՆԱԴԱՅԻ ՄԵՆՈՆԱՅԹ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, 17 յունիս 2023 թւականի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Ղոմի Կրօնագիտութեան համալսարանի յատուկ հրաւէրով Կանադայից Իրան ժամանած Մենոնայթ եկեղեցու համալսարանների երեք դասախօսներին գլխաւորութեամբ՝ Հարրի Հիւբների (Harry Huebner), որին ընկերակցում էին Էմի Ֆրիկհոլմ (Amy Frykholm), Տիմ Ռեարդօն (Tim Reardon) եւ Քրիս Հիւբնէրը (Chris Huebner):

Սրբազան Հայը ջերմօրէն ողջունեց հիւրերին, որոնց հետ ունի վաղեմի ծանօթութիւն եւ մի քանի առիթներով այցելել է իրենց Կանադային Վինպեգ համալսարանը եւ Նիւ Եորքի իրենց գրասենեակի կենտրոնը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Մենոնայթ եկեղեցու եւ Ղոմի կրօնական կենտրոնների միջեւ զարգացող յարաբերութիւնը:

Սրբազան Հայրը յատուկ բացատրութիւններ տւեց նաեւ հայ եկեղեցու եւ ժողովրդի պատմութեան մասին շեշտելով միաժամանակ Իրանի Իսլ. Հանրապետութեան բարեացակամ վերաբերմունքը այլ կրօնների նկատմամբ: «Իրանը վաղուց եղել է օրրանը տարբեր կրօնների եւ միշտ քաջալեր է հանդիսացել կրօնների երկխօսութեան».- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Հանդիպումից յետոյ հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի եւ ապա հրաժեշտ տալով Սրբազանին, վերադարձան Ղոմ քաղաք:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ